Վանաձորում 72-ամյա ծերունին հղիացրել է անչափահաս աղջնակին. Նորածնին թողել են հիվանդանոցում
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 13, 2012 8:36
Վանաձորում 2005 թվականին տեղի ունեցած դեպքը իր բնույթով սահմռկեցուցիչ է ու թերևս եզակի: Ամեն ինչ սկսվել է 2005-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ Վանաձորի թաղամասերից մեկում բնակվող 72-ամյա Կամո «պապի» տան մոտ 13-ամյա Մանեն (անունները փոխված են-հեղ.) եկել էր փնտրելու իր կատվին:
Ծերունին երեխային կանչում է ներս, բռնություն գործադրում նրա նկատմամբ, աղջնակի կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենում: Փոքրիկ Մանեն ամաչում է կատարվածի համար ու ծնողներին չի հայտնում ոչինչ։ Որոշ ժամանակ անց միայն, երբ աղջկա մայրը ցիկլի խանգարման պատճառները պարզելու համար նրան տանում է բժշկի, ով էլ հայտնում է, որ աղջիկը 33-34 շաբաթական հղիություն ունի: Մանեն մորը պատմում է իր հետ ողջ կատարվածը, նաև` որ «դրանից» հետո ևս երկու անգամ Կամո կոչեցյալի սպառնալիքների ազդեցության տակ, վախենալով, որ նա կատարվածի մասին կպատմի մարդկանց, գնացել է նրա ժամանակավոր կացարան, սեռական հարաբերություն ունեցել ևս մեկ անգամ` 2005 թվականի նոյեմբերին: 2006 թվականի հուլիսի 27-ին անչափահաս Մանեն կեսարյան հատման միջոցով ծննդաբերում է Երևանի Պերինատոլոգիայի, Մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում: Նորածին աղջնակից նրա անչափահաս մայրը հրաժարվում է:
2006-ի հուլիսի 21-ին Կամո …յանի նկատմամբ քրեական գործ է հարուցվում ՀՀ Քր. Օր.-ի 141-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` «Սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ», և նույն տարվա օգոստոսին անչափահաս երեխային բռնաբարելու կասկածանքով ծերունու նկատմամբ խափանման միջոց է ընտրվում ստորագրություն չհեռանալու մասին: Այնուհետև, դրանից մի քանի օր անց, Կամոյին Լոռու մարզի դատախազության քննիչի որոշմամբ, նոր մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասով` «Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը»:
Սակայն դրանից հետո, արդեն 2006-ի դեկտեմբերին տեղի է ունենում անսպասելին. Լոռու մարզի դատախազության ավագ քննիչ Մ. Մովսիսյանի որոշմամբ Կամոյի կողմից փոքրիկ Մանեի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է և դադարեցվել քրեական հետապնդումը 08.07.2006 թվականին ընդունված համաներման ակտի հիմքով:
Իր դստեր արատավորված պատիվը գոնե դատական կարգով վերականգնելու համար արդեն 2007-ին Մանեի մայրը դիմում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, և դատարանի հուլիսի 20-ին ընդունված որոշմամբ, վերացվում է Լոռու մարզի դատախազության ավագ քննիչ Մ. Մովսիսյանի որոշումը` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Այսպիսով, սկսվում է դատավարական նոր փուլ և 2007-ի սեպտեմբերին Լոռու մարզի դատախազության ավագ քննիչ Մ. Մովսիսյանի որոշմամբ, Կամոյի նկատմամբ` քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասով` «բռնաբարություն անչափահասի նկատմամբ»:
2007-ին, սակայն, ամեն ինչ չի վերջանում. Կամոն անհետանում է ու նրա նկատմամբ հայտարարվում հետախուզում: Մինչև 2011 թվականը նրան չեն գտնում և ստիպված 2011 թվականի հուլիսի 13-ին հարուցված քրեական գործի վարույթը կարճվում է: Հետախուզման մեջ գտնվող ծերունին հայտնաբերվում է միայն 2011-ի հոկտեմբերին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվում է կալանքը: Առաջադրված մեղադրանքի քննարկման ընթացքում քննիչի որոշմամբ, այն դարձյալ փոփոխվում է և առաջադրվում այլ մեղադրանքը` Քր. Օր 142-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը` բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 2011-ի նոյեմբերին:
Առաջադրված մեղադրանքում Կամոն իրեն մեղավոր է ճանաչել և պատմել, որ ինքը (նկարագրություն, որ հարկ չենք համարում կրկնել.-panorama.am) ունակ չի եղել բնական ճանապարհով կրքերին հագուրդ տալ, Մանեի հետ սեռական հարաբերություն չի ունեցել, նրա նկատմամբ բռնություն չի գործադրել:
Դատարանի ուշադրությանը ներկայացված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, փոքրիկ Մանեի կուսաթաղանթի անատոմիական ամբողջականությունը խախտված է եղել, իսկ աղջիկն ունեցել է 34 շաբաթական հղիություն:
Դատաբժշկական փորձագետը դատարանում ցուցմունք է տվել և տեղեկացրել, որ հղիացնելու ունակությունը կարող է տեղի ունենալ մի քանի ճանապարհով, օրինակ` (նկարագրություն) իր կամ զուգընկերոջ ձեռքի միջոցով: Փորձագետը նաև ասել է, որ ելնելով կուսաթաղանթի վնասվածքների առանձնահատկություններից, դրանք հավանական է պատճառված լինեն լիարժեք, բազմակի սեռական հարաբերությունների հետևանքով:
Այս պատմության իրավական կողմն ավարտվում է միայն այս տարվա մայիսի 29-ին, երբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ս. Բաղդասարյանի որոշմամբ ամբաստանյալ ծերունուն մեղավոր է ճանաչել Քր. Օր.-ի 142-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրան դատապարտել ազատազրկման 2 տարի ազատազրկման:
Panorama.am
Հասմիկ Համբարձումյան






Facebook
Tweet This
Email This Post
