Հայաստանում հուշարձանները տղամարդկանցից շատ են

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 15, 2009 12:18

12345...

Մոտ 5 տարի հետո Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի հարակից 3 հա տարածքը կդառնա թանգարան: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն ասում է, որ ակնկալում են Քարաշամբում գտնել մթա 22-րդ դարի և նաև ավելի վաղ թվագրված դամբարանաբլուրներ և մշակութային հուշարձաններ:

10 օրից Քարաշամբում կսկսվեն հնագիտական պեղումները:

Ներկայումս պեղումներ են ընթանում նաև Նոր Նավեր կոչվող տարածքում (Աշտարակից Գյումրի տանող ճանապարհին), որտեղ արդեն իսկ բացահայտվել են մթա 22-21-րդ դարերի հուշարձաններ:

Ավետիսյանի խոսքերով`Հայկական բարձրավանդակում Վանի թագավորությունից (մթա 15-րդ դար) առաջ էլ գոյություն են ունեցել պետական կազմավորումներ. առաջին պետությունը ստեղծվել է 25-րդ դարից հետո: Այս դարաշրջանին վերաբերող արքայական, ազնվականնների և սովորական մարդկանց բազմաթիվ դամբարանաբլուրներ են հայտնաբերվել. համեմատության միջոցով հնարավոր է դարձել պատկերացում կազմել այդ ժամանակվա հավատալիքների և կենցաղի մասին (օրինակ` մարդկանց էմբրիոնի դիրքով են /մոր արգանդում եղած դիրքով/ հուղարկավորել, որպեսզի հետագայում վերածնվեն մայր հողից, արքայի և հարուստների հետ թանկարժեք իրեր և նաև կենդանիներ են թաղել):

Հայկական լեռնաշխարհում առաջին բնակավայրերը, ըստ Ավետիսյանի, ստեղծվել են դեռևս մթա 11-րդ հազարամյակում, Տավրոսի լանջերին է մարդն առաջին անգամ ցորեն ու գարի մշակել. լեռնաշխարհի հարավ-արևմուտքը նեոլիթյան հեղափոխության կենտրոն է համարվում: Մինչ պետությունների կազմավորումն այստեղ ծաղկում է ապրել Կուր-Արաքսյան մշակույթը, որը տարածվել է նաև հարևան տարածաշրջաններում. ողջ հայկական լեռնաշխարհում սփռված են հնագույն մշակույթների «վկաները»:

«Եթե Հայաստանի տղամարդկանց 60 տոկոսին արդեն իսկ բացահայտված հուշարձաններին պահակ նշանակենք, էլի քիչ կլինի մեզ հասած հուշարձանների միայն մի փոքր մասն է այսօր բացահայտված»,-ասում է Ավետիսյանը` հավելելով, որ ամեն օր մի քանի տասնյակ հուշարձաններ են կորսվում. մարդիկ չեն գիտակցում դրանց կարևորությունը, հաճախ էլ միտումնավոր են ոչնչացնում:

Դիտվել է 1346 անգամ:
Print Friendly

Leave a Reply