Շառլ Ազնավուրը հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | June 16, 2012 15:41

     Ս.թ. հունիսի 13-ին Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրը հանդիպեց Միգրացիայի միջազգային կազմակերպության  գլխավոր տնօրեն Ուիլյամ Սվինի հետ: Հանդիպմանը մասնակցեց նաև աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Գլխավոր տնօրենը ներկայացրեց կազմակերպության ընդհանուր գործունեությունը և Հայաստանում իրականացվող ծրագրերը: Երկուստեք գոհունակություն հայտնվեց կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ընթացքից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Սփյուռքի և միգրացիայի թեմաներին: Գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ աշխարհի 26 երկրներ ունեն Սփյուռքի նախարարություններ, և որ ՄՄԿ-ն 2013թ. գարնանը նախատեսում է կազմակերպել Սփյուռքի նախարարների հանդիպում, որին հրավիրեց մասնակցելու նաև տիկին Հակոբյանին:

ՀՀ Սփյուռքի նախարարը տեղեկացրեց, որ 2011թ-ին Հայաստանում արդեն իսկ կազմակերպվել է նմանատիպ մի համաժողով` «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» խորագրով, որին մասնակցել են ներկայացուցիչներ աշխարհի 18 երկրներից և իր պատրաստակամությունը հայտնեց` հայկական փորձը, համաժողովի ամփոփիչ զեկույցը և այլ անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել  կազմակերպությանը:

Հ.Հակոբյանը ներկայացրեց հայկական սփյուռքի ձևավորման պատմությունը, արդի խնդիրները և հայրենիք-սփյուռք փոխհարաբերությունները:

Հանդիպման ավարտին դեսպան Ազնավուրը և նախարար Հակոբյանը կազմակերպության գլխավոր տնօրենին հրավիրեցին այցելել Հայաստան, ինչին պարոն Սվինը արձագանքեց պատրաստակամությամբ:

Դիտվել է 1574 անգամ:
Print Friendly

Leave a Reply