Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Իմոն Գիլմորի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | June 12, 2012 12:25

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին Երեւանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար Իմոն Գիլմորի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր:
Բարձր գնահատելով ԵԱՀԿ ջանքերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում` Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պետք է վերականգնել ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովում հաստատված բանակցային ձեւաչափը, նշելով, որ առանց ԼՂՀ անմիջական մասնակցության անհնար է հասնել հակամարտության համապարփակ կարգավորման:
Երկրի ղեկավարը կրկին անգամ հաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը, միաժամանակ ավելացնելով, որ հիմնախնդրի կարգավորման կարեւոր խոչընդոտներից է Ադրբեջանի կողմից վարվող ռազմատենչ եւ հակահայկական քաղաքականությունը, որը վերջին ժամանակահատվածում ընդունել է խիստ ծայրահեղական կեցվածք եւ միջազգային հանրության կողմից պետք է արժանանա համապատասխան գնահատականի:
Արցախի Հանրապետության Նախագահը կարեւորել է ԵԱՀԿ գործող նախագահի Արցախ այցելելու եւ տեղում երկրին ծանոթանալու անհրաժեշտությունը:
Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձիք:

 

 

Դիտվել է 859 անգամ:
Print Friendly

Leave a Reply