Մաթեմատիկայի միասնական քննությունից էլ անակնկալներ չեղան
ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | Հայկուհի Բարսեղյան | June 13, 2012 18:45
Տեղի ունեցավ մարդաշատությամբ երկրորդ միասնական քննությունը. հունիսի 12-ին 8957 դիմորդներ քննություն հանձնեցին մաթեմատիկայից: Այս քննությունն առանձնահատուկ է նաև նրանով, որ քննական թեստերը կազմված էին նախապես հրապարակված շտեմարանի հիման վրա: Այս տարի մինչ ընդհանուր շտեմարանային քննակարգին անցնելը փորձնական երկու առարկաների միասնական քննությունը շտեմարանային եղանակով իրականացվեց:
Ինչպես հայոց լեզվի և գրականության, այնպես էլ մաթեմատիկայի պարագայում դժգոհություններ չեղան: Եթե 2010-ին դիմորդները համատարած դժգոհում էին, թե 3 ժամը չի բավարարել թեստային 80 հարցերին պատասխանելու համար, որ վարժությունները չափազանց բարդ են եղել, ապա այս տարի նման բան չեղավ: Դեռ ավելին, քննությունից երկու ժամ անց արդեն սկսվեց դիմորդների հոսքը քննասենյակներից: Քննասենյակից դուրս եկող դիմորդները նշում էին, որ թեստերը հեշտ չեն եղել, բայց ամեն ինչ ծանոթ է եղել, ուստի լավ են գրել: Կային նաև դիմորդներ, որոնք անկեղծորեն նշում էին, որ մի քանի հարցերի պատասխանելիս հիմնվել են ոչ թե գիտելիքի, այլ անգիր արած պատասխանների վրա:
Կրկնուսույց Սուսաննա Մանուկյանն ասում է, որ այս տարվա թեստերից գոհ է: «Հեշտ չեն եղել, պարզապես անսպասելի բան չկար»,- ասում է Մանուկյանը` հավելելով, որ դիմորդը դպրոցական գիտելիքներով հազիվ կարողանար թեստերից 5-6 բալ հավաքել: Նրա խոսքով` իր դիմորդները գրեթե ստացել են այնքան, որքան ինքը, որպես մասնագետ, կանխատեսել էր: Մինչդեռ, օրինակ, 2010-ին դիմորդների գնահատականներն անկանխատեսելի էին, ինչպես և քննական թեստերի բովանդակությունը: «2010-ը խայտառակություն էր: Քննության ժամանակ անակնկալի գալն ամենավատ բանն է»,- ասում է Մանուկյանը: Նշում է, որ այս տարվա թեստերում էլ կան բարդ խնդիրներ, որոնք նաև դպրոցական ծրագրից դուրս են, սակայն լավն այն է, որ գոնե դիմորդը նախապես սովորում է դրանց լուծման եղանակները:
Մանուկյանի կարծիքով` շտեմարանային թեստերն ունեն թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր: Ճիշտ է, քննությունն ու գնահատականը դառնում են կանխատեսելի, բայց նաև համարժեք են դառնում աշխատասիրությունն ու բացառիկ ունակությունը, քանի որ թե՛ մեկին, թե՛ մյուսին տիրապետող դիմորդները բարձր գնահատական են վաստակում, մինչդեռ նախորդ տարիներին բարձր գնահատական կարող էր ստանալ միայն բացառիկ կարողությունների տեր դիմորդը:
Հարցին, թե կարո՞ղ է արդյոք դիմորդն անգիր անել շտեմարանը, Մանուկյանն ասում է. «Ես որ չէի կարողանա: Եթե դիմորդն այդքան անգիր անի, ուրեմն բացառիկ ունակություն ունի»:
Քննության գնահատականները պաշտոնապես դեռևս հայտնի չեն, սակայն արդեն իսկ հասկանալի է, որ մաթեմատիկայից էլ գնահատականները կլինեն նախորդ տարիներից անհամեմատ բարձր, ինչպես եղավ հայոց լեզվի և գրականության պարագայում: Ինչն էլ, բնականաբար, կհանգեցնի մրցութային անցողիկ միավորի բարձրացման:






Facebook
Tweet This
Email This Post
