Տարոնն ու Հասմիկը դեռ մտածում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 13, 2012 12:52

Երևանի Փակ շուկայի սեփականատերը դեռևս չի մշակել և չի ներկայացրել շուկայի վերանորոգման էսքիզային նախագիծը: Մինչ այդ նախագիծը ներակայցնելը, պետք է շտապ միջոցներ ձեռնարկվեն` վթարային դարձած շուկայի շենքի ամրացման ուղղությամբ: Նման եզրահանգման էր եկել Երևանի քաղաքապետարանի և մշակույթի նախարարության կողմից համատեղ ստեղծված հանձնաժողովը, որը ղեկավարում էր Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

«Մենք առաջարկել ենք, որպեսզի շտապ միջոցներ ձեռք առնեն էն վթարային մասում, որպեսզի նախքան նախագծի էսքիզային մասի հաստատումը շենքը մի քիչ առողջանա: Հիմա մենք ասել ենք, երևի թե էսօր-էգուց իրենք կձեռնարկեն էդ շտապ միջոցները: Դա էլ է նախագծի խնդիր, մի երկու օր մարդիկ պիտի մտածեն, թե ինչ աշխատանք իրականացնեն: Հիմա միայն ամրացման խնդիրն է կարևոր, որպեսզի փլուզում տեղի չունենա»,- Lragir.am-ին ասաց Մկրտիչ Մինասյանը:

Նրա գլխավորած հանձնաժողովն աշխատանքներն արդեն ավարտել է: Մասնագետները պետական իրավասու մարմիններին գրավոր տեղեկացրել են այն բոլոր խախտումների մասին, որոնք թույլ է տվել շուկայի սեփականատերը: «Մենք մեր եզրակացությունը տվեցինք, վերջացավ մեր խնդիրը: Մենք էլի ուշադիր կլինենք, բայց անընդհատ չենք կարող հետևել, չունենք էլ ուրիշ ֆունկցիա»,- ասաց նա:

lragir.am

Ճարտարապետի խոսքով` Հայաստանում օրենսդրական դաշտը կատարյալ է և դրա շրջանակներում հնարավոր կլիներ պատշաճ մակարդակով իրականացնել շուկայի վերանորոգման աշխատանքները: Այլ խնդիր է, որ այս դեպքում օրենքները չեն գործել. «Եթե բոլոր օրենքները պահպանվեին, այս վիճակում չէինք լինի»:

Իսկ այն, որ քաղաքապետարանն ու մշակույթի նախարարությունը չեն շտապում դատապարտել պատմամշակութային հուշարձանի ոչնչացման քայլը և արձագանքել սեփականատիրոջ թույլ տված խախտումներին, Մկրտիչ Մինասյանը հետևյալ կերպ մեկնաբանեց. «Դե էդ արձագանքը կայծակնային արագությամբ չի լինի, իհարկե աշխատում են այդ ուղղությամբ»:

Դիտվել է 734 անգամ:
Print Friendly

Leave a Reply