Վերադարձի երրորդ փառատոնը կամփոփվի վաղը Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 23, 2009 15:12

Աշխարհահռչակ դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանը և դիրիժոր, ջութակահար Սերգեյ Սմբատյանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ վաղը կեզրափակեն Վերադարձի 3-րդ փառատոնը:

«Մենք շատ ուրախ ենք, որ փառատոնն իր շրջանակներում ներգրավել  է նաև երիտասարդ երաժիշտներին, նրանք հնարավորություն են ունենում շփվել դրսից եկած, նաև կայացած մասնագետների հետ, իսկ մեր հայրենակից-երաժիշտների ժամանակավոր վերադարձը նոր շունչ է տալիս հայաստանյան մշակութային կյանքին»,-ասում է փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը:

Վերադարձի երրորդ փառատոնը շարունակական է լինելու: Մշակվել են նոր ծրագրեր. ապրիլ-մայիս ամիսներին տեղի կունենա «Ազգային պատկերասրահ» խորագիրը կրող գարնանային փառատոնը:

Վերադարձի փառատոնի մեկնարկը եղել է 2005թ. այս տարի այն սկսել է սեպտեմբերի 22-ից. եղել է 6 համերգ, ելույթներ՝ նաև Գորիսում:

«Փառատոնին շատ են լինում նաև երիտասարդ ուկնդիրներ, իսկ դա նշանակում է, որ նրանք հետաքրքրված են. սխալ է այն կարծիքը, որ այսօր երիտասարդությունը չի գնահատում դասական երաժշտությունը, եթե մատուցես, նրանք կգնահատեն»,-ասում է Շահինյանը:

Վահագն Պապյանը որպես դաշնակահար ելույթներ է ունեցել Բազելում, Բարսելոնում, Ժնևում, Տորոնտոյում, Օտտավայում, Նյու Յորքում, համերգներ է ունեցել Հարավային Ամերիկայում և Հեռավոր Արևելքում:

«Չէի սպասում, որ Երևանն այսքան փոխված կտեսնեի, մշակութային կյանքը ևս եռում է, իսկ հայ հանդիսատեսն ուղղակի մնացել է խիստ և ջերմ, հետաքրքրված մշակութային կյանքով»,-ասում է  Պապյանը:

Դիտվել է 2522 անգամ:
Print Friendly

Leave a Reply