Լեզվաբանական համալսարանի ռեկտորն իր նոր աշխատասենյակում «չար ոգիներին» քշելու համար խունկ է վառել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 13, 2012 20:46

Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նորընտիր ռեկտոր Գայանե Գասպարյանը, համաձայն բուհի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի՝ իր նոր աշխատասենյակ մտնելուց հառաջ խունկ է վառել, որպեսզի «չար ոգին հեռանա» և , առհասարակ, խունկ են վառել այն բոլոր անձանց սենյակներում, որոնք դիմում են գրել ու հեռացել աշխատանքից:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սուրեն Զոլյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կարծիքի է բուհի նորընտիր ռեկտորի մասին:

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից կարգապահական տույժի ենթարկված, ապա աշխատանքից ազատված ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը ռեկտորի պաշտոնում վերականգնվելու համար իր իրավունքները վիճարկում է Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Tert.am – ի այն հարցին, թե ինչու երեկ բուհի ռեկտորի ընտրությանը զուգընթաց «արհամարհանքի պիկետ» անող ուսանողները հազիվ մի քանի հոգի լինենին, այն դեպքում, երբ սկզբում բողոքում էին մի քանի հարյուր ուսանողներ, իսկ բակում նոր ռեկտորին վարդերով դիմավորում էին բուհի գրեթե ողջ պրոֆեսորադասախոսական կազմը` Սուրեն Զոլյանը պատասխանեց.

«Ինչու են քիչ ուսանողներ եկել, ես չգիտեմ, սա ուսխորհրդի խնդիրն է, ոչ թե ուսանողության: Բնական է, քննություններ են ընթանում, ուսումնական տարին ավարտվել է, որովհետև իմ ժամանակ ներդրվեց մի համակարգ, երբ ուսանողը քննությունը ստանում է ընթացքում: Իսկ այն, որ ուսանողներին թույլ չեն տվել մտնել շենք՝ անկախ նրանից քանիսն են եկել`աղաղակող, խայտառակ երևույթ է: Ինչ վերաբերում է վարդերով դասախոսներին, ապա դա նրանց անձնական գործն է»:

Բուհի ռեկտորի ընտրությունները Սուրեն Զոլյանին չեն հետաքրքրում, որովհետև ինքը դատարանի միջոցով է իր իրավունքները վերականգնելու, սակայն համարում է, որ դա անօրինականության շղթայի մի օղակ է: Բանն այն է, որ ըստ Զոլյանի՝ ԵՊԼՀ խորհրդից առնվազն տասը մարդ ընտրությանը մասնակցելու իրավունք չունեին: Խոսքը վեց դասախոսների և չորս ուսանողների մասին է: Ռեկտորի ընտրությանը մասնակցել են ԿԳ նախարարի տեղակալը, աշխատակազմի ղեկավարը, վարչության գլխավոր մասնագետը, կրթության վարչության պետը և այլք, որոնք չպետք է մասնակցեին, իսկ ուսանողների մասով էլ ըստ Զոլյանի խախտվել է բուհի կանոնադրությունը, որն ամրագրում է, որ ընտրություններին մասնակցող ուսանողները չպետք է բուհն ավարտած լինեն: Նրանցից երկուսն ավարտել են բուհը, երկուսը՝ մագիստրատուրան:

Սուրեն Զոլյանը, ինչպես նախկինում, այժմ էլ չցանկացավ խոսել հարցի քաղաքական շարժառիթների մասին, սակայն համաձայնեց իրեն հարց տված լրագրողի հետ, որ իր պաշտոնանկությունը տարօրինակ կերպով համընկավ ԱԺ ընտրությունների հետ:
Թերթ.am

Դիտվել է 1015 անգամ:
Print Friendly

Leave a Reply