Զվարճանքներ` կյանքի սպառնալիքով

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | June 14, 2012 18:03

 Էլիտար շենքերի լայնածավալ շինարարությունը քաղաքի տարբեր հատվածներում քիչ էր, հիմա էլ զվարճանքի կենտրոնի կառուցումն է երևանցիների համար իսկական պատուհաս դարձել` հարուցելով քաղաքամայր Երևանի որոշ բնակիչների անհանգստությունն ու դժգոհությունը:

Վերջին օրերին մամուլում հետաքրքրություն առաջացավ և բավականին աղմուկ բարձրացավ Շենգավիթ համայնքում իրականացվող մի շինարարության  կապակցությամբ, որը հարուցել է նույն համայնքի մի քանի ընտանիքների բողոքն ու դժգոհությունն առ այն, որ շինարարությունն իր բնույթով սպառնում է իրենց անվտանգությանը կամ նպաստում է  բնակպայմանների կտրուկ վատթարացմանը, նույնիսկ խոսվում է այդ բնակարանները հիմնահատակ քանդելու մասին:

Արդեն մի քանի ամիս է, ինչ Արշակունյաց պողոտային հարող Բունիաթյան փողոցում գտնվող նախկին ոսկերչական  գործարանի տարածքում իրականացվող լայնածավալ շինարարությունը, որի արդյունքում, պարզվում է, հսկայական զվարճանքի կենտրոն է կառուցվելու, «փշերի վրա է պահում» Բունիաթյան 9/1, 9/2, 9/3, 9/4 և 9/5 բնակարանների բնակիչներին: Նրանք ահուդողով սպասում են, որ կա՛մ շինարարության  հետևանքով թուլացած հիմքերով իրենց տները ուր որ է կփլվեն, կա՛մ էլ շինարարությունն իրականացնողների «թեթև ձեռքով», բայց շատ ծանր տեխնիկայով հիմնահատակ կքանդվեն:

Բանն այն է, որ նախկին ոսկերչական գործարանի տարածքում փորվել է շատ խորը և ահռելի մակերեսով փոս` նախատեսված բազմահարկ շինության համար: Եվ քանի որ նշված  հասցեում գտնվող փոքրիկ բնակարան-առանձնատները, փաստորեն, գտնվում են հենց շինարարական տարածքի հարևանությամբ, լրջորեն խարխլվել են այդ տների հիմքերը` շինությունների ճակատային զգալի հատվածը բառացիորեն թողնելով օդի մեջ և բախտի հույսին:

Հենց նման հույսով ու մշտական սրտի դողով է իր 9/3 հասցեի բնակարանում արդեն քանի օր միայնակ բնակվում Կարեն Մինասյանը, որի յոթհոգանոց ընտանիքի մյուս անդամները, զրուցակցիս հավաստմամբ, ճարահատյալ տեղափոխվել են ծանոթ-բարեկամների բնակարաններ` փլուզման վտանգից ու դրա դժբախտ հետևանքներից զերծ մնալու համար:  Մինասյանի խոսքով` շինարարական աշխատանքներն իրականացնող «Շինտավր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` հանձին տնօրեն Գարեգին Մկրտչյանի, իրեն առաջարկել է նախ 10, այնուհետև մինչև 50 հազար ԱՄՆ դոլար` որպես բնակարանի արժեքի փոխհատուցում, որպեսզի ինքը լքի իր տունն ու քաղաքի մեկ այլ հատվածում նշված գումարով նոր բնակարան ձեռք բերի: Սակայն Մինասյանը հրաժարվել է այդ գումարից, քանզի պարզել է, որ իրեն հարմար ու իր տանը համարժեք տուն, թեկուզ քաղաքի ծայրամասում, այդ գումարով չի կարող ձեռք բերել և մնացել է տանը` վերջին հույսը թողնելով պատկան մարմինների արձագանքի և համապատասխան իրավական գնահատականի վրա:

Մի՞թե մինչև  հիմա` այս վեց ամիսների ընթացքում, այդ պատկան մարմինները, որոնք տվյալ դեպքում հանդիսանում են Շենգավիթ համայնքի թաղապետարանն ու Երևանի քաղաքապետարանը` իրենց համապատասխան բաժիններով, ոչինչ չեն արել այս խնդրի լուծման ուղղությամբ: Բնակիչները փաստեցին, որ իրենք բազմիցս դիմում-նամակներ են հղել իրենց համայնքի թաղապետարան, սակայն դիմումներից որևէ մեկին պատասխան չեն ստացել, նույնիսկ կրկնակի դիմում են գրել` նախորդ դիմումների պատասխանը պահանջելով, սակայն ապարդյուն:

Բնակչուհիներից Թամարա Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք դիմել են թաղապետարան դեռ մարտ ամսին, և իրենց ասել են, որ հարկավոր է SMS հաղորդագրություն գրել իրենց թաղապետարանի դիմումների բաժնի կարճ համարին, որից հետո հարցը կքննարկվի և 30 օրվա ընթացքում պատասխան կտրվի: Սակայն բնակչուհին հավատացրեց, որ ո՛չ SMS-ով, ո՛չ էլ ծանուցագրի կամ նամակի տեսքով որևէ պատասխան չեն ստացել: Դրանից հետո նրանք հունիսի 7-ին հերթական դիմում-նամակն են հղել արդեն Երևանի քաղաքապետ Տարոն  Մարգարյանին, որի պատասխանը ևս պետք է ստացվի 30 օրվա ընթացքում, և այժմ բնակիչները սպասողական վիճակում են:

Դիմումները նախ եղել են կոյուղագծի քանդման և հիմնապատերի թուլացման կապակցությամբ, քանզի շինարարական ընկերությունը հենց բնակիչների տների միջից քանդել էր եղած կոյուղագիծը` իբր նորն ու ավելի լավը կառուցելու նպատակով, սակայն այդպես էլ թողել էր կիսաքանդ` բավականին ուշացումով կոյուղագծի միայն մի մասը վերականգնելով:  Փաստորեն, բնակարաններից ոչ բոլորն են այս պահին ապահովված կոյուղիով:

Մինասյանն ու մյուս բնակիչները նաև չեն կարողացել պարզել, թե, ի վերջո, ով է կանգնած այս հսկայական ու բազմամիլիոնանոց շինարարության հետևում, իսկ «Շինտավրից» էլ, բնակիչների փոխանցմամբ, ամեն գնով խուսափում են պատասխանել այդ հարցին և նշել որևէ մեկի անունը` ակնարկելով, թե շատ լուրջ մարդ է դրա տերը, և նրա մոտ մտնելու համար ամիսներով  է պետք հերթագրվել:

Մենք ևս մեր կողմից ձեռնամուխ եղանք այս հարցի շուրջ «Շինտավր» ՍՊԸ-ից պարզաբանումներ ստանալուն` փորձելով զանգահարել ընկերության տնօրեն Գարեգին Մկրտչյանին, սակայն վերջինս կա՛մ չէր պատասխանում մեր զանգերին, կա՛մ էլ հետաձգում էր հեռախոսազրույցը` պատճառաբանելով, թե զբաղված է:

Ի դեպ, բնակիչները հայտնեցին, որ իրենք այդ բնակարանների սեփականաշնորհման վկայականները չունեն, քանզի ինչ-ինչ տեխնիկական բարդությունների պատճառով մինչ այժմ չեն կարողացել սեփականաշնորհել, սակայն հավաստիացրին, որ այդ տները կառուցվել են ավելի քան 50 տարի առաջ: Օրինակ` Կարեն Մինասյանը 1956 թվականից բնակվում է այդ տանը: Ուստի կառուցապատող կողմը փորձել է, դա հիմք ընդունելով, պարզաբանել, որ իրենք որևէ իրավունք չունեն բողոքելու, քանզի այդ բնակարանների սեփականաշնորհման վկայականները չունեն: Սակայն բնակիչներն էլ իրենց կողմից հակառակել են. թեպետ սեփականաշնորհման վկայականներ չունեն, բայց գրանցված են այդ հասցեներում, և այսքան տարիներ ապրելով այդ բնակարաններում` ամեն ամիս վճարել են բոլոր կումունալ վարձերը և հարկ եղած դեպքում պատրաստ են տրամադրել այդ վարձավճարների մուծումների  մասին փաստող կտրոնները:

Ի պատասխան կառուցապատողների դիրքորոշման` շինարարությունից տուժած բնակիչներն էլ փորձել են ճշտել, թե արդյոք «Շինտավր» ՍՊԸ-ն համապատասխան մարմիններից ստացե՞լ է շինարարության թույլտվություն, և եթե այո, ապա պահանջե՞լ են ցույց տալ դրա վերաբերյալ փաստաթուղթը, ինչը, սակայն, «Շինտավրի« կողմից չի տրամադրվել` պատճառաբանելով, որ իրենց ընկերությունը պարտավոր չէ նման փաստաթուղթ ներկայացնել բնակիչներին: Վերջիններս էլ եզրակացրել են, որ իրականում ոչ մի փաստաթուղթ էլ չկա, և շինարարությունն, ըստ իրենց, ապօրինի է կամ թույլատրված չէ:

Այժմ Բունիաթյան 9 հասցեում բնակվող ընտանիքները շարունակում են սպասողական վիճակում ապրել իրենց բնակարաններում` մինչև պատկան մարմիններից համապատասխան  պատասխան կստանան, և խնդրի լուծմանն ուղղված հստակ քայլեր կձեռնարկվեն, եթե, իհարկե, մինչ այդ իրենց բնակարաններում որևէ վթար կամ փլուզում տեղի չունենա:

Հուսանք, որ քաղաքապետարանի պատասխանն ու խնդրին պատշաճ լուծում գտնելը երկար չի ձգվի:

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Դիտվել է 1871 անգամ:
Print Friendly

Leave a Reply