Հայոց լեզվից 20 ստացողների թիվը 100 անգամ ավելացել է, իսկ գիտելիքների մակարդա՞կը…

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 12, 2012 18:47

Այս տարի հայոց լեզվի և գրականության միասնական քննության միջին գնահատականը 13,9 է: Սա, վերջին տարիների համեմատությամբ,  բավականին բարձր գնահատական է. 2009-ին  հայոց լեզվի և գրականության միջին գնահատականը եղել է 11,4, 2010-ին` 10,98: Այս տարվա քննական միջինը 1,1-ով բարձր  է անգամ 2011-ի ցուցանիշից, երբ քննական թեստերը համեմատաբար հեշտ էին, քանի որ դիմորդները քիչ էին և նախորդ տարիների շրջանավարտներն էին (2011-ին քննական միջինը 12,8 էր):

Այս տարի աննախադեպ է նաև առավելագույն գնահատական` 20 բալ ստացած դիմորդների թիվը: Շուրջ 200 դիմորդ վաստակել է 20 միավոր, այն դեպքում, երբ 2008-ին նման գնահատական է ստացել 64, 2009-ին` 20, իսկ 2010-ին ընդամենը 2 դիմորդ: Այսինքն` 2010-ի համեմատությամբ այս տարի 20 ստացողների թիվն ավելացել է 100 անգամ:

Հայոց լեզվի և գրականության քննությանը հայտագրված 11795 դիմորդներից քննությանը մասնակցել են  11419-ը, 376 դիմորդ չի ներկայացել քննությանը:  Քննություն հանձնած դիմորդներից 2680-ը կամ ընդհանուրի 23,5 տոկոսը վաստակել է 17,25-20 միավոր:

Դիմորդների 32,6 տոկոսը (3725 մարդ) ստացել է միջին գնահատական` 13,5-17,25:

Նվազագույն միավորներ` 7,5-13,25 բալ  հավաքել  է 4379 դիմորդ (38,3  տոկոս):

Աննախադեպ է նաև կտրված դիմորդների թիվը` ընդամենը 635 կամ 5,6 տոկոս: Համեմատության համար նշենք, որ 2008-ին անբավարար էր ստացել դիմորդների 6 տոկոսը, 2009-ին` 9,78 տոկոսը, 2010-ին` 10,89 տոկոսը:

Սակավաթիվ են եղել նաև քննական արդյունքի բողոքարկումները:

Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ մեկ տարվա ընթացքում դպրոցում հայոց լեզվի դասավանդման մակարդակը կտրուկ փոխվեց ու աշակերտները մայրենիին գերազանց են տիրապետում` ի տարբերություն նախորդ տարիների դիմորդների: Դժվար թե:

Չի փոխվել նաև քննական թեստերի հարցերի էությունը: Պարզապես այս տարի կային շտեմարաններ, հետևաբար` առանց նյութին տիրապետելու անգիր անելու հնարավորություն: Ստացվում է, որ վերադառնում ենք տարիներ առաջ գոյություն ունեցող շտեմարանային քննակարգին, երբ դիմորդը, առանց տվյալ առարկայից հիմնավոր գիտելիքներ ունենալու,  հանգիստ անգիր էր անում 1-2 գիրք ու ստանում բարձր գնահատական:

Չնայած դրան` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասում է, որ հաջորդ տարվանից հավանաբար բոլոր քննությունները կիրականացվեն շտեմարանային եղանակով:  Նրա խոսքով` նախորդ տարիներին մամուլի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դժգոհությունների 95 տոկոսը վերաբերում է թեստերի որակին ու բովանդակությանը, ծրագրին համապատասխանությանը կամ անհամապատասխանությանը:  Դժգոհությունները միշտ շատ են եղել հայոց լեզվից և մաթեմատիկայից: Սա հիմք ընդունելով` անցած տարի կառավարության հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում առաջարկվել է բուհական ընդունելությունն իրականացնել շտեմարանային եղանակով:

Այս տարի փորձնական շտեմարանի հիման վրա են կազմվել հայոց լեզվի ու գրականության և մաթեմատիկայի թեստերը:

«Հայոց լեզվի քննության վերաբերյալ գրեթե դժգոհություններ չենք ստացել:  Անհարկի լարվածությունը, քննությունների  անկանխատեսելիության մակարդակը կտրուկ ընկել է: Այսօր մաթեմատիկայի քննությունն է: Հուսով եմ, որ քննությունից հետո դժգոհություններ էլի չեն լինի, և մաթեմատիկայի քննությունը նույնպես կապացուցի, որ մեր բռնած ճանապարհը ճիշտ  է, կարող ենք հաջորդ տարի բոլոր քննական առարկաները կազմակերպել շտեմարանային եղանակով»,- ասում է Աշոտյանը:

Անդրադառնալով հայոց լեզվից ստացված բարձր գնահատականներին` նախարարը նշում է, որ դա կբերի անցողիկ միավորի բաձրացում. անցած տարվա անցողիկ միավորն այս տարի կարող է այդպիսին չլինել: Սակայն Աշոտյանը վստահեցնում է, որ ընդունող հանձնաժողովը, որ կձևավորվի առաջիկայում, բուհական տեղերն այնպես կտնօրինի, որ բոլոր դրական գնահատական ստացողները կկարողանան ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն:

«Կառավարության բուհական կրթության բանաձևը հետևյալն է. հնարավորինս հեշտ ընդունելություն և հնարավորինս դժվար պետական-ավարտական քննություն, որովհետև զանգվածային ընդունելությունը մեզ հնարավորություն է տալիս ապահովելու յուրաքանչյուրի կրթության իրավունքի իրականացման համար լավ պայմաններ, իսկ  ավելի խիստ ավարտական պրոցեսը թույլ է տալիս վստահ լինել, որ հասարակություն են մտնում նվազագույն որակական շեմին համապատասխանող երիտասարդ մասնագետներ»:

Նախարարի խոսքով` անցած տարի բուհերից դուրս է մնացել շուրջ 1500 ուսանող: Սակայն այս տարվա հունվարից նոր կարգ է գործում, որը ուսանողի` բուհից դուրս մնալու հնարավորությունները պակասեցնում է. անբավարար ստացած ուսանողն այլևս վերջին լուծարքից հետո դուրս չի մնա: Եթե ուսանողը զինապարտ չէ, ապա կարող է ունենալ համապատասխան  թվով կրեդիտների պարտք: Այսինքն` ուսանողը կարող է որևէ առարկայից քննական գնահատական չստանալ, բայց փոխադրվել հաջորդ կուրս:

Փաստորեն, հեշտացվում է ընդունելությունը, բարդանում է բուհից դուրս մնալու գործընթացը, բայց նաև խոսվում է նվազագույն չափանիշներին համապատասխանող մասնագետների մասին:

 

Դիտվել է 1997 անգամ:
Print Friendly

Leave a Reply