Թողարկվել է «Սերգեյ Փարաջանով» նոր հուշադրամ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 14, 2012 10:01


Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Աշխարհի հայտնի ռեժիսորները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամ` նվիրված Սերգեյ Փարաջանովին:
Հուշադրամի դիմերեսի աջում պատկերված է Սերգեյ Փարաջանովի կոլաժից հատված, ձախ մասում Փարաջանովի դիմապատկերն է: Կենտրոնում կինոխցիկ է ամրակալանի վրա, որից աջ ճեղքված նուռ է, իսկ ձախ` դրամահատարանի առեւտրային նիշը: Ներքևում Հայաստանի Հանրապետության զինանշանն է եւ հուշադրամի անվանական արժեքը` «DRAM 100 ԴՐԱՄ»: Ձախում ուղղահայաց հայերեն, իսկ ներքեւում հորիզոնական անգլերեն համապատասխանաբար մակագրված են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA»: Վերեւի աջում ուղղահայաց նշված է թողարկման տարեթիվը` «2012»:
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում Փարաջանովի դիմապատկերն է, որից վերև «SERGEI PARAJANOV» ոճավորված մակագրությունն է: Վերևի աջ անկյունում Փարաջանովի «Ֆաբերժեի հիշատակին» կոլաժից հատված է, իսկ դրանից ներքև՝ Փարաջանովի ինքնատիպ ստորագրությունը, որն ավարտվում է անսովոր կափարիչով. ռեժիսորը դրա վրա քերծելով գծել է Պուշկինի դիմանկարը: Ձախ կողմում ուղղահայաց մակագրված են Փարաջանովի ծննդյան և մահվան տարեթվերը` «1924 – 1990»:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Ուրսուլա Վալեժակը: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը.

Անվանական արժեքը 100 դրամ
Մետաղը եւ հարգը արծաթ, 9250
Քաշը 28,28 գ
Չափը 28,0 x 40,0 մմ
Դրամաշուրթը հարթ
Որակը պրուֆ
Տպաքանակը մինչեւ 5555 հատ

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply