Կարեն Բեքարյանի կարծիքով՝ այժմ թուրք-ադրբեջանական հարաբերություններում լարվածություն կա

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 22, 2009 17:15

Կարեն ԲեքարյանԱրձանագրությունների վավերացումից և սահմանի բացումից հետո թուրք-ադրբեջանական հարաբերությունների ֆոնը կարելի է բնորոշել որպես մանկական նեղացկոտություն, որը ժամանակի հետ կանցնի. այսօր թուրք-ադրբեջանական հարաբերությունների հետագա ընթացքը կանխատեսեց քաղաքագետ Կարեն Բեքարյանը:

Ըստ Բեքարյանի` թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացումների ֆոնը կարելի է տարբերակել երկու մոտեցմամբ. առաջին՝ կարծիք կա, որ այս ամենը իմիտացիա է, երկրորդ. կարծիք կա, որ այդ լարված հարբերությունները կբերեն երկու ժողովուրդների միջև բարեկամության փլուզման:

«Ես կարծում եմ, որ այդ լարվածությունն իմիտացիա չէ, և իրոք կա լարվածություն՝ թուրք-ադրբեջանական հարաբերություններում, սակայն միամտություն է կարծել, որ դա կբերի երկու ժողովուրդների միջև բարեկամության փլուզման»,-ասաց Բեքարյանը:

Բեքարյանն անդրադարձավ երեկ Թուրքիայի  խորհրդարանում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ  Դավութօղլուի հայտարարությանը. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը զուգահեռ է ընթանում թուրք- հայկական մերձեցման հետ: Մեզ համար ազիզ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը թանկ է այնպես, ինչպես մեր տարածքային ամբողջականությունը»:

Քաղաքագետն ասում է, որ ապրիլից սկսած հայտարարությունների դաշտում  իր համար ոչինչ չի փոխվել, և այս հայտարարությունն էլ ոչ մի նոր բան չի պարունակում:

«Ես այդ հայտարարության մեջ չեմ տեսնում ոչ մի կոշտացում կամ մեղմացում գործընթացի վերաբերյալ»,- ասաց քաղաքագետը:

Երեկ Թուրքիայում տեղի է ունեցել ԱԱԽ –ի նիստ, որը տևել է 7 ժամ:

Բեքարյանն ասում է, որ ԱԱԽ-ն ընդունել է քաղաքական որոշում՝ Արձանագրությունների վավերացման վերաբերյալ, սակայն մամուլի տարածած հաղորդագրության բովանդակությունից չէր կարելի որևէ եզրահանգում անել որոշման բովանդակության կամ ընթացակարգի վերաբերյալ:

Թուրքական լրատվամիջոցներում կարծիք է հնչել, որ հնարավոր է վավերացումն անցնի փակ նիստով:

Քաղաքագետի կարծիքով՝ հնարավոր է վավերացման գործընթացի 4 սցենար. արագ վավերացում,  վավերացման հնարավորինս ձգձգում, վավերացում նախապայմաններով,  հրաժարում վավերացումից:

«Ներկա դրությամբ Ղարաբաղի հարցում Հայաստանը դեռևս ոչ մի զիջման չի գնացել,- ասում է Բեքարյանը,- և եթե Թուրքիայի խորհրդարանը որոշի Արձանագրությունները վավերացնել Ղարաբաղի հարցում նախապայմանով, ապա ես համոզված եմ, որ Հայաստանը պարզապես դուրս կգա գործընթացից»:

Քաղաքագետի կարծիքով հայկական դիվանագիտությունն այժմ գտվում է քրտնաջան աշխատանքի փուլում: «Սակայն հեշտ չի նաև թուրքական կողմի համար,- ասում է նա,- խնդիրը նուրբ է բոլոր կողմերի համար անխտիր. Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան, ԱՄՆ , ՌԴ»:

Դիտվել է 1570 անգամ:
Print Friendly

Leave a Reply