ՀՅԴ առավելությունն ու թերությունը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | June 19, 2012 12:36

Մինչ Ստամբուլը արյան ծով դարձնելը, ՀՅԴ Հայաստանի «ընկերներին» սարքեցին խորհրդարանական աննշան ընդդիմություն:

Հետաքրքիր է, որ հետընտրական Հայաստանում ներքաղաքական բազմաթիվ կրքեր բորբոքվեցին` ԲՀԿ-ն ընդդիմադի՞ր է, թե՞ իշխանամետ, ՕԵԿ-ը ՀՀԿ-ի մասնաճյո՞ւղն է, թե՞ ուղղակի նրանից վասալային կախման մեջ է, ՀԱԿ-ը վայր կդնի՞ արդյոք իր խորհրդարանական մանդատները, թե՞ ոչ, «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» միասնակա՞ն են, վերջիվերջո, թե՞ ոչ, կմիանա՞ն արդյոք վերջին երկուսն ու «Հանրապետություն» կուսակցությունը և կստեղծվի՞ արևմտամետ քաղաքական բլոկ, թե՞ ոչ և այլն: Բայց այս ամենով հանդերձ, մի քաղաքական ուժ էլ կա, որին, չնայած բոլոր քաղաքագետները, վերլուծաբանները, մասնագետները և ուղղակի քաղաքացիները շնորհել են Հայաստանի միակ ռեալ ու իսկական կուսակցության պատվավոր կոչումը, նրա շուրջ դեռ խորիմաստ լռության քողը չի ցրվել: Խոսքը 120-ամյա ծերունու` ՀՅԴ-ի մասին է:

Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում գրանցված անակնկալներից մեկն էլ այն էր, որ այս կուսակցությունը «հազիվ» կարողացավ հաղթահարել 5 տոկոսանոց արգելքը: Խնդիրն այն է, որ երրորդ հանրապետության անկախության բոլոր 20 տարիների ընթացքում ՀՅԴ-ն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ստեղծել ու վայելում էր մի որոշակի հաստատուն ընտրազանգվածի «սերն ու վստահությունը»: Վերջինս էլ ընտրությունից ընտրություն ապահովում էր ՀՅԴ-ի ներկայությունը խորհրդարանում` առնվազն 10-ից ավելի պատգամավորներով, տալիս ակտիվություն ու ազատ գործելու հնարավորություն, քանի որ ՀՅԴ-ում համոզված էին, որ այս խիստ որոշակի և կայուն ընտրազանգվածը փողի և վարչական լծակների հետևանքով ստեղծված ու զոռով պահվող ընտրազանգված չէ, այսինքն` մարդիկ վստահ էին, որ ինչ էլ լինի, միևնույն է, իրենք իրենց կայուն ձայներն ունեն: Բայց արի ու տես, որ այս «գետն ամեն անգամ գերան չի բերի»: Ու այս առումով ոչ այնքան կարևոր է, թե ինչպիսի լծակներ կիրառեցին գործող իշխանությունների ներկայացուցիչները` գրավելու ավանդական, գաղափարական ընտրազանգվածը ՀՅԴ-ից, այլ այն, որ դա նրանց հաջողվեց:

Մի պահ մոռանանք ընտրակեղծիքների մասին, ընտրակաշառքների և վարչական ճնշումների մասին էլ. համարենք, որ Հայաստանը ժողովրդավարությամբ աշխարհում առաջին երկիրն է, ու նոր միայն նայենք ՀՅԴ-ի վստահության քվեների չափերին:

Նախորդ ընտրությունների համեմատ` այս քաղաքական ուժը մոտ երեք անգամ պակաս ձայներ ստացավ: Այս հարցում ՀՅԴ-ին «օգնեցին» մի քանի հանգամանքներ: Նախ` նախորդ ընտրություններից հետո ՀՅԴ-ն ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ միասին կոալիցիա էր կազմել: Եվ չնայած հայտնի հայ-թուրքական արձանագրությունների առաջացման պատրվակով դուրս եկավ կոալիցիայից և վայր դրեց գործադիր իշխանությունում իր զբաղեցրած բոլոր  պաշտոններն ու հայտարարեց, որ այլևս ընդդիմություն է, նրան սկզբնական շրջանում ընդդիմադիր դաշտում քչերն ուշադրություն դարձրեցին. ընդդիմությունը վաղուց արդեն զբաղեցված ու մենաշնորհված էր ՀՅԴ-ի երբեմնի ամենակատաղի հակառակորդի կողմից` ի դեմս ՀԱԿ-ի` ՀՀՇ-ի: Եվ ընդդիմության մենաշնորհը վայելող այս քաղաքական դաշինքը սկսեց «բոչկա  գլորել» ՀՅԴ-ի ուղղությամբ: Նախ` այն պարզ պատճառով, որ ՀՅԴ-ն եղել է կոալիցիայի անդամ, այսինքն` իշխանություններից դժգոհության հասցեատերերի մեջ  ուներ մեղքի իր բաժինը: Եվ երկրորդ` այս կուսակցության առաջին դեմքերին, որքան էլ որ ցանկանում ենք, չի ստացվում տեսնել ընդդիմության «խրամատում»: Օրինակ` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. այս մարդը Հայաստանի Հանրապետություն կոչվող երկրում մի քանի բիզնեսներ ունի, մշտապես ակտիվ բարիդրացիական հարաբերությունների մեջ է եղել երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որը  իշխանություններից դժգոհողների «սև ցուցակում» առաջնային հորիզոնականներ է զբաղեցնում:

Բացի այդ, ՀՅԴ-ի առաջին դեմքերից մեկն էլ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանն է, որը նույնպես մի քանի բիզնեսներ ունի Հայաստանի տարածքում, և նույնիսկ չար լեզուներն ասում են, թե համատեղ բիզնեսներ ունի նաև Քոչարյան ընտանիքի ներկայացուցիչների և երրորդ նախագահի մերձավորների հետ: Ամեն դեպքում կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալու պահին Վահան Հովհաննեսյանն ու Սերժ Սարգսյանի եղբայրը դեռ դե յուրե խնամիներ էին:

ՀՅԴ մեկ այլ նշանավոր գործիչ` կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանը, որ ճիշտ է, իր պահվածքով, գործունեությամբ, աշխատանքով միշտ էլ եղել և մնում է որպես ՀՅԴ տիպիկ ֆունկցիոներներից մեկը, սակայն չպետք է մոռանալ, որ ունի Վահագն Մկրտչյան անուն-ազգանունով եղբայր, որը ՀՀԿ-ական է` «օլիգարխիկ» համակարգի ներկայացուցիչ: Այսինքն` Լևոն Մկրտչյանն էլ խնամի-բարեկամական կապ ունի գործող իշխանությունների ներկայացուցիչների հետ: Եվ այս շարքը կարելի է երկար շարունակել…

Այսպիսով` ընտրությունների նախաշեմին այս քաղաքական ուժին սկսեցին մի քիչ նայել որպես ընդդիմադիր կուսակցության: Բայց ինչքան էլ որ ՀՅԴ ներկայացուցիչները «գլուխ էին գովում», թե իրենց ցուցակը կատարյալ է, ու եթե նույնիսկ այն համարներով գլխիվայր էլ շրջվի, միևնույն է, ոչինչ չի փոխվի, բոլորս էլ ապրում ենք Հայաստանում, որտեղ մարդիկ ճանաչում են իրար, որտեղ արդեն ապացուցված է` մարդիկ ընտրում են ոչ թե գաղափարները, ոչ թե թիմը, ոչ թե ծրագրերն ու հեռանկարները, այլ անհատներին: Ու այս առումով ՀՅԴ ցուցակը, իրոք, խոցելի էր: Նախ` Վահան Հովհաննեսյանը չունի այն հեղինակությունը, ինչ նրան վերագրում են ՀՅԴ-ում: Հետո` ցուցակի առաջնային տեղերում է հանգրվանել և արդեն պատգամավորական մանդատ ստացել աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Վարդանյանը, որը նախընտրական փուլում կարծում էր, թե հարաբերական դադարի հինգ տարիները բավարար էին` մարդկանց հիշողությունից մաքրելու այն փաստը, որ եղել է «ամենացավոտ» գերատեսչության ղեկավար: Ընդ որում` իրենից մարդիկ դժգոհ են եղել և մինչ օրս էլ դժգոհ են ու դեռ չեն մոռացել, որ հենց Աղվան Վարդանյանի անվան հետ էր կապված մանկատան սաների համար նախատեսված բնակարանների կառուցման գումարների և այլ յուրացումներ: Թեպետ դա բազմիցս հերքվել է թե՛ իր, թե՛ պատկան մարմինների կողմից, ժողովրդի սկզբնական տպավորությունն ամենևին էլ չի «սրբագրվել»:

Մի խոսքով, այդ մասին, ամենայն հավանականությամբ, մոռացել էր միայն նախկին սոցապ նախարարը կամ փորձում էր մոռանալ ու հայտարարում էր անարդարությունների, յուրացումների և այլնի մասին, իսկ մարդիկ` շարքային քաղաքացիները, նրա այդ ճառերը լսելիս հենց իրեն էին պատկերացնում «հակահերոսի» դերում:

Ամենախոստումնալից ու հեղինակություն վայելող ներկայացուցիչներն էլ, ինչպես, օրինակ` Լիլիթ Գալստյանը, այդ ցուցակում հայտնվեցին մոտավորապես աութսայդերի կարգավիճակում, եթե անգամ կուսակցությունը վերահաստատեր իր նախորդ ընտրությունների արդյունքները:

Կարճ ասած, այս քաղաքական ուժի առաջին դեմքերին մարդիկ չեն վստահում: Սա ամենևին չի նշանակում, թե մարդիկ չեն վստահում ամբողջ քաղաքական ուժին, և մանավանդ չի նշանակում, թե այս քաղաքական ուժն ի վիճակի չէ ինքնամաքրվելու կամ չունի դրա համար համապատասխան կադրեր ու ռեսուրսներ: Ոչ, ունի, ուղղակի, չգիտես թե ինչու, այդ մարդիկ ամեն անգամ չեն կարողանում ինքնահաստատվել կուսակցության առաջին դեմքերի շարքում: ՀՅԴ համակարգն իրական կուսակցական համակարգ է, որտեղ ամեն ինչ հստակ մեխանիզմներով է աշխատում, և Հայաստանի այլ քաղաքական ուժերի նման հրամանների ավտորիտար և  ուղղահայաց կատարողական մեթոդներով չի իրականացվում: Այստեղ շարքային կուսակցականի կարծիքը կարող է և հասնում է ամենավերին օղակին: Եվ շարքային կուսակցականն էլ լիովին հնարավորություն ունի կուսակցական համակարգով վեր բարձրանալու և ղեկավար դիրքերում հայտնվելու համար: Պարզապես ՀՅԴ-ն մի այլ թերություն ունի` երիտասարդ սերնդի դաստիարակության ու պատրաստման շատ լավ մշակված մեխանիզմ, որով երիտասարդները, իրոք, ռազմահայրենասիրական ոգի են ստանում և դաստիարակվում են որպես  իսկական քաղաքացիներ: Կարծես, թե առաջին հայացքից սա բացասական երևույթ չէ, բայց բանն այն է, որ դաշնակցական երիտասարդության շրջանում ամոթ է համարվում կարիերիստ լինելը, ընկերներից տարբերվել փորձելը, առավելությունները ցուցադրելը և այլն: Այստեղ ամեն ինչ համահավասարության սկզբունքով է ստեղծվում, բաշխվում ու տնօրինվում: Արդյունքում դաշնակցական երիտասարդները ձեռք են բերում խմբակային հարաբերությունների և հասարակական համակեցության համար ամենալավ հատկանիշներ, բայց «սպանում» են իրենց անհատականությունը: Այստեղ երիտասարդները վախենում են ցուցադրել իրենց առավելությունները, իրենց ուժեղ կողմերը, որպեսզի չխախտեն հավասարության սկզբունքը: Հետևաբար նաև չեն ինքնադրսևորվում կուսակցական աստիճանակարգության մեջ, ու կուսակցության տարբեր աստիճանի կառույցներում ավելի հազվադեպ է սերնդափոխություն կատարվում:

Փաստորեն ՀՅԴ-ի` Հայաստանի միակ կուսակցության, ինչպես Ալեքսանդր Իսկանդարյանն ու այլ քաղաքագետներ էին բնորոշում, «տխրահռչակ» առաջնորդները չեն փոխվում, որոնք արդեն հասցրել են հիասթափեցնել հասարակությանը, մինչև իսկ ձանձրացրել: Այս կուսակցությունը կարող է և պետք է կատարի իր սերնդափոխությունը, այլապես առաջիկայում լուրջ հաջողությունների հույս անգամ չի ունենա:

Միքայել ԳԵվՈՐԳՅԱՆ

Դիտվել է 1254 անգամ:
Print Friendly

Leave a Reply