Արմեն Աշոտյան. Բուհ կընդունվեն բոլոր դրական գնահատական ստացողները

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 12, 2012 14:53

Այսօր ԵՊՀ քննակենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ հավանաբար հաջորդ տարի արդեն բոլոր քննությունները կիրականացվեն շտեմարանային եղանակով: ՆԱխարարը նշեց, որ նախորդ տարիներին մամուլի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դժգոհությունների 95 տոկոսը վերաբերում է թեստերի որակին ու բովանդակությանը, ծրագրին համապատասխանությանը կամ անհամապատասպանությանը:  Դժգոհությունները միշտ շատ են եղել հայոց լեզվից և մաթեմատիկայիս: Սա հիմք ընդունելով կառավարության հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում անցած տարի առաջարկվել է բուհական ընդունելությունն իրականացնել շտեմարանային եղանակով:

Այս տարի փորձնական շտեմարանի հիման վրա են կազմվել հայոց լեզվի և գրականության և մաթեմատիկայի թեստերը:

«Հայոց լեզվի քննության վերաբերյալ գրեթե դժգոհություններ չենք ստացել:  Անհարկի լարվածությունը, քննությունների  անկանխատեսելիության մակարդակը կտրուկ ընկել է: Այսօր մաթեմատիկայի քննությունն է: Հուսով եմ, որ քննությունից հետո դժգոհություններ էլի չեն լինի և մաթեմատիկայի քննությունը նույնպես կապացուցի, որ մեր բռնած ճանապարհը ճիշտ  է, և կարող ենք հաջորդ տարի բոլոր քննական առարկաները կազմակերպել շտեմարանային եղանակով»,- ասում է Աշոտյանը:

Անդրադառնալով հայոց լեզվից արձանագրված բարձր գնահատականներին` նախարարը նշում է, որ դա կբերի անցողիկ միավորի բաձրացման` անցած տարվա անցողիկ միավորն այս տարի կարող է այդպիսին չլինել: Սակայն, Աշոտյանը վստահեցնում է, որ ընդունող հանձնաժողովը, որ կձևավորվի առաջիկայում, բուհական տեղերն այնպես կտնօրինի, որ բոլոր դրական գնահատական ստացողները կկարողանան ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն:

«Կառավարության բուհական կրթության բանաձևը հետևյալն է `հնարավորինս հեշտ ընդունելություն և հնարավորինս դժվար պետական-ավարտական քննություն, որովհետև զանգվածային ընդունելությունը մեզ թույլ է տալիս ապահովել յուրաքանչյուրի կրթության իրավունքի իրականացման համար լավ պայմաններ , իսկ  ավելի խիստ ավարտական պրոցեսը թույլ է տալիս վստահ լինել, որ հասարակություն են մտնում նվազագույն որակական շեմին համապատասխանող երիտասարդ մասնագետներ»:

Նախարարի խոսքով` անցած տարի բուհերից դուրս է մնացել շուրջ 1500 ուսանող: Սակայն այս տարվա հունվարից նոր կարգ է գործում. անբավարար ստացած ուսանողն այլևս վերջին լուծարքից հետո դուրս չի մնա: Եթե ուսանողը զինապարտ չէ, ապա կարող է ունենալ համապատասխան  թվով կրեդիտների պարտք: Այսինքն ուսանողը կարող է որևէ առարկայից քննական գնահատական չստանալ, բայց փոխադրվել հաջորդ կուրս:

Դիտվել է 1285 անգամ:
Print Friendly

Leave a Reply