«ԱԺ քաղաքական ուժերի ծրագրերը և օրենսդրական գործունեությունը հակասում են իրար»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 23, 2009 16:45

ԱԺ-ում ընդգրկված 5 կուսակցությունների նախընտրական քաղաքական ծրագրերը չեն համապատասխանում նրանց օրենսդրական գործունեությանը (խոստանում են որևէ բան ու քվեարկելիս անում հակառակը ). այսպիսին է լրագրողական և փորձագիտական խմբի` ԱԺ-ի 2008 աշնանային և 2009 գարնանային նստաշրջանի աշխատանքների դիտարկման եզրակացությունը:

Դիտարկումն իրականացվել է «Աժ-ում ներկայացված քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորել է Բաց հասարակության ինստիտուտը: Ծրագրի շրջանակներում դիտարկվել են ԱԺ-ի կողմից ընդունված 10 օրինագծերը, որոնք վերաբերում են տնտեսական, բնապահպանական, դատաիրավական, տեղեկատվական, կրոնի և խղճի ազատության ոլորտներին:

Ծրագրի հեղինակային խմբի ներկայացուցիչ Տիգրանուհի Ղևոնդյանն ասում է, որ կուսակցությունները քննարկումների և քվեարկությունների ժամանակ հիմնականում չեն ցուցաբերում սկզբունքային դիրքորոշում, «Կոալիցիոն պայմանավորվածությունները կուսակցությունների համար վեր են ամեն ինչից, այդ պայմանավորվածություններին ստորադասվում են սեփական ծրագրերը, մոտեցումները, երբեմն անգամ կուսակցության դեմքը պահպանելը»:

Նրա խոսքով` խորհրդարանի գործունեության 1-ին տարում գոնե որոշակի առնչություններ կային կուսակցությունների գործունեության և նրանց նախընտրական ծրագրերի միջև, ինչը բոլորովին չկա 2008-ի աշնանային նստաշրջանից: «Փաստորեն, կուսակցություններն առնվազն 1 տարով հետաձգել են իրենց ծրագրերի իրականացումը` դրանք մի կողմ դնելով»,- նշում է Ղևոնդյանը:

Բնապահպան Կարինե Դանիելյանն ասում է, որ ԱԺ-ում ընդգրկված քաղաքական ուժերից միայն ՀՀԿ-ն իր ծրագրում չի անդրադարձել էկոլոգիական խնդիրներին: Մյուս կուսակցություններն ունեն էկոլոգիական խնդիրներին նվիրված բաժին, հաճախ առանձին են անդրադառնում նաև Սևանի հիմնախնդրին: 2008-ին, սակայն, ըստ Դանիելյանի, Ժառանգությունից բացի բոլորը կողմ քվեարկեցին Սևանա լճից հավելյալ ջրառի նախագծին:

Դանիելյանն ասում է, որ Ժառանգություն խմբակցությունը հատուկ քննարկումներ էր կազմակերպել, որի ընթացքում պարզ էր դարձել, որ հավելյալ ջրառի կարիք չկա, և դրա կողմնակիցների բոլոր փաստարկները հիմնավորումներ չունեն: «Երաշտային տարի չէր, ջրամբարները դատարկ չէին և նախորդ տարիների համեմատությամբ ավելի բարվոք վիճակում էին, չէին ավելացել նաև մշակվող գյուղատնտեսական տարածքները, ջրառի համար որևէ լուրջ հիմնավորում չկար,-ասում է Դանիելյանը,- իրենց ծրագրում մի բան է ասվում, քվերակությամբ՝ մի այլ բան»:

Փորձագետները նշում են, որ հակասություններ կան բոլոր ոլորտներում: «Արտոնավճարների մասին օրենքը, որին կողմ քվերակեց ՕԵԿ-ը, հակասում է նրա ծրագրի փիլիսոփայությանն անգամ»,-ասում է տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը:

Ծրագրի հեղինակային խմբի ներկայացուցիչ Լուսինե Վասիլյանն էլ նշում է, որ կուսակցությունների ծրագրերում դատաիրավական ոլորտին վերաբերող ձևակերպումներն ընդհանրական են, ինչպես, օրինակ, «նպաստել իրավական համակարգի կայացմանը»:

Դիտվել է 1255 անգամ:
Print Friendly

Leave a Reply