Առողջապահության նորանշանակ նախարարը խոստանում է արդարացնել վստահությունն իր հանդեպ
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 18, 2012 12:10
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առողջապահության նախարարության աշխատակազմին հունիսի 18-ին ներկայացրեց նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանին: «Համոզված եմ, որ ձեզանից շատերը ճանաչում են Դումանյանին, քանի որ նա առողջապահության ոլորտում հայտնի մարդ է, իր փորձով եւ գիտելիքներով վայելում է թե համակարգի մասնագետների, թե հանրապետության նախագահի վստահությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց վարչապետը:
Նրա խոսքով` Դումանյանի կազմակերպչական եւ մարդկային հատկանիշները նրա նկատմամբ ստեղծում են վստահության լուրջ հենք: Սարգսյանը նորանշանակ նախարարին մաղթեց բեղմավոր աշխատանք, նաեւ շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Հարություն Քուշկյանին` կատարած աշխատանքի համար: Քուշկյանի` առողջապահության ոլորտում սկսած աշխատանքը, վարչապետի բնորոշմամբ, բավական մեծ փուլ էր, որը վերաբերում էր ֆինանսական մեխանիզմների կատարելագործմանը, հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը, տարիների ընթացքում մեծածավալ շինարարական աշխատանքների իրականացմանը:
«Առաջիկա տարիների համար երկու կարեւոր խնդիր է դրվում. առաջինը պետք է բարելավվի ծառայությունների որակը, դա նշանակում է ոչ միայն ժամանակակից սարքավորումներ, շինարարական աշխատանքներ, այլեւ մասնագիտացած բուժսպասարկող անձնակազմ, որոնք պետք է հնարավորություն ունենան վերապատրաստումներ անցնել աշխարհի լավագույն բուժհաստատություններում»,- ընդգծեց Տիգրան Սարգյսանը: Նա նշեց, որ բարեփոխումների երկրորդ ուղղությունը` քաղաքացիներին որակյալ առողջապահական ծառայություններից օգտվելու հնավարություն ընձեռելն է:
«Գաղտնիք չէ, որ հաճախ քաղաքացիները խուսափում են դիմել առողջապահական հիմնարկների, քանի որ չունեն համապատասխան ֆինանսական միջոցներ կամ չեն հետեւում առողջությանը: Մեր գերակա խնդիրն է լինելու առողջապահական ծառայությունները հասանելի դարձնել բոլոր քաղաքցիների համար»,- շեշտեց վարչապետը` հավելելով, որ ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է լինի պատճառ համապատասխան բուժօգնություն չստանալու համար:
Իր հերթին նորանշանակ նախարարը շնորհակալություն հայտեց ՀՀ նախագահին եւ վարչապետին վստահության համար: «Ես կփորձեմ արդարացնել այդ վստահությունը, շնորհակալություն ՀՀԿ-ի գործադիր մարմնին իմ թեկնածությունն առաջադրելու համար»,- ասաց Դումանյանը: Նա հավելեց, որ ԱՆ գլխավոր նպատակն է, որ յուրաքանչյուր մարդ մատչելի եւ որակյալ առողջապահական ծառայություններով ապահովվի:
Դումանյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով հունիսի 16-ին նշանակվել են կառավարության անդամները:






Facebook
Tweet This
Email This Post
