Գագիկ Բեգլարյանը լավ նախարար կլինի. Գագիկ Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 18, 2012 17:03


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի համոզմամբ Կառավարության գործունեության ծրագրում կարևորվում է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների, նրանց դիրքի չարաշահման ու “օլիգոպոլիա” երևույթի դեմ տարվող պայքարը:
“Իհարկե, այս ոլորտում բավական խնդիրներ կան, որոնք ժամանակի ընթացքում պետք է լուծվեն: Մեր ծրագրում օլիգոպոլիայի դեմ իրականացվող պայքարի երեք կետ կա: Սակայն ես գտնում եմ, որ առանց այդ խնդրի արտահերթ լուծման, ըստ էության, Կառավարության գործունեության ծրագրի արդյունավետ իրականացումը բացառվում է”,- գտնում է պատգամավորը:
Մինասյանը նաև նկատեց, որ այն խնդիրները, որոնք լուծվում են երկրի ներսում, ոչ միայն երկրի հետ են կապված, այլև գլոբալ են, ինչպես, օրինակ, համաշխարհային ճգնաժամը. “Մենք պատրաստ ենք իրագործել այն խնդիրները, որոնք չեն ավարտվել և առավել հրատապ լուծում են պահանջում: Սակայն, եթե Աստված չանի, մի նոր ճգնաժամ սկսվի, որից Հայաստանն անմասն չմնա, Կառավարությունը պետք է վերանայի իր ծրագրերը”:
Ինչ վերաբերում է Գագիկ Բեգլարյանի` Տրանսպորտի և կապի նախարար նշանակվելուն` Գագիկ Մինասյանն ասաց, որ Բեգլարյանը կառավարման բնագավառում մեծ փորձ ունի, եղել է Կենտրոն համայնքի ղեկավար, Երևանի քաղաքապետ, ու ըստ Մինասյանի, իրեն բավականին լավ է դրսևորել այդ պաշտոններում, ուստի պատգամավորը չի բացառում, որ այս ոլորտում ևս Բեգլարյանը կկարողանա ծավալել բեղուն և արդյունավետ գործունեություն. “Ղեկավարել Երևանի քաղաքապետարանը` լուրջ կազմակերպչական ջանքեր է ենթադրում, և ես համոզված եմ, որ այն խնդիրները, որ դրված են նրա առջև` որպես կառավարության անդամ, ևս կկատարի հաջողությամբ:”
Անդրադառնալով նաև Վարդան Օսկանյանի շուրջ ծավալված իրադարձություններին` Մինասյանը նշեց, որ Օսկանյանի խնդիրը քաղաքական ենթատեքստ չունի, և համարեց, որ մենք` բոլորս, պետք է առաջնորդվենք անմեղության կանխավարկածով. “Օսկանյանն օժտված է անմեղության կանխավարկածով, և այս տեսակետից ինձ համար ընկալելի չէ, որ տարատեսակ լրատվամիջոցներ փորձում են չարախնդալ կամ կանխատեսել այն զարգացումները, որոնք, կարծում եմ` իրատեսական չեն”: Բացի այդ, խնդիրը գտնվում է իրավական հարթության մեջ, և քանի դեռ այն իր իրավական հարթության մեջ լուծումներ չի ստացել, տեղափոխել այն քաղաքական դաշտ, ըստ Մինասյանի, ճիշտ չէ. “Երբ իրավական հարթությամբ խնդիրը լուծվի, դրանից հետո նոր հնարավոր է տեսնել, որ այդտեղ իրավական խնդիր չկա”:

Վահե Մակարյան

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply