Հայկական ծովամթերքը հետաքրքրում է միջազգային շուկային. Մեր երկրում արտադրվող ձուկը շատ համեղ է

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | June 18, 2012 15:00

Այսօր ծովերի և օվկիանոսների ռեսուրսների նվազման և մարդկային գործոնի պատճառով մոտ 25 տոկոսով նվազել են համաշխարհային ձկնորսության ծավալները: Հաճախակի կրկնվող որսագողությունը, չկանոնավորված որսը, ջրի աղտոտվածությունն ու բնապահպանական խնդիրներն էլ թույլ չեն տալիս, որ ձկան պաշարները վերականգնվեն: Ուստի միջազգային շուկայում զգալիորեն մեծ է պահանջարկը ձկան և առհասարակ ձկնամթերքի նկատմամբ: Կարո՞ղ է Հայաստանը ձկան արտադրության իր ծավալներով ու որակով միջազգային շուկա դուրս գալ:

Մեր երկրում ևս ձուկ արտադրվում է, սակայն արհեստական ջրամբարների շնորհիվ: Ձկնարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների կարծիքով` մեր երկրում կան բոլոր նախադրյալները ձկնարդյունաբերության ճյուղը զարգացնելու, մեծաքանակ արտահանում իրականացնելու և արտաքին շուկայում ձկան պահանջարկը սպառելու համար:

Վերջին երկու տարիներին ձկան արտադրության ծավալներն ավելացել են մոտ  40 տոկոսով, և 2007 թ. 3800 տոննայի դիմաց 2009 թ. արդեն արտադրվել է 5200 տոննա ձուկ: Ներկայումս մեր հանրապետությունում տարեկան արտադրվում է 500-700 տոննա թառափ, ավելի քան 500 տոննա կարմրախայտ, 2500 տոննա ծիածանափայլ իշխան և այլ սաղմոնազգի ձկներ, ինչպես նաև 1500 տոննա ծածան, հաստաճակատ և այլն:

Մեր երկրի ներկայիս ջրային պաշարների արդյունավետ օգտագործման պարագայում հայ ձկնաբույծները կարող են տարեկան արտադրել նվազագույնը 25 հազար տոննա ձուկ, իսկ ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառման դեպքում այդ ծավալները կարող են հասնել մինչև  100 հազար տոննայի: Այս ծավալները կարող են իրատեսական դառնալ մինչև 2015 թ.:

Եթե փաստենք, որ մեր երկրում խիստ ցածր արդյունավետությամբ են օգտագործվում ջրային տարածքները, ապա պարզ կդառնա, թե ինչու, օրինակ, լճակային տնտեսություններում 1 հա ջրային մակերեսից ստացվում է 300 կգ ապրանքային ձուկ, իսկ բետոնապատ ավազաններում 1 խմ մետր ջրում աճեցվում է 10 կգ ծիածանափայլ իշխան: Մինչդեռ ժամանակակից ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառմամբ 1 խմ ջրում կարող է աճեցվել մինչև 500 կգ ձուկ:

Նշենք, որ հանրապետության տարածքում պաշտոնապես գրանցված է 235 ձկնաբուծական տնտեսություն, որոնց 78 տոկոսը գործում է միայն Արարատի և Արմավիրի մարզերում:

Մասնագետների գնահատմամբ` ձկնաբուծության զարգացման համար  լավագույն խթանը ձկան արտահանման գործընթացի կազմակերպումն է: Մինչ 2009 թ. արգելված էր հանրապետությունից թառափազգի ձկների արտահանումը, քանի որ դրանք գրանցված են միջազգային կարմիր գրքում, իսկ մեր հանրապետությունում կարմիր գրքում  գրանցված բույսերի և կենդանիների արտահանման հավաստագիր տվող գրասենյակ չէր գործում: Այդ գրասենյակն արդեն գործում է և հնարավորություն է տալիս մեր հանրապետությունում աճեցված Լենայի թառափը և այլ թառափազգի ձկներ արտահանելու մեր հանրապետությունից:

Երկրից դեպի Ռուսաստանի Դաշնություն ձկան արտահանման գործընթացը կազմակերպելու համար տարիներ առաջ Հայաստան էին ժամանել ռուս մասնագետներ և 22 ձկնաբուծական տնտեսությունների հետ կնքել պայմանագիր` դեպի ՌԴ թարմ և սառեցված ձկնեղեն արտահանելու համար:

Իսկ եվրոպական շուկա ծովամթերք արտահանելու խնդիրն առայժմ լուծված չէ, քանի որ չկա համապատասխան արտոնագրված լաբորատորիա: Ինպես տեղեկացանք գյուղատնտեսության նախարարության համապատասխան բաժնից, բավական մեծ աշխատանքներ են տարվել, որպեսզի յուրաքանչյուր ձկնաբուծական տնտեսությունում ստեղծվի վտանգի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգ, և հնարավոր դառնա  արտահանումը:

Հայաստանի համար որպես ծովամթերքի խոշոր պատվիրատու  է հանդիսանում Ռուսաստանը, քանի որ, մասնագետների գնահատմամբ, մեր երկրում արտադրվող ձուկը յուրահատուկ համ ունի` պայմանավորված արտեզյան ջրով և կերով: Հայաստանից բավական մեծ ծավալներով արտերկիր է արտահանվում նաև խեցգետին`  սառեցված և եփած վիճակում:

Ձկնարդյունաբերության ոլորտում գործող «Ակվատեխ ավտոմատիկա» ընկերության գլխավոր տնօրեն և «Ձկնաբույծների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արկադի Գրիգորյանն հարցազրույցներից մեկում նշել է, որ Հայաստանում բավական հեռանկարային է իշխանաբուծությունը և թառափաբուծությունը, քանի որ արտաքին շուկան հատկապես այդ  ձկնատեսակների մեծ պահանջարկ ունի: Պահանջարկի մեծացումը պայմանավորված է  նաև այն հանգամանքով, որ  ձկնամթերքի և ծովամթերքի կիրառումը սննդում բավական օգտակար է և դյուրամարս մարդու օրգանիզմի, հատկապես սրտանոթային համակարգի և ուղեղի լավ գործունեության համար:

Համապատասխան կայուն շուկաներում պահանջարկը սպառելու դեպքում Հայաստանի ձկնաբույծներն ավելի քան 300 հազար տոննա թառափ և իշխան արտադրելու ներուժ ունեն, ինչը Հայաստանի համար բավական հեռանկարային ճյուղ է և կարող է նույնիսկ մոտ 2 մլրդ դրամ շրջանառություն ապահովել: Նշենք նաև, որ հայկական ձկնեղենը  մեծ քանակությամբ արտահանվում է նաև հարևան Վրաստան և Ուկրաինա:

Տեղեկացնենք, որ Արարատյան դաշտավայրում անխնա և ապօրինի ջրօգտագործման չարաշահումներն արդեն դադարեցվել են: Կառավարությունը սահմանափակել է նոր հորերի հորատման աշխատանքները: Նման աշխատանքներ վերսկսելու համար թույլտվություն պետք է տան համապատասխան գերատեսչությունները: Այսպես հնարավոր կլինի տնտեսել  արտեզյան ջուրը և այն ծառայեցնել միայն խիստ առաջնային նպատակների համար:

 

 Լ.Ն

Դիտվել է 2403 անգամ:
Print Friendly

Leave a Reply