Այսօր 3392 դիմորդներ քննություն են հանձնում ֆիզիկայից

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 19, 2012 12:06

Այսօր  3392 դիմորդներ  ՀՀ և ԼՂՀ 18  քննակենտրոններում քննություն են հանձնում ֆիզիկայից: Քննությունը մեկնարկել է առավոտյան 9:30-ին և կավարտվի 12:30-ին:

Ֆիզիկայից շտեմարաններ չկան, այնպես որ թեստերի բովանդակությանը դիմորդներն անծանոթ են:

ԵՊՀ քննակենտրոնում այսօր 356 դիմորդներից ներկայացել են  331-ը, 25-ը բացակայում են: Դիմորդներից մեկն էլ քննության մեկնարկից 15 րոպե անց նոր միայն տեղ հասավ, քննական կարգի համաձայն նրան ներս չթողեցին: Վերջինս կկարողանա քննություն հանձնել լրացուցիչ փուլով:

ԵՊՀ քննակենտրոնի ղեկավար Նելսիկ Էլոյանն ասում է, որ  սովորաբար առաջին 1-2 ժամերին քննակենտրոնում հանգիստ է, դիմորդներն իրենց իմացած հարցերին են պատասխանում, որից հետո արդեն սկսում են միմյանցից հարցնել` աղմկելով ու միմյանց խանգարելով:  «Իսկ մենք կոչված ենք դա արգելելու և թույլ չտալու»,- ասում է Էլոյանը` հավելելով, որ  որպես կանոն դիմորդներին դուրս չեն հանում քննասենյակից, բավարարվում են նկատողություն տալով:

Էլոյանը կարևորում է նաև մանկավարժների ներկայությունը քննասենյակում` նշելով, որ վերջիններս առանձնահատուկ մոտեցում են ցուցաբերում. «Եթե մենք` կազմակերպիչներս, խաղաղ ենք գալիս կենտրոն,  քննությունն էլ հանգիստ, առանց լարվածության է անցնում»:

Քննության արդյունքները հայտնի կդառնան հնգօրյա ժամկետում: Գնահատականների հրապարակման հաջորդ օրն էլ տեղի կունենա բողոքարկումը:

Իսկ քննական թեժ շրջանին օրեր են մնացել` հունիսի 22-ին տեղի կունենա հայոց պատմության և քիմիայի միասնական քննությունը, որով և կավարտվի քննությունների  առաջին փուլը:

Դիտվել է 1039 անգամ:
Print Friendly

Leave a Reply