«Սիրո քրմուհիների» իրավունքները

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | June 16, 2012 7:00

 Երբ որևէ տեղ ինչ-որ խնդիր չեն կարողանում լուծել, օրինականացնում են: Այդ դեպքում չարիքը դադարում է  չարիք ընկալվելուց, ու դրա դեմ այլևս չեն պայքարում, կամ էլ չեն կարողանում պայքարել:

Ուղիղ տասը տարի առաջ Գերմանիայում ուժի մեջ մտավ մարմնավաճառությունն օրինականացնելու մասին օրենքը: Այդ որոշման հիմնական նպատակը սեքս ինդուստրիայում ներգրավված մարդկանց աշխատանքային պայմանների բարելավումը և նրանց սոցիալական պաշտպանությունն ապահովելն էր: Կարծես առաջին հայացքից  անկեղծ ու անմեղ հոգատարություն է ազատ հասարակության յուրաքանչյուր անդամի նկատմամբ: Ավաղ, փորձագետներն ասում են, որ այդ բարի նպատակն այդպես էլ մնաց անկատար:

Մարմնավաճառությամբ զբաղվողների իրավական հարաբերությունները կարգավորող օրենքն ուժի մեջ է մտել 2002-ի հունվարին: Դրանով իսկ մարմնավաճառությունը ճանաչվել է օրինական մասնագիտություն՝ կորցնելով «համընդհանուր բարոյական նորմերին հակասող» գործունեության կարգավիճակը: Օրենսդիրները միանգամայն բարի նպատակներ ունեին՝ ամրապնդել «սիրո քրմուհիների» իրավունքները՝ նրանց տրամադրելով սոցիալական պաշտպանություն և արհմիություններ ստեղծելու հնարավորություն:  Սակայն այսօր, ամփոփելով օրենքի տասնամյա գոյության արդյունքները, մեր զրուցակից, փորձագետ Ամալյա Բաբախանջյանը ստիպված է արձանագրել, որ Գերմանիայում մարմնավաճառության օրինականացումից առաջին հերթին հասարակաց տների տերերն են շահել: Իսկ հնագույն մասնագիտությամբ զբաղվողների կյանքում շատ քիչ, շատ քիչ բան է փոխվել…

– Ասեմ, որ 20 քսան տարի առաջ Գերմանիայում ստեղծվեց «Hydra» միավորումը, որի հիմնական պահանջը երկրում մարմնավաճառության օրինականացումն էր: Հինգ տարի անց`  հոկտեմբեր ամսին, Բեռլինում տեղի ունեցավ մարմնավաճառների առաջին համագումարը, որի նպատակն էր գրավել հասարակության ուշադրությունը փողով սեքս ծառայություններ մատուցող կանանց կարիքների ու խնդիրների նկատմամբ: Տասը տարի առաջ Բեռլինի դատարանն անօրինական ճանաչեց ոստիկանության ու իշխանությունների գործողությունները, որոնք փորձում էին փակել մայրաքաղաքի այն սրճարան-բարը, որտեղ էրոտիկ բնույթի ծառայություններ էին մատուցվում: Բայց, այնուամենայիվ, պետք է նկատի ունենանք, որ մենք Գերմանիայում չենք, գերմանացի չենք, ու այս օրենքը գործադիրը շրջանառելու դեպքում էլ հասարակական լայն զանգվածների շրջանում լուրջ ակտիվացում կմտցնի. մարդիկ այն ճիշտ չեն ընկալի, կմտածեն, որ սա ևս հերթական անգամ հասարակությանը մոլորեցնելու փորձ է,-  ասում է փորձագետ Ամալյա Բաբախանջյանը:

Մեր այն դիտարկմանը, թե՝ հիմա գերմանական բոլոր խոշոր քաղաքներում կան փողոցներ, որտեղ օրենքով թույլատրվում է զբաղվել մարմնավաճառությամբ, ինչպես երևանյան փողոցներում, մեր զրուցակիցը ասում է.

– Համամիտ եմ, օրինակ՝ Քյոլնի ու Համբուրգի հասարակաց տները հռչակված են ամբողջ Եվրոպայում և անգամ նրա սահմաններից դուրս: Միաժամանակ օրենքը քիչ բան է փոխել, շատ քիչ աղջիկներ են աշխատանքային պայմանագրեր կնքում, նրանց մեծ մասը նախընտրում է աշխատել առանց պայմանագրի: Երևանում, այո, ևս նմանօրինակ փողոցներ կան, որտեղ կարելի է երեկոյան հարմար գներով զվարճանալ: Տղամարդկանցից քչերը թերևս կարող են մտածել, որ այդ աղջիկների հետ մի քանի ժամ անցկացնելը հնարավոր է` շատ թանկ «նստի»… Բայց, դե, վարակվելու մասին հայերը քիչ են մտածում, երևի թողնում են բախտին,- նշում է փորձագետ Ամալյա Բաբախանջյանը:

Մարմնավաճառների շահերը ներկայացնող «Hydra» միջազգային հասարակական միավորման անդամները կարծում են, որ դրա պատճառն այն է, որ եվրոպական հասարակության մեջ դեռ պահպանվում է նախկին բացասական վերաբերմունքն այդ մասնագիտության ներկայացուցչուհիների նկատմամբ: «Իրենց մարմնի վաճառքով փող աշխատող կանանցից առաջվա պես բարոյական մեծ ջանքեր են պահանջվում՝ պաշտոնական փաստաթղթերը լրացնելիս գործունեության տեսակին վերաբերող տողում «մարմնավաճառ» բառը գրելու համար,- ասում է կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Լուի Շմիդխենսը:

– Մարմնավաճառությունն օրինականացնող օրենքներից առաջին հերթին հիմնականում շահում են հասարակաց տների տերերը,- խոստովանում է փորձագետ Ամալյա Բաբախանջյանը:

Նա ասում է, որ Եվրոպայում հաստատություններ կան, որտեղ աշխատող մարմնավաճառների թիվը հատում է երկու հարյուրի սահմանը:

Մարմնավաճառության մասին օրենքը օրինականացրել է նաև էրոտիկ ծառայությունների բոլոր տեսակները՝ հասարակաց տներից ու գործակալություններից սկսած մինչև հեռախոսային սեքս ծառայություններ ու փողոցային պոռնկություն: Այդ նորամուծության հակառակ երեսն այն է, որ ոստիկանության համար դժվարացել է անօրինական գործարքները և սեքս ինդուստրիայի ոլորտի մյուս խախտումները կանխելը: Հիմա ոստիկանության աշխատակիցները կարող են միջամտել միայն այն դեպքում, երբ կա օրենքի խախտման լուրջ կասկած կամ ապացույց:

Եվրոպական հանձնաժողովի պատվերով 150 երկրներում անցկացված համեմատական հետազոտության արդյունքներով այն պետություններում, որտեղ պոռնկությունը օրենքով թույլատրված է, մարդկանց վաճառքի ավելի շատ դեպքեր են արձանագրվել: Հետազոտության հեղինակներից մեկը՝ Հեյդելբերգի համալսարանի պրոֆեսոր Աքսել Դրեերը, դա բացատրում է հետևյալ կերպ. «Այն երկրներում, որտեղ պոռնկությունն օրինականացված է, սեքս ծառայությունների պահանջարկը շատ ավելի մեծ է, քան այնտեղ, որտեղ դա արգելված է: Համապատասխանաբար՝ այնտեղ ավելի շատ են նաև պոռնիկները: Իսկ նրանց շարքերում քիչ չեն այնպիսիք, ովքեր այդ երկրներ են հասել անօրինական ճանապարհով»:

Ուրոլոգ Դավիթ Շահնազարյանն այն կարծիքին է, որ էրոտիկ ծառայությունների բոլոր տեսակները՝ հասարակաց տներից ու գործակալություններից սկսած մինչև հեռախոսային սեքս ծառայություններն ու փողոցային պոռնկությունը, պետք է մտնեն օրինական դաշտ:

– Իմ հաճախորդներից շատերը բողոքում են: Մեկ գիշերվա համար վճարում են, ենթադրենք, 20 կամ 25 հազար դրամ ու ստիպված են լինում մի քանի անգամ ավելի վճարել բուժվելու համար: Մեր երկրում աղջիկները առողջական լուրջ խնդիրներ ունեն, շատերը «ստաժավոր» մարմնավաճառներ են և, անշուշտ, վտանգ են ներկայացնում: Իսկ հասարակաց տների ստեղծումը ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս վերահսկելու մարմնավաճառությամբ զբաղվող աղջիկներին,- նշում է ուրոլոգ Շահնազարյանը:

Մեր մյուս զրուցակիցը մարմնավաճառ է, անունը Լուիզ է, աշխատում է ամեն օր ու ամեն ժամ:

– Ես երևի այն քչերից եմ, որոնք հետևում են իրենց: Իհարկե, գները երևի ինձ մոտ մի քիչ բարձր են: Հիմնականում սպասարկում եմ սփյուռքահայերին ու արտասահմանցիներին, հայերի հետ գործ չեմ անում,- նշում է 28-ամյա Լուիզը:

Իր  ասելով` ամուսնացած չէ, երեխաներ էլ չունի:

– Ես կարծում եմ՝ մենք իրավունքներ չունենք: Եթե զբաղվում ես մարմնավաճառությամբ, ուրեմն ամենաստորն ես: Բայց ես էլ մարդ եմ, չէ՞: Հայերը բռնությունների սիրահար են, հարաբերությունից հետո սիրում են ծեծ ու ջարդով ավարտել ամեն ինչ, իսկ ես այն աղջիկներից չեմ, որ թքած ունեն ամեն ինչի վրա,- նշում է նա:

Մեր այն դիտարկմանն էլ, թե ե՞րբ կցանկանաս վերջ դնել այս ամենին, նա տալիս է անհավանական հետաքրքիր պատասխան.

– Ինչո՞ւ պետք է վերջ դնեմ, ես երևի այն շատ քչերի շարքն եմ դասվում, որոնք սիրում են  իրենց գործը: Ես հարգում եմ ինձ ու սիրում եմ իմ գործը: Հետո էլ՝ երկար ժամանակ չեմ պատրաստվում մնալ այստեղ, ուզում եմ դուրս գնալ, այնտեղ աշխատել: Ընտանիք ստեղծելու մտադրություններ չունեմ, սովոր եմ մենակ ապրել, չնայած ասում են՝ հաստատ ոչինչ մի ասա, չէ՞:

Վերջերս 72-ամյա մի տղամարդ մահացել է 62-ամյա մարմնավաճառուհու հետ սիրով զբաղվելու ժամանակ: Մահը վրա է հասել սեփական արհեստական ատամնաշարը (պրոթեզը) կուլ տալու պատճառով: Մարմնավաճառուհին պատմել է, որ ծերունին անսպասելի կորցրել է գիտակցությունը: Կինը փորձել է նրան ուշքի բերել, բայց` անօգուտ: Բժիշկները նույնպես փորձել են փրկել նրա կյանքը, բայց հիվանդանոցի ճանապարհին ծերունին մահացել է:

Օրերս Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում հաշվառված ու փաստացի մայրաքաղաքում բնակվող տաքսու վարորդ Կամո Բունիաթյանը դանակահարել է մի մարմնավաճառուհու: Իրավապահները մայիսի 5-ին հայտնաբերել և կալանավորվել են նրան: Ոստիկանության լրատվական ծառայությունից  տեղեկացնում են, որ քրեական գործը հարուցվել  է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով:

Կամոն մի մարմնավաճառուհու է սպասարկել` հընթացս մոտիկից ծանոթանալով նրա հետ: Օրեր անց տաքսու վարորդը երկրորդ անգամ է մոտենում տվյալ մարմնավաճառին` առաջարկելով գնալ մոտակա գյուղ` տատի տնից ինչ-որ բան բերելու, միաժամանակ խոստանալով, որ  ճանապարհին նաև մարմնավաճառի ծառայությունից կօգտվի: Էջմիածնի ճանապարհին Կամոն մեքենան կանգնեցնում է ամայի վայրում: Օգտվելով մարմնավաճառի ծառայությունից` նա հրաժարվում է վճարել կնոջը: Տղամարդը նախ ծեծում է մարմնավաճառին, հետո էլ դանակով 3 հարված հասցնում: Դանակի շեղբը թողնելով աղջկա մարմնի մեջ` Կամոն փախուստի է դիմում:  Տուժածը մի կերպ սողալով հասնում է  մոտակա  տներից մեկն ու օգնություն խնդրում: Վիրահատությունից հետո հաջողվում է փրկել մարմնավաճառի կյանքը, իսկ տեղի բնակիչները դեպքի մասին տեղեկացնում են ոստիկանությանը:

Մինչ իրավապահները փնտրել են Կամոյին, նա հասցրել է իր «ՎԱԶ-2106» մեքենան մասնատել ու վաճառել, սակայն ոստիկանության ՔՀԳ վարչության, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում հաջողվել է  Կամո Բունիաթյանին բերման ենթարկել:

 

Միքայել Ահարոնյան

Դիտվել է 1785 անգամ:
Print Friendly

Leave a Reply