Տիգրան Սարգսյանը քաղաքաշինության նախարարությունում սահուն փոփոխություն է ակնկալում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 18, 2012 12:14

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 18-ին ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Սամվել Թադեւոսյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարչապետը նախարարին բնութագրեց որպես «փորձառու մասնագետ, ով անցել է մեծ ճանապարհ»: «Սամվել Թադեւոսյանը տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, նրա աշխատանքային փորձը, գիտելիքները համապատասխանում են այն պահանջներին, որ դրվում են նախարարի առջեւ»,- նշեց վարչապետը: Նա ցանկություն հայտնեց, որ նախարարների փոփոխությունը լինի սահուն եւ նորանշանակ նախարարը կարողանա լիարժեք կերպով անցնելու իր պարտականությունների կատարմանը: Կառավարության ղեկավարը հույս հայտնեց, որ աշխատակազմը պատրաստ է ապահովելու նախարարության բնականոն գործունեությունը:

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Վարդան Վարդանյանին` թե որպես մասնագետի, թե որպես գործընկերոջ, ում պաշտոնավարման օրոք իրականացվել են երկրի պատմության մեջ ամենամեծածավալ շինաշխատանքները, որոնց արդյունքում աղետի գոտում որակական փոփոխություններ են կատարվել: «Նախարարության առջեւ այսօր դրված են նոր խնդիրներ. շինարարության ոլորտում լավագույն չափանիշների ներդրում, միջազգային ստանդարտներին համապատասխանեցում»,- նշեց վարչապետը:

Նախկին նախարար Վարդան Վարդանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին` անցած հինգ տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Նորանշանակ նախարար Սամվել Թադեւոսյանը համոզմունք հայտնեց, որ նախարարությունը կհաղթահարի իր առջեւ դրված բոլոր խնդիրները:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով հունիսի 16-ին նոր նախարարներ են նշանակվել: Հայաստանում կառավարության կազմն ամբողջովին հայտնի է:

Դիտվել է 909 անգամ:
Print Friendly

Leave a Reply