Հայաստանը ՄԱԿ-ի բանաձևերում չի հիշատակվել որպես հակամարտող կողմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 14, 2012 16:14


Այսօր լրագրողների հետ հանդիպմանը սահմանային միջադեպերի մասին իրենց կարծիքն ու դիտարկումները հայտնեցին Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիրներ Լևոն Գևորգյանը ու Տարոն Սիմոնյանը:
Լևոն Գևորգյանը նշեց, որ Հայաստանի կողմից ադրբեջանական դիվերսիաներին տրված պատասխան գործողությունները ինքնապաշտպանության դրսևորում են, որոնք համապատասխանում են ՄԱԿ-ի կանոնադրությանը, և հավելեց, որ այստեղ խոսքը ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված ուժի գործադրման արգելքի խախտման մասին է, որը թույլ է տալիս տուժած կողմին համաչափության և անհրաժեշտության շրջանակներում դիմել ինքնապաշտպանության միջոցների:
“Նրանք պնդում են, թե Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ոչ այլ ինչ, քան օկուպանտ, որը, ըստ իրենց դիրքորոշման, ագրեսիայի դրսևորումներից մեկն է, և հենց իրենց գործողություններն են հանդիսանում ինքնապաշտպանություն”,- նկատեց բանախոսն ու ավելացրեց, որ եթե թեկուզ, ըստ Ադրբեջանի, Հայաստանը համարվում է օկուպանտ, ապա նրա գործողությունները նույնիսկ այդ դեպքում են իրավաչափ:
Ի դեպ, Գևորգյանը նաև նշեց, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը 1993 թ.-ին 4 բանաձևերով անդրադարձել է ԼՂՀ հակամարտության թեմային և այդ բանաձևերից ոչ մեկում էլ Հայաստանը չի հիշատակվել որպես հակամարտող կողմ:
Իսկ ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման վտանգին, ապա Տարոն Սիմոնյանը նշեց, որ ցանկացած դեպքում, երբ ուժի գործադրման արգելքի սկզբունքն է խախտվում, մյուս կողմը իրավունք ունի ինքնապաշտպանական գործողությունների դիմել, իսկ թե դրա արդյունքում կառաջանան լայնամասշտաբ ռազմական գործողություններ, թե ոչ, դա արդեն փաստի հարց է:

Դիտվել է 976 անգամ:
Print Friendly

Leave a Reply