Ձերբակալվել է ՔԿՀ վարչության նախկին պետը,ԱԱԾ-ն հաստատում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 14, 2012 17:03

Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործի շրջանակներում օրերս ձերբակալվել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը:

Ինչպես հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել «Փաստինֆո» գործակալությանը՝ Ս.Հովհաննիսյանը կասկածվում է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով և պատվերով սպանություն նախապատրաստելու մեջ:

Ըստ նույն աղբյուրի՝ խոսքը վերաբերում է դատապարտյալների միջոցով մեկ այլ դատապարտյալի սպանություն նախապատրաստելու մասին:

Այդ մասին լուրը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ լրատվական կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը:

Նշենք, որ Սամվել Հովհաննիսյանը Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի խնամին է եղել և ըստ որոշ հրապարակումների, Հովհաննիսյանի որդին ու Զախարյանի աղջիկն այժմ ամուսնալուծված են: Հովհաննիսյանը ՔԿՀ վարչության նախկին պետի պաշտոնից ազատվել է 2006-ի հունիսին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով: Այնուհետև նրա դեմ քրեական գործ հարուցվեց` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետի հատկանիշներով` մարդու առևանգում կազմակերպված խմբի կողմից: Հովհաննիսյանը կալանավորվել է և 5 ամիս մնացել կալանքի տակ, սակայն հետո նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Ըստ «Փաստինֆո» լրատվական գործակալության, այժմ Հովհաննիսյանը կասկածվում է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով և պատվերով սպանություն նախապատրաստելու համար: ԱԱԾ լրատվական ծառայությունից, սակայն, չեն շտապում բացահայտել, թե հատկապես ինչ քրեական գործի շրջանակներում է ձերբակալվել Սամվել Հովհաննիսյանը:

 

Դիտվել է 1541 անգամ:
Print Friendly

Leave a Reply