Քրեական գործ է հարուցվել Վարդան Օսկանյանի դեմ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | June 12, 2012 16:19
ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր և «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի կողմից մի շարք՝ առանձնապես խոշոր չափերի հարկային չարաշահումների և այդ կապակցությամբ հարուցված քրեական գործի մասին:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից 25.05.2012թ. հարուցվել է քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, տեղեկանում ենք ԱԱԾ Մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունից, Քրեական գործով նախաքննություն է իրականացվում ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր Մատերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում հարկային մարմնին չներկայացնելու, դրանից հնարավոր առաջացող հարկային պարտավորությունները չկատարելու, ամերիկյան կողմի ցանկությամբ Հայաստանի Հանրապետությունում թողնված և բացառապես բարեգործության համար նախատեսված այդ գումարից մոտ 1.135.000 ԱՄՆ դոլարը իրականում բարեգործական նպատակներին չուղղելու, չօգտագործելու, այդ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և նախագահ Վարդան Օսկանյանի ու նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անվամբ բացված հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաև գումարների մի մասն անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով:
Բացի այդ, «Սիվիլիթաս» հիմնադրամը խախտելով իր իսկ կանոնադրության և գործող օրենսդրության պահանջները 2011թ. համար, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների, այդ թվում «Պոլիմեր Մատերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաների կողմից բարեգործական նպատակներով հատկացված մոտ 2 մլն ԱՄՆ դոլար գումարի վերաբերյալ հաշվետվություն չի ներկայացրել:
Քրեական գործով նշանակվել են հարկային ստուգումներ, ապրանքագիտական փորձաքննություն, կատարվում են հարցաքննություններ և այլ քննչական գործողություններ, միջոցներ են ձեռնարկվում դեպքի լրիվ հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:






Facebook
Tweet This
Email This Post
