Հայ կերպարվեստի հաջողությունները «Արթ Մոնակո 2012» միջազգային ցուցահանդեսում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 20, 2012 7:00

«Արթ Մոնակո 2012» միջազգային հեղինակավոր ցուցահանդեսն այս տարի վարակվել է հայկական շնչով: Ցուցադրված են եղել 5 մայրցամաքների շուրջ 4000 ժամանակակից կերպարվեստի գործեր, այդ թվում` Պիկասոյի, Բոթերոյի, Լիխտենշտեյնի և այլ մեծանուն արվեստագետների ստեղծագործություններ: Սակայն ցուցահանդեսի խորհրդանիշը եղել է Քոչարի եռաչափ տարածական նկարչության «Առաջին մեղք» ստեղծագործությունը:

Լիբանանահայ արվեստաբան Մովսես Հերկելյանը, որ ցուցահանդեսին մասնակցել է և՛ որպես ժյուրիի անդամ, և՛ որպես գալերիստ, «Անկախին» պատմեց հայկական կերպարվեստի հաջողությունների մասին այդ նշանավոր ցուցահանդեսում` ներկայացնելով մրցանակաբաշխության պատվավոր արդյունքները:

Մոնակոյի իշխանական «Գրիմալդի ֆորումի» կազմակերպիչների և տնօրինության կողմից սահմանված 7 մրցանակներից 2-ը բաժին է հասել հայերին: «Անհեթեթ գերիրապաշտություն» դպրոցին պատկանող գեղանկարիչներ Վահրամ Դավթյանի, Յուրի Ցվետաևի և Ռուբեն Աբովյանի ստեղծագործությունների համար մրցանակ է ստացել Լիբանանի «Նոյյան տապան» պատկերասրահը, որի հիմնադիրը Մովսես Հերկելյանն է: Նրան այդ կարևոր մրցանակը տվել են որպես միջազգային արվեստի մեջ թարմություն բերող գալերիստի:

Սակայն Մոնակոյի ցուցահանդեսում իր ինքնատիպությամբ և շուքով փայլել է Քոչարի «Տարածական» ստեղծագործությունը: Այն ցուցահանդեսին ներկայացվել է Հայաստանի «Բարձր արվեստ» ցուցասրահի հիմնադիր Սարգիս Գրիգորյանի կողմից` արժանանալով «Լավագույն ստեղծագործություն» մրցանակին:

Հերկելյանը պատմում է, որ ֆրանսիական ազդեցիկ «Լա գազետ դե արթս» երկլեզու (ֆրանսերեն և անգլերեն) արվեստի ամսագիրը բացառիկ համար է նվիրել Մոնակոյի ցուցահանդեսին, որում 9 էջ նվիրված է եղել հայկական ստեղծագործություններ ներկայացրած ցուցասրահներին, 3 էջ` «Բարձր արվեստին» և 6 էջ` «Նոյյան տապանին»: Իսկ ամսագրի շապիկը զարդարվել է Քոչարի ստեղծագործությամբ:

Քոչարի աշխատանքը Մոնակոյի ցուցահանդեսում ներկայացնելու գործում մեծ է եղել Մովսես Հերկելյանի դերը: Նա պատմում է, որ ցուցահանդեսի տնօրենին հրավիրել է Հայաստան, որպեսզի միասին քննարկեն Հայաստանում միջազգային ցուցահանդես անցկացնելու ծրագիրը, և օգտվելով առիթից` նրան տարել է Հայաստանի լավագույն թանգարաններ, այդ թվում` Քոչարի թանգարան, ներկայացնելով հայկական արվեստը: Ցուցահանդեսի տնօրենը շատ տպավորված է եղել Քոչարի ստեղծագործությամբ: Այդ ժամանակ էլ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Մոնակոյի ցուցահանդեսի խորհրդանիշը լինի Քոչարը: «Երկու տարի առաջ ցուցահանդեսի խորհրդանիշը Պիկասոն էր, նախորդ տարի` Մաքս էրնստը, իսկ այս տարի եղավ Քոչարը,-հպարտորեն ասում է լիբանանահայ արվեստաբանը` պատմելով, որ 2 շաբաթ Մոնակոյում  ցուցադրվել է ցուցահանդեսի պաստառը` ձևավորված Քոչարի ստեղծագործությամբ:

Այո, Քոչարը մեծ ընդունելություն գտավ միջազգային այդ ցուցահանդեսում: Սակայն արվեստաբանը հիշեցնում է, որ ժամանակին, երբ Քոչարը սկզբնավորեց տարածական կերպարվեստի ուղղությունը, արվեստաբանները նրա մասին շատ ավելի լավ էին խոսում, քան օրինակ` Պիկասոյի մասին. «Մեր ողբերգությունն այն է, որ այսօր աշխարհում Պիկասոյին շատ ավելի լավ են ճանաչում, նրա աշխատանքները շատ ավելի են գնահատված, քան Քոչարինը»:

Հայ գեղանկարիչներին աշխարհի հեղինակավոր ցուցահանդեսներում արդեն 26-րդ անգամ ներկայացնող հայ արվեստաբանը համոզված է, որ մեր կերպարվեստը մրցունակ է աշխարհում, և մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք այդ հանգամանքի վրա: Նրա ջանքերն ուղղված են հայրենիքում այդ գաղափարը ամրապնդելու և դա պետական քաղաքականություն դարձնելու գործին. «Հայաստանը ազգային-մշակութային քաղաքականություն չունի,- ասում է նա,- իսկ այն, ինչ կա, թերի է: Այնտեղ շատ լավ շարադրված է, թե ինչ պետք է անել, սակայն շարադրված չէ ամենակարևորը` ինչպես պետք է անել»:

Հայաստանում միջազգային ցուցահանդես կազմակերպելու նրա ծրագիրն այդ «ինչպես»-ներից մեկն է: Դրանցից է նաև միջազգային հարթակներում հայկական մշակութը ներկայացնելը: «Փաստը ցույց տվեց, որ եթե Քոչարը ցուցադրվի Եվրոպայում, կարժևորվի և կգնահատվի»,- նշում է նա:

Սակայն մշակույթ ասելով` Հերկելյանը չի հասկանում միայն կերպարվեստը, նա դրա մեջ ներառում է նաև գիտությունն ու սպորտը` նկատելով, որ մենք հաջողություններ ունեցող աշխարհասփյուռ շատ գործիչներ ունենք, սակայն նրանց ստեղծագործական միտքը ծառայում է օտարներին: Ուստի Հերկելյանը կարծում է, որ հայ ստեղծագործ միտքն ի նպաստ հայրենիքի ծառայեցնելու համար Հայաստանի մշակույթը պետք է քաղաքականանա, տնտեսականանա, և հակառակը` քաղաքականությունն ու տնտեսությունը` մշակութանան:

Երկրի զարգացման գործում մշակույթի մեծ դերը ցույց տալու համար Հերկելյանն ընդգծում է այն հանգամանքը, որ օտարերկրյա դեսպանատների կողքին ստեղծվում են նաև մշակութային կենտրոններ ու համալսարաններ: «Մենք ուրախանում ենք, որ մեզ մոտ ամերիկյան համալասարան է բացվում, սակայն ոչ ոք չի մտածում, որ այդ համալսարանների նպատակը մեր սերուցքը երկրից հանելն ու ի շահ իրենց պետության օգտագործելն է,- ասում է նա,- անգամ հայերն այդ համալսարանին փող են տալիս, ասես շատ լավ բան են անում, բայց իրականում ազգի համար լավ բան չեն անում»:

Հայաստանում մշակութային ոլորտի բացթողումների համար Մովսես Հերկելյանը չի մեղադրում ոչ ոքի` հասկանալով, որ դա փորձառություն է, որը ժամանակի ընթացքում պետք է ձեռք բերվի: «Մենք այդ ամենը չենք սովորել, չենք տեսել, և դրա համար էլ մեր այն հայրենակիցները, որոնք միջազգային հարթակներում հաջողություններ և փորձ ունեն, պետք է իրենց փորձն ու գիտելիքները տան հայրենիքին,- ասում է նա,- փորձը ցույց է տալիս, որ եթե ամեն ինչ լավ կազմակերպվի` ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում և ճիշտ ձևով, մենք մշակութապես հետ չենք մնա, անգամ, աշխարհի ամենազարգացած երկրներից»:

Դիտվել է 1733 անգամ:
Print Friendly

Leave a Reply