ԵԱՀԿ-ի ԱՄՆ առաքելությունը կոչ է արել ընդդիմությանը` ընդունել մանդատները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 13, 2009 15:46

ltpԵրեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունը տարածել է հայտարարություն, որով ողջունում է, որ թեկնածուներին հնարավորություն տվեց էլեկտրոնային լրատվամիջոցներով իրենց խոսքը հասցնել ընտրողին. «Ընդդիմադիր թեկնածուները տարբեր հեռուստաալիքներով, այդ թվում` Հանրային հեռուստատեսությամբ, իրենց տեսակետը ներկայացնելու հնարավորություն ունեին»: Ասված է նաև, որ ընտրական գործընթացի վրա ստվեր են գցել խախտումները և սպառնալիքները: «Նման խախտումներն առանձնակի ակնհայտ էին Մալաթիա-Սեբաստիա թաղամասում: Մենք գոհունակությամբ արձանագրել ենք, որ իշխանություններն ընդունել են որոշ ընտրատեղամասերում կեղծիքների և խախտումների իրականացումը և քայլեր ձեռնարկել լուծում տալու համար: Որոշ տեղամասերում կատարվել է ձայների վերահաշվարկ, մի քանի անձ ձերբակալվել է»:
Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Դիվանագետները ողջունել են այն փաստը, որ բոլոր կուսակցությունները հիմնականում ազատորեն իրականացրել են ցույցեր և հավաքներ և խոսքն անմիջականորեն հասցրել ընտրողին: «Չնայած ոչ անթերի ընտրությանը` մեկ ընդդիմադիր կուսակցությունը քաղաքային խորհրդում ստացել է զգալի տեղեր: Մենք կոչ ենք անում ընդդիմության առաջնորդներին` ընդունել խորհրդում իրենց մանդատները և Երեւանի ղեկավարման գործում իրենց ընտրողներին ներկայացնել ակտիվ ու լիարժեք մասնակցություն»,-ասված է հայտարարության մեջ:

Քաղաքապետի ընտրություններում երրորդ տեղը գրաված ՀԱԿ-ը հրաժարվել է Երևանի ավագանու իր մանդատներից որպես կեղծիքների դեմ բողոք։

Երեկ ՀԱԿ-ի հանրահավաքում նրա առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատեց ընտրություններին տրված Արևմուտքի դրական գնահատականները. «Արևմուտքը ոչ թե հայ ժողովրդի, այլ Հայաստանի հանցավոր վարչախմբի, այսինքն՝ մարդասպանների, ավազակների և ընտրակեղծարարների բարեկամն է, և որպես այդպիսին, ուղղակի մեղսակցություն ունի մեր երկրում տիրող ահավոր կոռուպցիայի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման երևույթների արմատավորման գործում»,-ասել է նա։

Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք 1995 թ. ԱԺ ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեն ԵՀԱԿ դիտորդները գնահատեցին ազատ բայց ոչ արդար, իսկ 1996թ. նախագահական ընտրությունները, որով վերընտրվեց Տեր-Պետրոսյանը, դիտորդները քննադատեցին, որ անցել են համատարած կեղծիքներով և կասկածի տակ դրեցին ընտրությունների պաշտոնական արդյունքները։

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply