Գյումրվա գույների ներկայացում՝ Նարեկացի արվեստի միությունում,լուսանկարներ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 15, 2012 21:37

Հունիսի 14-ին Նարեկացի արվեստի միության ցուցասրահում բացվեց Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողների և շրջնավարտների աշխատանքների խմբակային ցուցահանդեսը: Ներկայացված աշխատանքները մոտ երեսունն են, ժանրերը տարբեր են:

Ցուցահանդեսի մասնակից գյումրեցի երիտասարդներն են Անի Ավետիսյանը, Արփինե Համբարյանը, Արտակ Փիլոսյանը (Փիլոս), Լիանա Ենգոյանը, Գոհար Մարտիրոսյանը, Հակոբ Բաղդասարյանը, Լևոն Առաքելյանը, Լուսինե Մովսիսյանը, Ռազմիկ Փանոսյանը, Ռիմա Գյոդակյանը, Հովհաննես Սմոյանը, Միքայել Վարդպարոնյանը, Եվա Հարութը (Սարգսյան), Մարիետա Հարությունյանը, Գրիգորի Աղաջանյանը, Վահագն Ղուկասյանը, Անդրանիկ Պետրոսյանը, Արմեն Տիրատուրյանը, Տարոն Մանուկյանը, Սերյոժա Մարտիրոսյանը:

” Շնորհակալություն Գյումրիի գույներով մեր սրահը լցնելու, Գյումրու ոգին մեզ բերելու  համար: Սա երրորդ անգամն է, որ Գյումրիի երիտասարդներն այստեղ ցուցահանդես են ունենում:  Տա Աստված, որ ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում մարդիկ կարողանան ծանոթանալ ձեր գործերին”,-ցուցահանդեսի բացման խոսքում ասաց ՆԱՄ նախագահ Նարեգ Հարթունյանը:

Նրա խոսքերով երիտասարդների ներկայությունն այստեղ մեծ նշանակություն ունի:

Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանն իր խոսքում հատուկ կարեւորություն տվեց ցուցահանդեսին՝ նշելով, որ ամենակարեւոր բանը համագործակցությունն է.

“Հույս ունեմ՝ սա շարունակական կլինի….Այսօր ավելի հզոր ենք այս համագործակցություններով: Նարեկացին թող հզորանա, ավելի մեծ սրահներ ունենա, որ մենք էլ ավելի լավ ներկայանանք”,-նշեց նա:

Արվեստաբան Նազարեթ  Կարեյանը   եւս ողջունեց ՆԱՄ-ում ցուցահանդեսի կազմակերպումը:  Նա նշեց, որ ԳԱ Գյումրու մասնաճյուղը հատուկ  շեշտադրումներ ունի, որ այն օգնում է պահպանել Գյումրիի կերպարվեստի արտահայտչամիջոցների լեզուն, պատմությունը:

“Այսինքն Գյումրիի գեղարվեստի  ակադեմիայի ուսանողները սերնդից սերունդ փոխանցում են հմտությունները, սերունդների միջեւ հիշողությունը, սերը, ավանդույթները, մշակութային կյանքը վառ պահելու իրական պատկերը”,-ասաց նա:

Ցուցահանդեսի բացմանը ներկա արվեստագետներն ու արվեստաբանները նույնպես իբրեւ կարեւոր փաստ առանձնացրեցին այն, որ Երեւանում կայանում է ցուցահանդես, որին մասնակցում են գյումրեցի ուսանողները: Արվեստաբան Արման Գրիգորյանի  խոսքերով մասնակիցների մեջ կան այնպիսիք, ովքեր հետագայում կարեւոր  խոսք կասեն կերպարվեստում:

“Գյումրիի ակադեմիայի ուսանողների աշխատանքներում զգացմունքայնությունն ավելի ընդգծված է, երազանքն այստեղ ավելի շատ է, քան Երեւանի ԳԱ ուսանողների աշխատանքներում:  Չեմ կարող ասել՝ ինչու: Հավանաբար այն պատճառով, որ նրանք  ավելի շատ են երազում, նրանք ավելի վառ գույներով են պատկերում իրենց շրջապատող աշխարհը”,-մեզ հետ զրույցում ասաց գեղանկարիչ Նարեկ Ավետիսյանը:

Նման մի երազանք էլ հենց պատկերել է մասնակիցներից  Տաթեւ  Հարությունյանը: Նա պատկերել է իր երազանքների քաղաքը. ապակե կտորների վրա պատկերած քաղաքում զրուցող քաղաքային կերպարները ներկայացնում են նկարչուհու նուրբ, զգայական աշխարհը, զգուշությամբ ասված խոսքը:

Հումանիստական մի քանդակ է նաեւ գյումրեցի ուսանողներից Անդրանիկ Պետրոսյանի “Անօգնականը” աշխատանքը: Վերեւում գտնվող երկու կերպարները ձեռք են մեկնել ներքեւում կանգնած կերպարին, սակայն վերջինս չի կարող նրանց իր ձեռքերը մեկնել, քանի որ ձեռքեր չունի:

Կատարողական իմաստով թերեւս հեղինակը դեռեւս ճանապարհ ունի անցնելու, սակայն զգայական իմաստով քանդակը կարողանում է հուզել, խոսել:

Այս աշխատանքը եզակի չէ.  ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից շատերը կարողանում են հուզել, դիտողին փոխանցել տրամադրություն:

Հիշեցնենք, որ ցուցահանդեսն անց է կացվում Նարեկացի արվեստի միության “Արվեստը մարզերում” մշտական շարքի շրջանակներում՝ “Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան” գրասենյակի հետ համագործացությամբ:  Այս ցուցահանդեսը թվով երրորդն է:

Ցուցահանդեսը բաց է մինչև հունիսի 24-ը: Մուտքն ազատ է:

Մարիամ Մուղդուսյան

Նարեկացի արվեստի միություն

Դիտվել է 1347 անգամ:
Print Friendly

Leave a Reply