Դիմորդներն այսօր քննություն են հանձնում 6 օտար լեզուներից /լուսանկարներ/

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 15, 2012 12:01

Այսօր ՀՀ և ԼՂՀ 39 քննակենտրոններում  9175 դիմորդ քննություն է հանձնում օտար լեզվից:  Այսօրվա դիմորդների թվում գերակշռում են անգլերենի քննություն հանձնողները` 8173:  Ֆրանսերենից քննություն է հանձնում 447, գերմաներենից` 521, իսպաներենից 25, իտալերենից 4 և պարսկերենից 5 դիմորդ:

ԵՊԲՀ քննակենտրոնում 199 դիմորդներից 7  բացակայում էին: Քննությունը մեկնարկեց 9:30-ին և կավարտվի 2,5 ժամ անց:

Դիմորդների մոտ լարվածություն չէր նկատվում, ակտիվ շփվում էին միմյանց հետ, թեստերը բաժանելուց հետո մինչ կհայտարարվեր քննության մեկնարկը, արագ-արագ միմյանց հետ հարցերն էին քննարկում:

Չնայած ակտիվ մթնոլորտին, որոշ դիմորդներ նշում են, որ մի փոքր վախենում են օտար լեզվի քննությունից. շտեմարան չկա, գուցե և թեստերում անակնկալներ լինեն:

ԵՊՀ ռոմանոգերմանական ֆակուլտետի դիմորդ Մարինեն Հայոց լեզվից արդեն քննություն հանձնել է ու շատ գոհ է: Ասում է, որ օտար լեզվին էլ լավ պատրաստվել  է, բայց «շատ լավ կլիներ, որ անգլերենից էլ շտեմարան լիներ, թե չէ մի փոքր լարվածություն կա, հստակ չգիտեմ,թե թեստերում ինչ է լինելու: Հայոց լեզվի քննությունը շտեմարանով շատ հեշտ էր ու գոհ եմ»:

ԵՊԲՀ քննակենտրոնի ղեկավար, ԳԹԿ մշակումների և առարկայական բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանն ասում է, որ նախորդ տարիների փորձը ցույց է տվել` օտար լեզվի թեստերը բարդ չեն լինում և միջինը միշտ էլ բարձր է եղել. «Կարծում եմ, որ այս անգամ էլ այդպես կլինի»:

Դրսում էկրանից քննասենյակի մթնոլորտին հետևող  ծնողները ավելի հանգիստ էին: Նշում էին, որ գոհ են թե մաթեմատիկայի, թե հայոց լեզվի քննությունից. շտեմարանային թեստերով իրենց երեխաները ստացել են կանխատեսված ու ցանկալի գնահատականներ: Մի քանի ծնողներ դժգոհեցին մաթեմատիկայի քննական մթնոլորտից: Պարզվեց, դժգոհող բոլոր ծնողների երեխաները մաթեմատիկայի քննությունը հանձնել են Երևանի թիվ 135 դպրոցում:

«Քննության կարգը պահպանողները կոպտել են երեխաներին, վիրավորական բառեր ասել, նկատողություն գրել դուրս գալու խնդրանքի համար: Այնպիսի լարված մթնոլորտ են ստեղծել, որ երեխաս իր իմացածն անգամ չի կարողացել գրել»,- ասում է տիկին Գոհարը:

Իսկ այսօրվա հիմնական դժգոհությունն այն էր, որ քննասենյակին հետևելու համար մեկ մեծ էկրան էր նախատեսված:

Դիտվել է 2300 անգամ:
Print Friendly

Leave a Reply