ԼՂ նախագահական ընտրություններին հիմնական պայքարն ընթանալու է երկու թեկնածուների միջեւ

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | June 12, 2012 13:39

Ղարաբաղյան պատերազմի մասնակից, շքանշանների արժանացած վետերանը կլինի գործող նախագահի հիմնական մրցակիցը:

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կկայանան թվով հինգերորդ նախագահական ընտրությունները: Իր թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրած գործող նախագահ Բակո Սահակյանին այս անգամ իրական մրցակցություն է սպասվում, չնայած վերջինիս հակառակորդի եւ իր նախընտրական ծրագրերի հիմնարար կետերի միջեւ կտրուկ տարբերություն չկա:

Նախքան 2007-ին նախագահի պաշտոնը ստանձնելը, Սահակյանը 1997-2001 թթ. եղել է Լեռնային Ղարաբաղի Ներքին գործերի նախարարը, իսկ 2001-2007 թվականների ընթացքում զբաղեցրել է Ազգային անվտանգության նախարարի պաշտոնը:

Հուլիսին կայանալիք ընտրություններին Սահակյանի ամենալուրջ մրցակիցը Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն է, որը քաջ հայտնի է տեղական բնակչությանը: Պատերազմի տարիներին վերջինս ինքնապաշտպանական ջոկատներից մեկն է ղեկավարել` դառնալով  կամավորական ջոկատներից մեկի հրամանատարը, այնուհետեւ ղեկավարելով Ղարաբաղի շրջաններից մեկի ինքնապաշտպանության մարտերը: Նախքան Խորհրդարան ընտրվելը, Բալասանյանը եղել է ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահը:

Եվս երկու այլ թեկնածուներ` Ագրարային համալսարանի ղարաբաղյան մասնաճյուղի պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը, որը նախկինում ընտրվել է Ղարաբաղի խորհրդարան եւ 65-ամյա գործազուրկ Վալերի Խաչատրյանը, լուրջ մրցակցություն չեն ստեղծի հիմնական թեկնածուների համար:

Հետաքրքական է, որ IWPR-ի, ինչպես նաեւ այլ լրատվամիջոցների թղթակիցներին չի հաջողվել զրուցել այս երկու թեկնածուների հետ. նրանք չեն պատասխանում հեռախոսազանգերին, հրապարակային հայտարարություններ չեն անում, եւ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք խուսափում են ԶԼՄ-ների հետ շփումից: Մի շարք վերլուծաբանների կարծիքով, նրանք կարող են զիջել իրենց դիրքերը դեռեւս նախընտրական փուլում:

Ի տարբերություն նրանց, Վ. Բալասանյան արդեն իսկ սեփական էջն է վարում Facebook սոցիալական ցանցում, որը, ինչպես պարզվեց հայաստանյան խորհրդարանական ընտրությունների ընթացքում, հզոր քարոզչական գործիք է:

IWPR-ի թղթակցին Բալասանյանն ասաց, որ ԼՂ օրենքը պաշտոնապես արգելում է նախընտրական քարոզչություն իրականացնել մինչեւ հունիսի 19-ը, սակայն նա ամեն օր թարմացնում է իր Facebook-յան էջը`լուսանկարներ տեղադրելով, կիսելով ընթերցողների հետ իր գաղափարներն ու մտքերը:

«Այս էջը ստեղծել եմ ավելի ակտիվ շփման համար: Այստեղ պատրաստվում եմ ներկայացնել իմ մտքերը եւ գաղափարները, որպեսզի տեսնեմ, թե ինչպես են ընթերցողներն արձագանքում դրանց: Կարծում եմ`վիրտուալ շփումն արդյունավետ կլինի», – նշել է Բալասանյանն իր գրառումներից մեկում:

Արցախի պետական համալսարանի շրջանավարտ Դիանա Մովսեսյանն արդեն իսկ «հավանել» է Բալասանյանի Facebook-յան էջը:

«Համոզված եմ, որ Բալասանյանի թեկնածությունը թույլ է տալիս այլընտրանքային ընտրություններ անցկացնել Ղարաբաղում: Ուզում եմ, որ դրանք անցնեն ժողովրդավարության մթնոլորտում, առանց ճնշումների: Հույս ունեմ`որեւէ պետական կառույց չի չարաշահի իր լիազորությունները նախընտրական շրջանում, այս ընտրությունները կփոխեն մթնոլորտը երկրում եւ դրանցից հետո Ղարաբաղը կվերադարձնի իրեն «մասամբ ազատ» երկրի կարգավիճակը Freedom House-ի զեկույցում», – ասում է Դիանան:

Այս տարվա իր զեկույցում վաշինգթոնյան «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում Ղարաբաղը դասել է «ոչ ազատ» երկրների շարքին, մինչդեռ 2009 թվականին այն համարվում էր «մասամբ ազատ» երկիր: Նույն վարկանշային ցուցակում Հայաստանը դասվել է «մասամբ ազատ» երկրների շարքին, իսկ Ադրբեջանը`«ոչ ազատ»:

Թե´ անցյալ, թե´ ներկայիս ընտրություններին առաջադրված թեկնածուների նախընտրական ծրագրերի միջեւ նշանակալի տարբերություն չկա. գերակա խնդիրները նույնն են`Ղարաբաղի անվտանգություն, նրա կարգավիճակի միջազգային ճանաչում, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում:

Ժամանակին հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն առ այսօր միջազգային ճանաչում չի ստացել, 1988-ին որոշեց դուրս գալ Խորհրդային Ադրբեջանի կազմից: Արդյունքում սկսված լայնամասշտաբ ռազմական գործողությունները հազարավոր մարդկանց կյանք խլեցին, տասնյակ հազարավորներ զրկվեցին իրենց տներից: 1994-ին կողմերը զինադադարի մասին պայմանագիր կնքեցին, սակայն մինչ օրս զինված ուժերի «շփման գծում» հաճախ փոխհրաձգություն է տեղի ունենում, զինծառայողներ են զոհվում:

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ձգձգվող գործընթացը շարունակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, որը մայիսի կեսին հերթական անգամ այցելեց տարածաշրջան: Մինսկի խմբի համանախագահ երկրները` ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ ՌԴ-ը, իրենց մտահոգությունն են հայտնել «շփման գծի» երկայնքով տեղի ունեցած վերջին միջադեպերի կապակցությամբ`կոչ անելով կողմերին առավել զուսպ լինել եւ հրաժարվել վրեժխնդրությունից:

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) եւ այլ միջազգային կառույցները հրաժարվում են իրենց դիտորդներին ուղարկել Ղարաբաղ`այստեղ անցկացվող ընտրությունների ընթացքին հետեւելու նպատակով, եւ անցյալում տեղի ունեցած ընտրություններին առաջադրված թեկնածուները բողոքում էին, որ այդ ժամանակ գործող իշխանությունները վարչական ռեսուրսներն են օգտագործել իրենց նախընտրական քարոզարշավների ընթացքում:

Ղարաբաղում անցկացվող ընտրություններից հետո, միջազգային հանրությունը, որպես կանոն, հայտարարում է, որ չի ընդունում այս ընտրությունները, սակայն պաշտոնական Ղարաբաղը մշտապես միջազգային դիտորդներին ընդունելու պատրաստակամություն է հայտնում: Այսպես, 2007-ի հուլիսին 5 թեկնածուների մասնակցությամբ անցկացված նախագահական ընտրությունների ընթացքին հետեւում էին ավելի քան 100 միջազգային դիտորդներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Աբխազիայից, Մերձդնեստրից, Հարավային Օսիայից, Հայաստանից եւ այլ երկրներից:

Քվեարկության ընթացքը լուսաբանվել է 70-ից ավելի տեղական եւ օտարերկրացի լրագրողների, այդ թվում`IWPR լրագրողական առաքելության կողմից:

2007-ին կայացած նախագահական ընտրություններին ձայների 85 տոկոսը ստացած Բակո Սահակյանը խոստացել է, որ երկրորդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնելու դեպքում, հետեւողականություն կդրսեւորի ներկայիս սոցիալ-տնտեսական բարեփոխումների ծրագրի իրագործման հարցում:

Իր պաշտոնավարման ընթացքում Սահակյանը սերտորեն համագործակցել է հայաստանյան իշխանությունների հետ, չնայած վերջինս չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը:

Իսկ Սահակյանի մրցակցի`Վիտալի Բալասանյանի կարծիքով, Հայաստանի իշխանություններն իրենց աջակցությունը ցույց չեն տալիս գործող նախագահին:

«Նրանք պարտավոր են աջակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ընդունած ցանկացած որոշմանը», – ասում է նա:

2007-ի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած, ներկայում ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը հույս ունի, որ գալիք ընտրությունների շնորհիվ ԼՂ քաղաքական դաշտը բազմաբեւեռ կլինի:

«Գալիք ընտրությունները, որոնք անցնելու են այլընտրանքային հիմքով եւ օրենքի շրջանակներում, հնարավորություն են տալիս քաղաքական ուժերին ուղղել 2007-ի նախագահական եւ 2010-ի խորհրդարանական ընտրությունների նախօրեին թույլ տված սխալները: Այդ ընտրությունների արդյունքում, Ղարաբաղում միաբեւեռ քաղաքական դաշտ եւ խորհրդարան ստեղծվեցին, իսկ անկախ մամուլը վերացավ: Եթե «Դաշնակցություն» կուսակցությունն աջակցի ԼՂՀ խորհրդարանում իր խմբակցության անդամ Վիտալի Բալասանյանին, ապա անգամ անհաջողության դեպքում երկիրը կշահի, քանի որ ընտրություններից հետո «Դաշնակցություն» խմբակցությունը կզբաղեցնի ընդդիմության դատարկ բեւեռն Ազգային ժողովում», – ասաց նա IWPR-ին`հավելելով, որ այս ընտրություններին չի առաջադրել իր թեկնածությունը «ներքաղաքական եւ արտաքին բարենպաստ պայմանների բացակայության պատճառով»:

Հուլիսին կայանալիք նախագահական ընտրությունները տարբերվում են մյուսներից, քանի որ 2010-ին ԼՂՀ Ընտրական օրենսգրքում կատարված բարեփոխումների շնորհիվ`այսուհետ թեկնածուները չեն կարող առաջադրվել նախաձեռնող խմբերի կողմից. այժմ այդ իրավասությունը տրվում է  կուսակցություններին, բացի այդ, կգործի թեկնածուների ինքնաառաջադրման սկզբունքը:

Պաշտոնական նախընտրական քարոզարշավը կսկսվի քվեարկությունից մեկ ամիս առաջ`հունիսի 19-ին: Թեկնածուների պաշտոնական գրանցման գործընթացը կտեւի մայիսի 30-ից մինչեւ հունիսի 19-ը:

Այն հանգամանքը, որ Բալասանյանի շնորհիվ ԼՂ-ում քաղաքական այլընտրանքի հնարավորություն կստեղծվի, եւ որ նա վճռական է տրամադրված, պարզ է դարձել նրա վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ. «Նախ եւ առաջ, պետք է փոփոխություններ կատարել Ղարաբաղի արտաքին քաղաքականության մեջ: Ես հետամուտ կլինեմ ԼՂ-ի վերադարձին բանակցային դաշտ`որպես լիարժեք կողմ, եւ կպայքարեմ Հայաստանի հետ հնարավորինս արագ միջպետական պայմանագիր ստորագրելու համար, որը Հայաստանին մեր անվտանգության երաշխավորի պաշտոնական կարգավիճակ կտա», – ասաց նա IWPR-ին:

Հարկ է նշել, որ Լեռնային Ղարաբաղը զրկված է բանակցային գործընթացում մասնակցության հնարավորությունից, որտեղ երկու պաշտոնական կողմ կա`Հայաստանը եւ Ադրբեջանը:

Բալասանյանի համար գերակա խնդիրներ են մնում Ղարաբաղի անվտանգությունը եւ պաշտոնական կարգավիՃակը:

«Իմ հիմնական դժգոհությունը կապված է Բակո Սահակյանի վարած արտաքին քաղաքականության հետ: Նա բավարար ջանքեր չի գործադրում Ղարաբաղը բանակցությունների առարկայից սուբյեկտի վերածելու համար», – հավելում է նա:

Կարինե Օհանյանը Armedia Online էլեկտրոնային պարբերականի թղթակիցն է:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net):

Դիտվել է 1523 անգամ:
Print Friendly

Leave a Reply