Ոստիկան-նկարիչն իր առաջին անհատական ցուցահանդեսով ներկայացավ հանրությանը
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | ankakh | June 14, 2012 17:12
Հայաստանի վաստակավոր նկարիչ Սիմոն Գալստյանը որդուն` Հայկին, ապագա նկարիչ էր պատրաստում: Դպրոցն ավարտելուց հետո նրա հետ լրջորեն պարապում էր, որպեսզի որդին ընդունվի Գեղարվեստի ակադեմիա: Սակայն այնպես է ստացվում, որ առաջին տարին Հայկը չի հասցնում մասնակցել ընդունելության քննություններին, իսկ հաջորդ տարի զորակոչվում է բանակ` ծառայելով ոստիկանության զորքերում: Դա նրա համար ճակատագրական է լինում: Բանակից վերադառնալուց հետո նա ընդունվում է ոչ թե Գեղարվեստի ակադեմիա, այլ հետախուզական դպրոց:
31 տարի ոստիկանական համակարգում աշխատելուց հետո Հայկ Գալստյանն իրականացնում է հոր երազանքը` դառնալով նկարիչ:
«Ես աշխատում էի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության սպանությունների բաժնում, և մի դիպված ճակատագրական եղավ, որ նորից մոտենամ գեղանկարչությանը,-պատմում է նա,-վարչությունում ստեղծվել էր մշակութային արժեքների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժին, որը 1997 թվականից ես էի ղեկավարում: Գործի բերումով սկսեցի հաճախակի շփվել արվեստի ստեղծագործությունների հետ, որն էլ պատճառ դարձավ, որ սկսեմ նկարել»:
Երբ 2000 թվականին մահանում է հայրը, Հրաչ Գալստյանը հաճախակի է լինում հոր արվեստանոցում, որի հարևանությամբ էլ գտնվում էր գեղանկարիչ
Աշոտ Ասատրյանի արվեստանոցը: Վերջինս նույնպես մեծ դեր է ունենում նրա` գեղանկարչություն մուտք գործելու ճանապարհին:
«Արդեն 2 տարի է` ոստիկանական համակարգից դուրս եմ եկել` թոշակի անցնելու պատճառով, և հիմա ողջ ժամանակս տրամադրում եմ նկարելուն»,-ասում է Հայկ Գալստյանը:
Մեկ տարի առաջ նա մեկում է Արևմտյան Հայաստան` շրջագայության, որտեղ էտյուդներ է անում: Վերադառնալով Երևան` մտածում է երկու Հայաստանների մասին գեղանկարների ցուցահանդես կազմակերպել:
Ցուցահանդեսի բացումը կայացավ այսօր` հունիսի 14-ին` ՀՀ մշակույթի նախարարության Հովհաննես Շարամբերյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: Այն կրում է «Հայաստան աշխարհ» խորագիրը: Գեղանկարներում երկու Հայաստանների բնաշխարհն է` պատմական հուշարձաններով, ինչպես նաև երևանյան տեսարաններ, դիմանկարներ, նատյուրմորտներ:
«Հայկի մեջ ամենաշատը գնահատում եմ աշխատասիրությունը, առանց որի հնարավոր չէր նման արդյունք ունենալ,-նշում է գեղանկարիչ Աշոտ Ասատրյանը,-նրա նկարչությունը անմիջական, պարզ և լուսավոր նկարչություն է` հատկապես բնանկարները: Կարծում եմ` նրա ձեռքբերումները բնանկարի մեջ են: Ինչ վերաբերում է կրթությանը, ապա դա շատ հարաբերական է, քանի որ շատ մասնագիտական կրթություն ստացած մարդիկ էլ չեն դառնում նկարիչ: Ամենակարևորը նրա ներսում է»:
«Հայկ Գալստյանը շուտով Նկարիչների միության անդամ կդառնա, և ինքնուս բառն էլ նրա ստեղծագործությունից կհանվի, քանի որ նա լիովին արժանի է
միության անդամ դառնալուն»,-հայտնեց գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության բյուրոյի քարտուղար Արարատ Խանզադյանը:
Ի դեպ, ցուցահանդեսին մասնակցում էր նաև Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ով նկարչի դասընկերն է: Խոսելով ընկերոջ մասին` Ավետիք Իշխանյանը հիշեց. «Մի քանի անգամ ինձ հանդիպել են մարդիկ, ովքեր ճանաչելով Հայկին` որպես ոստիկան, նրա մասին արտահայտվել են. «Այնքան լավ մարդ է, որ կարծես ոստիկան չլինի»: Թող ինձ ներեն բոլոր ոստիկանները, պարզապես Հայկի մասին խոսելիս` չէի կարող դա չհիշատակել»,-ասաց նա:
Հայկ Գալստյանն էլ, ի պաշտպանություն ոստիկան-գործընկերների, նշեց, որ նրանց մեջ կան շատ արժանավոր մարդիկ, հիանալի երաժիշտներ, նկարիչներ, անգամ դերասաններ, ինչին ի պատասխան, Իշխանյանը կատակեց. «Դերասաններ` այո…»:
Հայկ Գալստյանի կտավները Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կլինեն մինչև հունիսի 20-ը:






Facebook
Tweet This
Email This Post
