Ռուսերենից 20 չի արձանագրվել, քննական միջինը նվազել է, անբավարների թիվը` ավելացել

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 13, 2012 17:42

Ռուսերենի միասնական քննության միջին գնահատականը 10,3 է: Այս ցուցանիշը 2010-ի արդյունիքց ցածր է 0,9 միավորով` այն ժամանակ քննական միջինը 11,2 էր:

Հունիսի 8-ին տեղի ունեցած ռուսերենի քննությանը մասնակցել է հայտագրված 1285 դիմորդներից 1182-ը, 103-ը քննությանը չեն ներկայացել:

Այս տարի առավելագույն միավոր` 20 բալ որևէ դիմորդ չի  ստացել: Ամենաբարձր գնահատականն այս տարի19,75 է, որ վաստակել է ընդամենը մեկ դիմորդ:  Նշենք, որ 2010-ին ևս ռուսերենից 20 բալ որևէ դիմորդ չէր ստացել:

17,5-20 բալ է վաստակել 32 դիմորդը կամ ընդհանուրի 2,7 տոկոսը:

Միջին միավորներ` 13,5-17,25 է վաստակել 206 դիմորդ կամ 17,4 տոկոսը:

Նվազագույն միավորներ` 7,5-13,25  է ստացել 684 դիմորդ (57,9 տոկոսը): Անբավարար է ստացել  260 դիմորդ` 22 տոկոսը: 2010-ի համեմատ աճել է նաև կտրված դիմորդների թիվը: Այն ժամանակ անբավարար էր ստացել դիմորդների 16,79 տոկոսը:

Վաղը դիմորդները կկարողանան բողոքարկել իրենց գնահատականը քննակենտրոններում: Սակայն բողոքարկումների արդյունքները կհրապարակվեն բոլոր քննությունների ավարտից հետո միայն:

Նշենք, որ այս տարի ռուսերենի քննությունն առանձնահատուկ էր մի քանի հանգամանքներով: Նախ, ռուսերենն այս տարվանից համարվում է օտար լեզու և դիմորդները այս առարկայով կարող են ընդունվել ֆակուլտետներ, որոնց համար օտար լեզվի քննություն է հարկավոր:

Մյուս առանձնահատկությունն էլ այն էր, որ  այս տարվա դիմորդները հիմնականում կրկնուսույցի մոտ չէին պարապել, այլ բավարարվել էին  ռուսերենի` դպրոցական գիտելիքներով:

Գնահատականներից կարելի է եզրակացնել, որ դպրոցական գիտելիքներով բարձր գնահատականների ակնկալիք հնարավոր չէ ունենալ:  Այս տարվա փորձը ցույց է տալիս, որ բարձր գնահատականի համար կարևոր նախապայման են  կրկնուսույցի մոտ պարապած լինելը, ինչպես նաև շտեմարանային թեստերը:

Դիտվել է 1377 անգամ:
Print Friendly

Leave a Reply