Տարոն Մարգարյանը հանդիպել է ճապոնական «Սոկա Գակկայ Ինտերնեյշնլ» միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | June 15, 2012 13:30

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ճապոնական «Սոկա Գակկայ Ինտերնեյշնլ»  միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, որոնք Երևանում են գտնվում Հայաստանի նկարիչների միության նախագահի հրավերով և ներկայացնելու են կազմակերպության նախագահ Դայսակու Իկեդայի ֆոտոցուցահանդեսը:

Ողջունելով հյուրերին` քաղաքապետն ընդգծել է հայ-ճապոնական համագործակցության ներկա բարձր մակարդակն ու որպես դրա վառ վկայություն հատկանշել է ՀՀ նախագահի պետական այցը Ճապոնիա և մասնավորապես «Սոկա Գակկայ» համալսարան:

«Ավելին, լսել եմ, որ այդ այցի ժամանակ համալսարանի սաները հայերենով փայլուն կատարել են «Էրեբունի-Երևան» երգը, որը շատ ողջունելի և հաճելի է մեզ համար»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Գնահատելով ասոցիացիայի գործունեությունն ուղղված  նոր արժեքների ստեղծմանը` քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման համար: Նաև հավելել է, որ ճապոնական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում 2010 թվականից Երևանն անդամակցում է նաև «Քաղաքապետերը հանուն խաղաղության» կազմակերպությանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և պատրաստակամության համար` «Սոկա Գակկայ Ինտերնեյշնլի» գործադիր տնօրեն Քենջի Յոշիգոն ներկայացրել է ասոցիացիայի առաքելությունը և նշել, որ Դայսակու Իկեդայի ստեղծագործական անձնական ժառանգությունը շատ բազմազան է և ցուցադրվել է աշխարհի ավելի քան 130 քաղաքներում: Քենջի Յոշիգոն նաև ընդգծել է, որ երևանյան ցուցահանդեսի կազմակերպումը լավ հնարավորություն է հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել ասոցիացիայի նախագահ 84-ամյա Դայսակու Իկեդային և ընդգծել, որ Երևանը բաց է բոլոր բարեկամների և հյուրերի առջև:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 956 անգամ:
Print Friendly

Leave a Reply