12 պարտիան քիչ է շախմատի աշխարհի չեմպիոնին որոշելու համար

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | June 17, 2012 7:04

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում վերջերս անցկացված շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան)-Բորիս Գելֆանդ (Իսրայել) մրցամարտի գլխավոր մրցավարը Աշոտ Վարդապետյանն էր: Առաջին անգամ էր երևանցի միջազգային կարգի մրցավարին վստահվել այդպիսի պատասխանատու պարտականություն: Երկու անվանի գրոսմայստերների  մրցամարտի հետ կապված մի շարք հարցերի պատասխանը ստանալու նպատակով զրուցեցինք Վարդապետյանի հետ:

Դասական շախմատի 12 պարտիաներում խաղացողները մեկական հաղթանակ տարան` մյուս հանդիպումներն ավարտելով ոչոքի: Լրացուցիչ մրցամարտի երեք պարտիաներն էլ խաղաղ ելք ունեցան, և Անանդի տարած մեկ հաղթանակն էլ բավարար էր, որ նա մնա չեմպիոնական գահին: Այն տպավորությունն չէ՞, որ մրցամարտում սրություն չկար, համենայն դեպս հաղթական պարտիաները քիչ էին:

– Եթե սոսկ վիճակագրությանն ապավինենք, ապա սիրողական մոտեցում դրսևորած կլինենք: Այսինքն` կարող ենք ասել, որ շատ բան չի կատարվել: Սակայն աշխարհի առաջնության մրցամարտը շատ ավելի խորք ունեցող իրադարձություն է, քան շախմատային ցանկացած մրցաշար: Թող ինձ ներեն Լևոն Արոնյանը և Վլադիմիր Կրամնիկը, սակայն վերջերս նրանց անցկացրած մրցամարտն էականորեն տարբերվում էր Անանդ-Գելֆանդ մրցամարտից, թեև առաջին անգամ աշխարհում մրցամարտում ուժերն էին չափում 2800-ից բարձր գործակիցներ ունեցող երկու ականավոր շախմատիստներ: Եվ թեև այն մեծ հետաքրքրություն էր առաջացրել, ընկերական խաղ էր: Իսկ Անանդը և Գելֆանդը պաշտոնապես պայքարում էին աշխարհի ուժեղագույնի կոչման համար, և մոտեցումն այլ էր: Շախմատի աշխարհի առաջնությունում էլ մրցակիցների խաղաղասիրությունը թվացյալ էր: Բանն այն է, որ պայքար էր ընթանում, մրցակցություն կար, թե ով  ավելի լավ «տնային պատրաստվածություն» կդրսևորի: Ընդ որում, մրցակիցներից ոչ ոք չէր ցանկանում համարձակ քայլի դիմել: Կարծում եմ` դասական շախմատի 12 պարտիան քիչ է աշխարհի չեմպիոնին որոշող մրցամարտի համար: Թերևս դրանով էր բացատրվում, որ գրոսմայստերները շատ զգուշավոր էին:

Այդուհանդերձ, կաճատև պարտիաները քիչ չէին:

– Այս մրցամարտում սահմանափակում չկար, և մրցակիցները, երբ կարճատև պայքարից հետո որոշում էին բաժանել միավորը, գլխավոր մրցավարի համաձայնությունը ստանալու կարիք չունեին: Իսկ եթե սահմանափակում կիրառվեր, և ստեղծված իրավիճակից դուրս գալու, պարտիան երկարացնելու, ոչ-ոքի արդյունքն օրինականացնելու համար մրցակիցները, իրար չհարգելով, ձևական քայլեր կատարեին, ավելի տխուր իրողության ականատես կլինեինք: Աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում ամեն բան ռազմավարական նշանակություն ունի: Օրինակ`  եթե Գարրի Կասպարովը կարճատև ոչ-ոքի չավարտեր մի շարք պարտիաներ, հնարավոր է` չհաղթեր Անատոլի Կարպովին և այդպիսի փառքի չարժանանար:

Շախմատիստներն ի՞նչ պայմաններում էին մրցում:

– Խաղում էին Տրետյակովյան պատկերասրահի ինժեներական մասնաշենքում: Բայց անվանումը խորհրդանշական էր, և պատկերասրահի ցուցադրության մի մասն այդտեղ էր գտնվում: Դահլիճը 400 տեղանոց էր և շատ բանով չէր համապատասխանում այդ կարգի մրցամարտի կազմակերպմանը: Հանդիպումների ժամանակ ասեղ գցելու տեղ չէր լինում, իսկ դրսում հարյուրավոր մարդիկ հերթ էին կանգնում, որպեսզի ներս մտնեն: Ընդ որում,  դահլիճին կից մի շարք սրահներ էին ազատվել և դրանցում շախմատային թեմաներով դասախոսություններ էին կարդում, վերլուծություններ կատարում, արագ շախմատի պարտիաներ, համաժամանակյա խաղաշարեր անցկացնում: Ընդհանուր առմամբ մթնոլորտը շախմատային էր, առավել ևս, որ աշխարհի բոլոր ուժեղագույն գրոսմայստերները, իրենց պարտքը համարելով, տարբեր օրերի ներկա գտնվեցին մրցամարտին: Դա ևս վկայում է այն մասին, թե ինչ մեծ հետաքրքրություն կար: Այցելուների թվում էին Լևոն Արոնյանը, Գարրի Կասպարովը, Անատոլի Կարպովը, Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Պյոտր Սվիդլերը, Էթյեն Բքրոն, Ժոել Լոթյեն, Պետեր Լեկոն, Ալեքսանդր Մորոզևիչը և ուրիշներ: Ի դեպ, մուտքն ազատ էր բոլորի համար: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեց ԽՍՀՄ նախագահ  ՄիխայիլԳորբաչովը: Իսկ մրցամարտի ավարտից հետո շախմատիստներին ընդունեց Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը: Դա ուշագրավ քայլ էր: Բանն այն է, որ մասնակիցներից ոչ ոք Ռուսաստանից չէր, մրցամարտը պետական ծրագրով չէր իրականացվում, հովանավորը մասնավոր էր:

Սովորաբար այդպիսի մրցամարտերի ժամանակ կողմերի միջև լարվածությունն այնքան մեծ է լինում, որ վերածվում է թշնամանքի: Այդ առումով արտառոց միջադեպեր չնկատվեցի՞ն:

– Այս անգամ մրցակիցները միմյանց նկատմամբ շատ հարգալից էին: Դրա վկայությունն են նաև կարճատև պայքարից հետո արձանագրված  խաղաղ արդյունքները: Մրցակիցները հարգում էին միմյանց: Օրինակ`դասական շախմատի պարտիաներից մեկում Անանդը մի փոքր առավելություն ուներ, և Գելֆանդին էլ 20 քայլ կատարելու համար շատ քիչ`մոտ 12 րոպե ժամանակ էր մնացել: Եվ այդ իրավիճակում Անանդն առաջարկեց պարտիան ավարտել ոչ-ոքի: Երբ այդ մասին լրագրողները հարցրին  նրան, ասաց, որ ինքը ոչ թե ժամանակն է գնահատում, այլ դիրքը, որը ոչ-ոքիի էր: Փաստորեն, երկու գրոսմայստերներն էլ իրենց առջև խնդիր չէին դրել ամեն գնով հաղթել: Ի դեպ, Գելֆանդը լրագրողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ասաց, որ տարիներ առաջ Վեսելին Տոպալովի և Վլադիմիր Կրամնիկի մրցամարտի ժամանակ առաջացրած «զուգարանային» աղմկահարույց միջադեպը (Տոպալովի թիմի ներկայացուցիչները մեծ աղմուկ  բարձրացրին, քանի որ պարտիայի ընթացքում Կրամնիկը հաճախակի էր գնում զուգարան) մեծ վնաս է հասցրել շախմատի հեղինակությանը, և այս մարզաձևը տասնյակ տարիներ հետ է շպրտել: Եվ նա աշխարհի առաջնության հավակնորդների, չեմպիոնական մրցամարտերի մասնակցող գրոսմայստերների պարտքն է համարել, որ նրանք ձգտեն բարձրացնել շախմատի իմիջը: Իմ խնդիրն էր ամեն  ինչ այնպես կազմակերպել, որ որևէ վիճահարույց հարց չառաջանա: Ի դեպ, ինձ էին մոտենում տարբեր երկրների լրագրողներ և ափսոսանք հայտնում, որ աղմկահարույց ոչ մի միջադեպ չկա: Ստացվում է, որ շախմատային աշխարհի ներկայացուցիչներից շատերին հետաքրքրում էր ոչ այնքան արդար պայքարում հաղթողը, որքան աղմուկը, որն աշխուժություն կբերեր: Ի դեպ, Գելֆանդն իր հեղինակությունը բարձրացրեց այն բանի շնորհիվ, որ, ստանձնելով բոլոր ծախսերը` հրավիրել էր իր բոլոր մարզիչներին` առաջինից մինչև վերջինը: Ընդ որում,  նրանք եկել էին իրենց կանանց հետ:

Իսկ ո՞վ էր օգնում Գելֆանդին:

– Նրա թիմը մեծ էր: Բորիսի վերջին տարիների անփոփոխ մարզիչը Խուզմանն է: Վերջերս Գելֆանդին օգնում է Իսրայելի երիտասարդ շախմատիստ Ռոդշտեյնը: Միացել էր նաև ռուսաստանցի էլյանովը: Իսկ Անանդին օգնում էին Նիլսենը, Կասիմջանովը, մի քանի մարզիչներ էլ կուլիսների հետևում էին:

Մրցավարության առումով դժվարին իրավիճակներ եղա՞ն:

– Մրցամարտի ընթացքում ամեն վայրկյան փորձել ենք զգաստ լինել, որովհետև կազմակերպիչները համապատասխան մակարդակը չէին ապահովել: Ընդ որում, կարողացել ենք կանխել կազմակերպիչների մի շարք սխալներ: Կազմակերպիչը Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան էր: Ընդ որում, մեծ ջանքեր էին թափվել, որ ամեն ինչ լավ անցնի, սակայն չէր ստացվել: Այդ է պատճառը, որ խնդիրները փորձում էինք տեղում լուծել: Ի դեպ, վերջում երկու շախմատիստներն էլ հատուկ շնորհակալություն հայտնեցին մրցավարական հանձնաժողովին լավ աշխատանքի համար: Իսկ Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովն էլ  մրցամարտի փակման հանդիսավոր արարողության ժամանակ նշեց, որ մրցավարների աշխատանքը և գրոսմայստերների դրսևորած հարգալից վերաբերմունքը հանգեցրել են նրան, որ վճռաբեկ հանձնաժողովը լրիվ  անգործության էր մատնվել:

Կանխատեսելի՞ էր արդյունքը: Բանը հասել էր արագ շախմատին, իսկ Անանդն այդ մրցաձևում միայն Արոնյանի հետ է դժվար խաղում:

– Մրցամարտից առաջ ես հայտնել էի, որ կողմերի հաղթելու հնարավորությունները 50:50 հարաբերակցությամբ են: Ի դեպ, մրցամարտն անցավ Գելֆանդի առավելությամբ, սակայն նյարդային պայքարում նա կոպիտ սխալներ թույլ տվեց և հաղթանակներ ձեռքից բաց թողեց: Արագ շախմատի 4 պարտիաներում էլ Գելֆանդն առավելություն ուներ կամ էլ պարտավոր էր հաղթել: Արագ շախմատի 3-րդ պարտիայում, երբ ես նայեցի  Անանդի դեմքին, զգացի` նա հասկացել է, որ պարտվում է, սակայն մի քայլ հետո` Գելֆանդի սխալից հետո, նավակային վերջնախաղում հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի: Ընդ որում, եթե այդպիսի դիրքում պատանիները չեն  հաղթում, նրանց անգամ առաջին կարգ չեն շնորհում: Ի դեպ,  արագ շախմատի այն պարտիան, որը Գելֆանդը տանուլ տվեց, կարելի էր նաև ոչ-ոքի ավարտել:

Շախմատիստներն ինչո՞վ էին ներկայանում մրցավայր:

– Գելֆանդն իջևանել էր ոչ հեռու գտնվող «Պարկ ինն» հյուրանոցում և իր շքախմբի հետ միասին ոտքով էր գալիս: Ընդ որում, առջևից քայլում էր Հայաստանի տղամարդկանց հավաքականի բժիշկ Արմեն Աղուզումցյանը: Անանդը մրցամարտի կազմակերպիչների հետ միասին մնում էր Կեմպինսկի «Բալչուկ»  հյուրանոցում և գալիս էր ավտոմեքենայով: Ընդ որում, կազմակերպիչներն ինձ ևս ավտոմեքենա էին տրամադրել, սակայն գերադասում էի 10-12 րոպե քայլել և այդ հյուրանոցից ոտքով մրցավայր հասնել: Իսկ Անանդն իր կնոջ հետ միասին խաղից  կես ժամ առաջ էր ներկայանում: Ընդ որում, ինձ համապատասխան համակարգչային տեխնիկա էր տրամադրվել, որի օգնությամբ հնարավոր էր հետևել երկու շախմատիստների շարժին:

Վերջում փողերի մասին: Ինչպե՞ս բաշխվեցին դրանք խաղացողների միջև:

– Պարգևատրման հիմնադրամը 2 մլն 550 հազար դոլար էր: Նախատեսվում էր, որ հաղթողը կստանա դրա 60, պարտվողը` 40 տոկոսը: Սակայն քանի որ մրցամարտի հիմնական պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի, հաղթողը ստացավ 55, պարտվողը` 45 տոկոսը: Այսպիսով, Անանդը ստացավ շուրջ 1 մլն 400 հազար, իսկ Գելֆանդը` 1 մլն  150 հազար: Ի դեպ, մեծ աղմուկ է առաջացել, և Իսրայելում պայքարում են ի պաշտպանություն Գելֆանդի: Բանն այն է, որ ըստ այդ երկրի օրենքի` վերջինս իր հասույթի 48 տոկոսը պետք է հատկացնի պետությանը: Վրդովմունքը տեղին է, և փորձում են օրենքում փոփոխություն կատարել, որպեսզի Գելֆանդը և մյուս մարզիկները չտուժեն: Ընդ որում, պետությունը Գելֆանդի համար ոչինչ չի արել, ո՛չ ֆինանսավորել է, ո՛չ նախապատրաստել:

 

Դիտվել է 1568 անգամ:
Print Friendly

Leave a Reply