Պատմական զուգահեռներ ԱՄՆ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 15, 2012 16:15
«Ինչո՞ւ այդ ազգերի ինքնորոշման իրավունքը, որ գերակա սկզբունք է հենց ամերիկյան սահմանադրության մեջ, այդ սկզբունքով չի որակվում ԼՂՀ պետությունը»,- Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամ ազգագրագետ Սուսաննա Մելիքյանը եւ ավելացրեց, որ ԱՄՆ պետությունը 200 տարի առաջ` անգլիական գաղութարարների դեմ պայքարում սեպարատիստական շարժման արդյունքում, բայց հիմք ունենալով ազգերի ինքնորոշման իրավունքը, որը հենց ամերիկյան սահմանադրության մեջ առաջին անգամ ամրագրվեց, պետություն ստեղծեց:
«Հիմա ի՞նչ է` ասենք, որ ԱՄՆ-ն օկուպացրել է Անգլիայի վերահսկողության տակ գտնվող տարածքնե՞րը: ԱՄՆ-ն 200 տարի է ինքնուրույն պետություն կառուցում` ԼՂՀ-ն` 20, տարբերությունը տարիների քանակն է, բայց հիմքը ժողովրդական շարժումներն են` ազգերի ինքնորոշման իրավունքը»,- ասաց բանախոսը:
Նա նշեց որ Ադրբեջանը դարձյալ փորձում է դրսի ուժերին օգտագործել Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար: Սակայն բանախոսը մտահոգիչ է համարում, որ անգամ գերտերության ներկայացուցչի այցը տարածաշրջան զսպող հանգամանք չի հանդիսանում Բաքվի ռեժիմի համար:
«Այսօր Հայաստանի եւ ԼՂՀ-ի սահմանամերձ շրջաններում գերազանցապես ապրում են Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներ, Եւ նրանց կյանքին կրկին վտանգ է սպառնում: Ու դարձյալ միջազգային կազմակերպություններն ու գերտերությունները փորձում են ստանդարտ հորդորներով հավասարակշռել զոհի եւ ագրեսորի գործողությունները: Մենք` Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականներս, բողոքում ենք միջազգային կառույցների եւ գերտերությունների այդ վարքագծի դեմ, եւ այն բանի, որ նրանք երբեւէ հստակ դիրքորոշմամբ հանդես չեկան Ադրբեջանի այդ նաաձեռնությունների եւ սպառնալիքների նկատմամբ: Եվ պահանջում ենք վերջապես, որ պատժեն Բաքվի ռեժիմի ներկայացուցիչներին: Հայտարարում ենք, որ ազատագրված տարածքների միակ իրավատերերը հայ փախստականներն են, եւ այդ տարածքները որեւէ սակարկման ենթակա չեն»,- հայտարարեց ազգագրագետը:






Facebook
Tweet This
Email This Post
