Ի՞նչ է համատիրությունը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | June 21, 2012 7:12
Համատիրության ինստիտուտը վաղուց մեծ կիրառություն ունի մի շարք երկրներում, այդ թվում և զարգացած: Ներկայումս այդպիսիք գործում են այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սինգապուրը, ԱՄՆ-ն, Ճապոնիան, Կանադան, Ֆրանսիան և այլն:

«Համատիրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` համատիրությունը քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված և իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով ստեղծված շահույթ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կոոպերատիվ է, որը հիմնադրվում է բազմաբնակարան շենքի կամ շենքերի (այսուհետ` շենք) բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման նպատակով:

 Համատիրությունը` որպես սեփականություն, առանձնացված գույք ունի և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ունենալ պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Համատիրությունն ունի անվանում, որը պետք է ներառի «համատիրություն» բառը: Համատիրության գտնվելու վայրը դրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է: Համատիրությունը կարող է ունենալ իր անվանումը պարունակող ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Համատիրությունը պետք է ունենա ինքնուրույն հաշվեկշիռ: Համատիրությունն իրավունք ունի սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ:

Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` համատիրությունների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքից, «Համատիրության մասին» ՀՀ օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:

Համատիրությունները գործում են որոշակի նպատակների հասնելու համար, իսկ դրանց ցանկը նշված է նույն օրենքի 5-րդ հոդվածում, ըստ որի` համատիրության գործունեության հիմնական նպատակներն են`

ա) օրենքով սահմանված կարգով իրականացնել բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարումը,

բ) օրենքով նախատեսված դեպքերում ներկայացնել և պաշտպանել շենքի շինությունների սեփականատերերի ընդհանուր շահերը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, դատական և այլ իրավասու մարմիններում,

գ) իրականացնել այլ խնդիրներ, այդ թվում` կոմունալ ծառայություններ մատուցողների հետ շենքի կառավարման մարմնի կողմից կնքել պայմանագրեր, որոնք չեն հակասում «Համատիրության մասին» ՀՀ օրենքին և ՀՀ օրենսդրությանը:

«Համատիրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլուխը նվիրված է համատիրության ստեղծմանը: Համատիրությունը ստեղծվում է հիմնադրման միջոցով: Համատիրության հիմնադիր (այսուհետ` հիմնադիր) կարող են հանդիսանալ քաղաքացիները, իրավաբանական անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը և համայնքները: Համատիրությունը կարող է ստեղծվել մեկ կամ մի քանի բազմաբնակարան շենքերում: Բազմաբնակարան շենքերում համատիրությունը կարող է ստեղծվել յուրաքանչյուր շենքում ընդհանուր բաժնային սեփականության մեջ առնվազն 50 տոկոս բաժին ունեցող շինությունների սեփականատերերի անդամությամբ:

Համատիրություն հիմնադրել ցանկացող անձինք (հիմնադիրները) կնքում են պայմանագիր: Պայմանագիրը ենթակա է վավերացման նոտարական կարգով հիմնադիրներից որևէ մեկի պահանջով, կամ եթե համատիրության հիմնադրման մասին պայմանագրի համաձայն` հիմնադիրների կողմից համատիրությանը որպես փայավճարներ են դրվելու անշարժ գույքի նկատմամբ իրավունքները, և կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում: Համատիրության հիմնադրման մասին պայմանագրով որպես փայավճարներ ներդրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքներն օրենքով նախատեսված դեպքերում ենթակա են պետական գրանցման` համատիրության պետական գրանցման պահից մեկամսյա ժամկետում:

 Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Դիտվել է 1587 անգամ:
Print Friendly

Leave a Reply