Կշեռքներն էլ են «խաբում». Առևտրականների շրջանում դեռ շարունակվում է այս հին սովորույթը

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | June 20, 2012 14:09

 Թերակշռման երևույթը հայաստանյան շուկաներում չի վերանում արդեն երկար տարիներ: Խոսքը վերաբերում է հատկապես բացօթյա շուկաներին, քանի որ սուպերմարկետներում կամ ավելի քաղաքակիրթ առևտուր իրականացնող առևտրային կետերում իրավիճակն ուրիշ է: Բացօթյա շուկաներում և գետնանցումներում  առևտուրը հիմնականում իրականացվում է կենցաղային` այսպես ասած լծակավոր կշեռքներով, որոնց գործածումն ինքնին ենթադրում է ոչ ճշգրիտ կշռում: Իսկ առևտրային խոշոր կետերում և սուպերմարկետներում կենցաղային կշեռքները վաղուց փոխարինվել են էլեկտրական կշեռքներով:

Օրենքով հաստատված կարգով` տարին մեկ անգամ պարբերականությամբ կշեռքները ստուգաչափում են անցնում Էկոնոմիկայի նախարարության չափագիտության ազգային ինստիտուտում, որից հետո գոնե ժամանակավորապես երաշխավորված է լինում կշեռքի ճշգրիտ գործածումը:

Վաճառողների` մի քանի գրամ պակաս կշռելու  «հին, բարի» սովորությունն այդպես էլ չի վերանում և արմատացած է հատկապես առևտրի մեջ բազմամյա վաստակ ունեցող վաճառողների շրջանում:  Խնդիրն այն է, որ փողոցային առևտրի տաղավարները կամ բացօթյա շուկաները դուրս են վերահսկողության դաշտից, հետևաբար նաև խախտում արձանագրելու դեպքում չեն կարող օրենքով պատժվել: Տուգանքներ կարող են մուծել միայն իրավաբանական անձինք, ուստի օրենքով ստուգաչափվում են հենց այդ տնտեսվարողների առևտրային կետերում գործածվող կշեռքները:

Այս տարի հատկապես ամանորյա օրերին բացօթյա  շուկաներում թերակշռման բազմաթիվ միջադեպեր են եղել, որոնք, սակայն, արձանագրվել են միայն սպառողների կողմից: Հատկապես փողոցային առևտրում  տնտեսվարողները  1 կգ-ի մեջ մինչև 200-300 գրամ թերակշռում են: Միայն սննդի խանութներում, ըստ մոտավոր հաշվարկների, 30 հազարից ավելի կշեռք կա` չհաշված փողոցային առևտրում գործածվողները: Կշեռքը կարող է ստուգաչափված լինել, սակայն դրա շահագործման պայմանները խախտելու դեպքում այն կարող է  նորից սխալ կշռել: Այսպես թե այնպես, բացօթյա շուկաների կշեռքները տարիներով չեն ստուգաչափվում:

Այժմ թույլատրվում է առևտրային կետերում կշեռքների ստուգաչափման ուղղությամբ ստուգումներ անցկացնել միայն այն տնտեսվարողների շրջանում, որոնց առևտրաշրջանառությունը գերազանցում է 70 մլն դրամը:

Նախ նշենք, թե ինչպես է  տեղի ունենում կշեռքների ստուգաչափման գործընթացը: Չափագիտության ազգային ինստիտուտի տնօրեն Վահան Սահակյանի տեղեկացմամբ, ըստ գործող օրենքի, կշեռքները  տարին միայն մեկ անգամ են ստուգաչափվում: Շատ հաճախ տնտեսվարող սուբյեկտներն անձամբ են իրենց կշեռքները ստուգաչափման բերում չափագիտության ազգային ինստիտուտ: Ըստ նրա` կան շատ բարեխիղճ տնտեսվարողներ, որոնք պարտաճանաչ են և նախընտրում են աշխատել ստուգաչափված և ճշգրիտ կշեռքներով: Նշենք, որ ստուգաչափում անցած կշեռքի տեսանելի հատվածի վրա կապարակնքված է դրոշմապիտակ, որը սպառողին հնարավորություն է տալիս վստահելու տվյալ կշեռքի ճշգրիտ շահագործմանը: Սակայն լինում են նաև դեպքեր, երբ տնտեսվարողները, որոնց կշեռքները ստուգաչափում են անցել նախորդ տարեվերջին,  դեռ դրոշմանիշ չունեն: Ուստի սա կարող է փոքր-ինչ շփոթեցնել սպառողին:

Իսկ տարեկան կտրվածքով նվազագույնը ստուգաչափվում է մոտ 7 հազար կշեռք: Տնտեսվարողը ստուգաչափված կշեռքի գործունեությանը միջամտելու համար  պետք է առնվազն կապարակնիքը վրայից պոկի, որն էլ տեսանելի կդառնա վերահսկող մարմինների և սպառողների շրջանում:  Քանի որ մեխանիզմները բավարար չեն, Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը առաջարկում է առհասարակ շրջանառությունից հանել կենցաղային կշեռքները և գործածության մեջ թողնել միայն էլեկտրոնայինները, քանի որ Էլեկտրոնային կշեռքների ուղղությամբ անցկացրած  ուսումնասիրությունների արդյունքում կեղծիքներ գրեթե չեն հայտնաբերվում:

Որպես խնդիր` Արմեն Պողոսյանը դիտարկում է տուգանքի վարձավճարի չափը և կարծում, որ 100 հազար դրամից սկսվող տուգանքի չափը չպետք է համատարած գործի բոլոր տնտեսվարողների շրջանում: Նրա կարծիքով` գումարի այդ չափը փոքր տաղավարներում գործունեություն ծավալող տնտեսվարողների համար բավական մեծ գումար է, իսկ խոշոր տնտեսվարողների համար` բավական քիչ: «Իմ կարծիքով` պետք է զանազանվեն խոշոր ու մանր տնտեսվարողների տուգանքների չափերը և որոշվեն ըստ առևտրաշրջանառության: Այդ ոլորտը կանոնակարգված չէ, չափագիտությամբ մի կառույց է զբաղվում իսկ առևտրի կանոնակարգմամբ` այլ կառույց: Երբ չափագետը հայտնաբերում է կշեռքի ոչ ճշգրիտ գործածությունը, գրում է եզրակացությունն ու գնում, մինչդեռ տնտեսվարողը շարունակում է նույն մեխանիզմով աշխատել»,- ասում է Արմեն Պողոսյանը: Ըստ նրա` վերահսկողությունը բացօթյա կամ գետնանցումային վայրերում թույլ է, ուստի հնարավոր չէ տեսադաշտում պահել խախտումները:

Նա հավելեց նաև, որ ՀՀ մարզերում և գյուղական համայնքներում, մայրաքաղաքի համեմատ, խախտումներն ավելի շատ են:  Նրա պարզաբանմամբ, խնդիրը միայն կենցաղային կշեռքների գործածությունն է, ինչի ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներ չկան: Ուստի հույսը պետք  է  դնել միայն սպառողների վրա և հորդորել  նրանց մթերք կշռելիս լինել ավելի խոհեմ, տնտեսվարողից պահանջել  կապարակնքված դրոշմանիշով կշեռքի գործածում կամ նվազագույնի հասցնել խաբվելու հավանականությունը:

 Լ.Ն

Դիտվել է 1410 անգամ:
Print Friendly

Leave a Reply