Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 16, 2012 10:32

Հունիսի 15-ին, ժամը 20.00-ի սահմաններում Երևանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավարտվել է ՀՀ արդարադատության քրեակատարողական հիմնարկների նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործով դռնփակ դատական նիստը:

Ինչպես դատարանից Tert.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը նշված դատարանին միջնորդել էր, որպեսզի որպես խափանման միջոց կիրառվի երկամսյա կալանք Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ:

Դատավոր Գագիկ Պողոսյանը դռնփակ դատակ նիստն անցկացնելուց հետո վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ բավարարել է քննիչի միջնորդությունը:

Վճիռը հրապարակելուց հետո Ս. Հովհաննիսյանը տեղափոխվել է ՀՀ ԱԱԾ ձերբակալվածների ժամանակավոր պահման մեկուսարան:

Նշենք, որ երեկ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկատվություն հայտնվեց, որ Սամվել Հովհաննիսյանը ձերբակալվել էր մի քանի օր առաջ, որն ավելի ուշ հաստատվեց ԱԱԾ մամուլի ծառայության կողմից:

2007թ-ին քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի դեմ քրեական գործ էր հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետի հատկանիշներով` մարդու առևանգում` կազմակերպված խմբի կողմից: Հովհաննիսյանը կալանավորվել էր և 5 ամիս մնացել կալանքի տակ, այնուհետև նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվել է` հանցակազմի բացակայության հիմքով: Ենթադրվում է, որ նրա ձերբակալման պատճառն այդ պատմությունն է:

Սամվել Հովհաննիսյանը Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ զախարյանի խնամին է եղել:

Հիշեցնենք նաև, որ անցյալ տարի մայիսին Սամվել Հովհաննիսյանի անունը շրջանառվեց նաև նրա կողմից կառուցված նորակառույց շենքի խաբված բնակիչների աղմուկի առթիվ:

Սամվել Հովհաննիսյանը, սկսելով շենքի շինարարությունը 2007 թվականին, նախնական պայմանագրեր էր կնքել 68 քաղաքացու հետ` պարտավորվելով շենքը շահագործման հանձնել 2010-ի ամռանը:

2009 թվականին բանկը արդեն դատի էր տվել նրան` վարկային պարտավորությունները չկատարելու համար, սակայն դատական գործընթացի մասին կառուցապատողը չէր հայտնել որևէ բնակչի` փոխարենը ամեն ամիս բնակիչներից հավաքելով գումարներ և վաճառելով նորանոր տարածքներ:

Դատական գործընթացը հասել էր նրան, որ 2011-ի մայիսից շենքը հանվել էր հարկադիր աճուրդի, իսկ բնակիչները դրա մասին տեղեկացել էին պատահաբար:

Անկախ-ը համակողմանիորեն լուսաբանել էր այդ պատմությունը, որի մասին կարող եք տեղեկանալ հետևյալ հղումներով

Բողոքի ակցիա` ընդդեմ «նորակառույց-թալանի» և խաբեության

Զախարյանի խնամին ջրից չոր է դուրս գալիս, բանկը ստանում է իր փողերը, իսկ ժողովուրդը կանգնում է կոտրած տաշտակի առաջ

Զախարյանի աղջիկն ու Հովհաննիսյանի տղան բաժանվեցին, ժողովուրդը մնաց ձեռնունայն

 

 

Դիտվել է 1599 անգամ:
Print Friendly

Leave a Reply