Կայացավ «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ի գործով դատական նիստը

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | June 16, 2012 16:09

Հունիսի 15-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ի գործով դատական հերթական նախնական նիստը:

Նիստի ընթացքում դատարանը փորձում էր պարզել, թե ի վերջո կան վարույթին վերաբերող նյութեր, թե ոչ:

Վարչական դատարանին ի պատասխան քրեական դատարանից ուղարկվել էր ողջ քրեական գործը` վեց հատորով: Քանի որ այն չափազանց ընդարձակ էր, վարչական դատարանի դատավոր Մկոյանը ընդմիջեց նիստը, որպեսզի հարկային մարմինն առանձնացնի այն հատվածը, որն առնչվում է վարչական դատարանում քննվող գործին, այսինքն` առանձնացնի վարույթին առնչվող նյութերը:

Ընդմիջումից հետո պարզվեց, որ հարկային մարմնի ներկայացուցիչների ընկալմամբ վարչական վարույթի նյութերը կազմում են առնվազն չորս հատորը՝ առանց մատմանշելու, թե ինչպիսի փաստաթղթեր կան, եւ որն է այդ չորս հատորը վեցից տարանջատելու պատճառը: Բերված միակ պատճառն այն է, որ վարչական ակտը գտնվում է չորրորդ հատորում, հետեւաբար  մինչ այդ եղած բոլոր փաստաթղթերը վերաբերում են վերստուգման ակտին:

Դատարանն ի վերջո որոշեց գործին անձամբ ծանոթանալ, որ հասկանա՝ որքանով է քրեական գործն առնչվում իր վարույթում գտնվող վարչական գործին:

«Ես կարծում եմ, որ վարչական նյութեր, որպես այդպիսին, գոյություն չունեն:  Դատարանը բոլոր հնարավոր եւ անհնար շանսերը տվեց վարչական մարմնին դրանք ներկայացնելու համար, եւ հիմա մենք պետք է թեւակոխենք դատաքննության փուլ»,-ասաց «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ ներկայացուցիչ, փաստաբան Գեւորգ Չաքմիշյանը:

Սույնով ստացվում է, որ ընկերության դեմ կազմվել է վերստուգման ակտ ՀՀ ՊԵԿ-ի կողմից, սակայն չկա առ այսօր որեւէ փաստաթուղթ, որը հիմք է հանդիսացել այդ վերստուգման ակտի կազմման համար:

«Քրեական գործը հարուցվել է, եւ եթե պարզվի, որ վարչական գործով ստուգման ակտն անվավեր է, ստացվում է, որ քրեական գործ հարուցելու կարիք եւս չկար, այսինքն՝ Նարեգ Հարթունյանի եւ նրա երկու աշխատակիցների դեմ քրեական գործ հարուցելը եւս անիմաստ էր,  նրանց կալանավորելն արդեն այլ որակումներ է ձեռք բերում»,- ընդգծեց «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ մյուս ներկայացուցիչ, փաստաբան  Անի Թորոսյանը՝ նշելով, որ այս  գործերը՝ թե քրեական, թե վարչական, ստեղծված են առանց իրավական հիմքերի:

Դիտվել է 1645 անգամ:
Print Friendly

Leave a Reply