Ոստիկանները խախտել են ցուցարարների իրավունքները Կառավարության և ԱԺ շենքերի առջև

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 23, 2009 12:18

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նամակ է հղել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին` ներկայացրելով երեկ կառավարության և ԱԺ շենքերի առջև ոստիկանների կողմից ցուցարաների իրավունքների խախտումները և պահանջել է հետաքննություն իրականացնել:

Երեկ կառավարության շենքի առջև շուրջ 2 տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել` ըննդեմ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման և ի նշան անհամաձայնության վարչապետի արտահայտած մտքի, թե իշխանությունները իրենց գործողություններով պատասխանատու են միայն 3 մլն հայաստանցիների առջև:

Փոստանջյանը իր նամակում նշում է, որ Կառավարության շենքի առջև ցուցարարներին դիմավորել են 20-ից ավել ոստիկաններ, որոնք շուտով  հարձակվել են ցուցարարների վրա` բռնի ուժով խլելով և պատռելով պաստառները:

Փոստանջյանը նշում է, որ հարցադրմանը, թե ինչ հիմունքներով են խոչընդոտում բողոքի խաղաղ ակցիան, ոստիկանները տվել են նման բացատրություններ. «չի կարելի, իրավունք չունեք, արգելված է» :

Կառավարության շենքի առջև մեկ ժամից ավել տևած բողոքի ակցիայից հետո ցուցարարները ցանկացել են իրականացնել քայլերթ դեպի նախագահական նստավայր: Ոստիկանները փորձել են խոչընդոտել` փակելով ճանապարհը, սակայն ցուցարարները կարողացել են ճեղքել «պատը» և առաջ շարժվել:

Ցուցարարներին ԱԺ շենքի մոտ դիմավորել են շուրջ 25 ոստիկաններ, որոնք կասեցրել են երթը: Ոստիկաններից մեկը սկսել է քաշքշել Փոստանջյանին` նրան մեղադրելով իր բջջային հեռախոսի գողության մեջ:

Ոստիկանների և ցուցարարների վեճին միջամտել են նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը և Արմեն Մարտիրոսյանը` փորձելով ոստիկանների հետ պարզաբանումների միջոցով հասնել օրենսդրության կիառմանը: Ոստիկանները, սակայն տեղի չեն տվել` թույլ չտալով շարունակել քայլերթը:

Դիտվել է 1276 անգամ:
Print Friendly

Leave a Reply