Ինչպե՞ս տարբերել թացը չորից, կամ ովքե՞ր են իսկական նախագահները

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | June 19, 2012 7:00

Վերջին շրջանում սուր պայքար է ընթանում Հայաստանի մարզական երկու ֆեդերացիաների նախագահի պաշտոնի համար: Ովքեր ղեկավար դիրքում են, չեն ուզում զիջել: Փոխարենը, արդեն ի հայտ են եկել նաև նույն կազմակերպությունների նոր նախագահներ: Եվ ստացվում է, որ միևնույն պաշտոնում երկու մարդ կա: Տարբերությունը միայն այն է, որ նրանցից մեկը կազմակերպության կնիքը չունի, իսկ առանց դրա հնարավոր չէ որևէ գործարք կատարել, մասնակիցների գործուղել միջազգային ստուգատեսների և այլն:

Այդպիսի իրավիճակ է Հայաստանի ջրագնդակի և Ավտոմոբիլային ֆեդերացիաներում: Ընդ որում, այդ կազմակերպությունների երկուական ղեկավարներից յուրքանչյուրն էլ պնդում է, թե ինքն է իսկական նախագահը: Եվ քանի որ նրանք միայնակ չեն, համախոհներ ունեն, ստացվում է, որ մինչև խնդրի կարգավորվելը մեկ մարզաձևի երկու ֆեդերացիա է գործելու:

Մասնավորապես, Կարեն Գյունաշյանը պնդում է, որ ինքն է Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի իսկական նախագահը, քանի որ կազմակերպության վերջերս կայացած համաժողովում ինքն է այդ պաշտոնում ընտրվել: Նախագահ է մնում նաև Գագիկ Հովհաննիսյանը, որը չի մասնակցել այդ համաժողովին և իր մոտ է պահում կազմակերպության կնիքը: Բանն այն է, որ նրա պաշտոնավարության ժամկետը չի լրացել, իսկ հակառակորդները կարծում են, որ իշխանափոխությունն իրականացվել է օրինավոր ձևով` արտահերթ համաժողովում անցկացված ընտրությունում: Իսկ այդ ամենի պատճառը դարձել է այն, որ Հովհաննիսյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում փոքր-ինչ խեղաթյուրված է ներկայացրել այս մարզաձևի պատմությունը Հայաստանում: Փաստորեն, դա այնքան է զայրացրել, որ որոշել են նրանից ազատվել:

Այդուհանդերձ, Հովհաննիսյանը շարունակում է անտրտունջ աշխատել, պատրաստվում է իր համախոհների հետ միասին առաջիկայում անցկացնել Հայաստանի ջրագնդակի բաց առաջնություն, որին մասնակցելու է նաև ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներից կազմված թիմը:

Ի դեպ, ԱՄՆ-ում բնակվող մեր մի շարք հայրենակից վետերան ջրագնդորդներ, այդ թվում նաև մարզիչ Վահե Առաքելյանը և Հայաստանի դրոշի ներքո խաղալ ցանկացող նրա սաները նույնպես ընդգրկված են ֆեդերացիայի աշխատանքներում, դեմ են փոփոխություններին ու համագործակցում են միայն Հովհաննիսյանի հետ: Ընդ որում, ֆեդերացիան ունի իր կայքը, որն աշխատում է վերջինիս խմբի ուժերով:

Նույն վիճակն է նաև Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայում: Կազմակերպության երկարամյա նախագահ Մկրտիչ Փիլթոյանը ևս չի մասնակցել ֆեդերացիայի վերջերս կայացած արտահերթ համաժողովին, որտեղ նախագահ է ընտրվել Գագիկ Աղաջանյանը: Քանի որ կատարվածը Փիլթոյանը որակել է կապիկություն, չի հանձնել կազմակերպության կնիքը: Այստեղ էլ, ստացվում է, նույն անունով ֆեդերացիան երկու նախագահ ունի:

Խոսակցություններ են պտտվում, որ ստեղծված իրավիճակում հստակություն կարող է մտցնել միայն դատարանը: Իրականում դա քիչ հավանական է, քանի որ կարևորվում է այն հանգամանքը, թե ում են նախապատվությունը տալիս միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները: Այդ կառույցները կտրականապես դեմ են, որ միջամտեն հասարակական կազմակերպությունների գործերին, թեկուզ` պետական կառույցները, բարձրաստիճան այրերը: Այնպես որ թացը չորից տարբերելու համար, թերևս, կարիք զգացվի հրավիրել այդ երկու ֆեդերացիաների միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին և  տեղում պարզել, թե ինչն ինչոց է:

Դիտվել է 1307 անգամ:
Print Friendly

Leave a Reply