Սամվել Նիկոյանը սովորական պատգամավոր մնաց
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 16, 2012 13:59Ազգային ժողովի նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Սամվել Նիկոյանը երեկ` հունիսի 15-ին կայացած ՀՀԿ նիստին գնալիս արդեն գիտեր, որ գործադիր չի գնալու եւ մնալու է որպես պատգամավոր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է անձամբ Սամվել Նիկոյանը: Հարցին, թե ինչպես եք վերաբերում այդ որոշմանը՝ որպես ԱԺ նախկին նախագահ, նեղացվածություն չկա, որ զբաղեցնելու եք պատգամավորի պաշտոն, նա պատասխանել է. «Կուսակցության ղեկավար մարմնի որոշումն էր, որին նորմալ պետք է վերաբերվել: Սա նշանակում է, որ կուսակցության ղեկավար մարմինը, կուսակցության ղեկավարը գտնում է, որ ես պառլամենտում անելիք ունեմ: Պետք է շատ հանգիստ ու նորմալ վերաբերվել դրան, որ 131 պատգամավորներից մեկն ես դու»,- ասել է նա:
Նա նշել է, որ պատգամավոր լինելը շատ լավ բան է, այդ աշխատանքը իրեն հետաքրքիր է, եւ կյանքը չի վերջանում: Տարածված տեղեկություններին, թե նախարար չնշանակվելու եւ պատգամավոր մնալու մեջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մատն է խառը, քանի որ նա վրեժ է լուծում նրանից` ԱԺ նախագահ եղած ժամանակ իր կադրերից ազատվելու համար, Սամվել Նիկոյանը պատասխանել է. «Բացարձակապես ոչ: Զարմանում եմ, որ հարում եք դավադրությունների տեսությանը, հանգիստ նայեք այդ պրոցեսին, առջեւում նախագահական ընտրություններ են, որից հետո նորից նոր Կառավարություն է ձեւավորվելու, պատգամավոր լինելն էլ է պատվաբեր, մարդիկ դրա համար նախընտրական պայքարի մեջ են մտնում, ի՞նչ է եղել, ես պատգամավոր եմ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ Սամվել Նիկոյանը նոր կառավարությունում նախարարի պորտֆել չի ստանա:
Մինչդեռ մայիսի 30-ին կայացած ՀՀԿ նիստի ժամանակ Սամվել Նիկոյանը հայտարարել էր, որ այլեւս քաղաքական գործունեությամբ չի զբաղվելու, նրան շնորհակալություն էին հայտնել իր գործունեության համար: Էդուարդ Շարմազանովը ասել էր, որ Սամվել Նիկոյանը գործունեություն կծավալի այլ ոլորտում, սակայն դեռեւս հստակեցված չէ, թե նա կոնկրետ ինչ պաշտոն կզբաղեցնի:
Լրատվամիջոցներում տեղեկություններին էին տարածվել, որ Սամվել Նիրկոյանը հաստատապես կնշանակվի նախարար, մասնավորապես`շրջանառավում էր բնապահապնաության, քաղաքաաշինության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, տրանսպորտի նախարարների պորտֆելների մասին: