Սիրիահայերի համար վտանգը դեռ չի անցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | June 15, 2012 7:00

2011-ի մարտ ամսից ի վեր Սիրիայի քաղաքական խճանկարը բաժանված է երկու հակամարտ ճամբարների: Արձագանքելով «արաբական գարնան» համատեքստում ժողովրդական պահանջներին` ավելի քան 40 տարի իշխանության մեջ գտնվող Ասադ ընտանիքի գլխավորած Բաաս կուսակցության վարչակարգն իր հրապարակային հայտարարություններում ընդունեց քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը: Միաժամանակ, Սիրիայի իշխանությունները շարունակում են պնդել, թե իրենց երկրում տեղի ունեցածը միջազգային դավադրության հետևանք է` Ամերիկայի Միացյալ Նահանգների, արևմտաեվրոպական մի շարք պետությունների, արաբական կամ Պարսից ծոցի միապետական վարչակարգերի և Թուրքիայի հովանավորությամբ:

Ըստ Սիրիայի կառավարության և նրա մերձավորարևելյան համակիրների` այդ երկրները ձգտում են տապալել նախագահ Ասադի վարչակարգը, որովհետև վերջինս արմատական կեցվածք ունի Իսրայելի նկատմամբ և դաշնակցում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Այս մեկնակետից ելնելով` սիրիական իշխանությունները կանոնավորաբար ուժ են կիրառում հակակառավարական շարժման մասնակիցների նկատմամբ: Իսկ նման կոշտ դիրքորոշում հնարավոր եղավ հետապնդել, որովհետև սիրիական բանակի ղեկավարությունն ու զինվորականության ջախջախիչ մեծամասնությունը հավատարիմ մնացին նախագահ Ասադին և նրա անմիջական շրջապատին` ի տարբերություն Թունիսի և Եգիպտոսի: Ընդդիմադիրները Բաշար ալ Ասադին հանցավոր են համարում մարտ ամսից Սիրիայում թափված արյան համար, իսկ իշխանությունից նրա հեռանալը համարում են կարևոր նախապայման երկրում ժողովրդավարական կարգեր հաստատելու ճանապարհին:

Այս ամենը, բացի զուտ մարդկային հետաքրքրասիրությունից, հայերիս համար կարևոր է այնքանով, ինչքանով որ Սիրիայում այսօր մոտ 80-հազարանոց հայ համայնք կա: Եվ այս երկրում ծավալվող իրադարձություններն այսպես թե այնպես անդրադառնում են նաև հայերի վրա:

«Այդ երկորւմ հիմա բազմաթիվ պրոբլեմներ կան, որոնք առնչվում են նաև հայ համայնքին, որովհետև Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչներն այդ երկրի քաղաքացիներն են: Հայ համայնքի վիճակն այնպիսին է, ինչպես մնացած բոլոր սիրիացիներինը: Գիտենք, թե երկրում ինչ իրավիճակ է, և, բնականաբար, հայ համայնքը չի կարող մեկուսացած ու անմասն մնալ այդ ամենից: Արդեն գիտենք, որ հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում մի քանի զոհեր էլ կան: Մենք հյուպատոսության միջոցով մշտապես և՛ համայնքի հետ ենք կապի մեջ, և՛ ուշադրությամբ հետևում ենք իրադարձությունների ընթացքին: Միայն այսքանը կարող ենք ասել: ԱԳՆ-ն որոշակի քայլեր արդեն իսկ արել է` օգնելու հայ համայնքին, արվում է և կշարունակի արվել: Բայց դրանց մասին  պարտադիր չէ բարձրաձայնել»,- ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նման պայմաններում կարևոր է նաև հասկանալ, թե ինչ վերաբերմունք, դիրքորոշում և կողմնորոշում ունեն սիրիահայերը: Որովհետև, ի վերջո, պիտի դառնան այդ զարգացումների դրական կամ բացասական արդյունքների կրողները: «Այսուհանդերձ, Սիրիայի ընդհանուր բնակչության կես տոկոսից էլ պակաս թվաքանակ ունեցող հայության մեծամասնությունը, ինչպես նաև համեմատաբար ավելի մեծաթիվ արաբախոս քրիստոնյաներն ու իսլամադավան, բայց ոչ սուննի փոքրամասնությունները, չեն հավատում սիրիական ընդդիմության քաղաքական լոզունգներին ու խոստումներին: Նրանք դեռևս նախընտրում են հավատալ նախագահ Ասադի վարչակարգի վերջնական հաղթանակին: Հետաքրքրական է նաև, որ նույնիսկ սիրիահայության կառավարամետ ընթացքը քննադատող սակավաթիվ հայերն  իրենց մեկնաբանություններում շեշտը դնում են ոչ թե ընդդիմադիր հոսանքների ժողովրդավարական ներուժի, այլ այն վտանգների վրա, որոնց սիրիահայությունը կարող է բախվել ընդդիմության հնարավոր հաղթանակի դեպքում, եթե վերջիններս ձգտեն վրեժխնդիր լինել Ասադի վարչակարգի համակիրներից»,- նշում է Միչիգանի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի վարիչ, արևելագետ-հայագետ պրոֆ. Արա Սանճյանը «Սիրիայի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» գրքում հրապարակված հարցազրույցում:

Պրոֆեսորը նշում է նաև, որ սիրիական ընդդիմության նկատմամբ հայության տարբեր հատվածների այս կանխակալ կեցվածքը կարելի է բացատրել այն մտավախությամբ, որը գոյություն ունի սիրիական խայտաբղետ ընդդիմության կարևոր բաղադրիչ համարվող «Մահմեդական եղբայրներ» սուննիական քաղաքական հոսանքի նկատմամբ: Վերջինիս իշխանության գալու դեպքում հնարավոր է, որ սահմանափակվեն Սիրիայի ոչ սուննի փոքրամասնությունների կրոնական ու մշակութային ազատությունները:

Այս առումով Սիրիայում ՀՀ նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանի տեսակետը, ինչպես հիշում ենք, «Մեդիամաքս» գործակալությունը նախկինում ներկայացրել էր, ըստ որի, եթե ալավիթները կորցնեն իշխանությունը Սիրիայում, հայ համայնքը, ի թիվս այլոց, կարող է հայտնվել սպառնալիքի տակ:

Դրա նախադեպը կա` Իրաքը, որտեղ Սադդամ Հուսեյնի բաասական վարչակարգի տապալումից հետո շեշտակի ավելացան քրիստոնեական հաստատությունների, ինչպես նաև քրիստոնյա հոգևորականների և անհատների դեմ բռնարարքները` խթանելով Իրաքից քրիստոնյաների (ներառյալ` հայերի) մեծածավալ արտահոսքը:

«Քաղաքական առումով առայժմ առանձնահատուկ խնդիրներ չկան: Պարզ է, որ անցած խորհրդարանական ընտրություններից հետո համայնքի ներկայացուցիչներից ոչ մեկը խորհրդարանի պատգամավոր չի ընտրվել: Բայց դեռ հատուկ խնդիրներ չկան` քաղաքական առումով: Համայնքը, ընդհանուր առմամբ, փորձում է չեզոքություն պահպանել ծավալվող իրադարձությունների առնչությամբ, բայց համայնքի ներսում համակրանքը գործող նախագահի նկատմամբ է: Անվտանգության տեսակետից լուրջ խնդիրներ չկան, բայց պարզ է, որ և՛ քաղաքական, և՛ տնտեսական իրավիճակը համայնքային կյանքի վրա, պետք է ասել, բացասական ազդեցություն ունի: Օրինակ` դպրոցների ֆինանսական կարիքն է մեծացել, ինչը համայնքի համար ամենակարևոր խնդիրն է: Ճիշտ է, շուտով դրանք ուսումնական տարվա վերջի կապակցությամբ կփակվեն, բայց խնդիրները մնում են: Հիմնականում սա է լուրջ խնդիրը: Տնտեսական վիճակն էլ համայնքի անդամների համար սկսել է ծանրանալ»,- ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Մնում է միայն հուսալ, որ Սիրիայում դեպքերի ցանկացած զարգացման դեպքում հայ համայնքը կկարողանա ճիշտ կողմնորոշվել ու չդառնալ կույր վրեժխնդրության կամ իսլամական ծայրահեղականների հարձակման թիրախ, և ՀՀ ԱԳՆ-ն էլ կկարողանա իր դիվանագիտական լծակներով օգնել Սիրիայի հայ համայնքին:

 

 

 

 

Դիտվել է 1531 անգամ:
Print Friendly

Leave a Reply