Տնային բույսերի վերատունկը

ԲՈՒՅՍԵՐ, Շաբաթվա լուր | | June 12, 2012 12:12


Գարնան սկզբին տնային բույսերի բոլոր սիրահարները սկսում են աշխուժորեն խնամել իրենց կանաչ ՙխնամարկյալներին՚: Եվ այդ գործում գլխավորը դրանց վերատունկն է: Շատ սկսնակներ, սակայն, այդ կապակցությամբ մի շարք դժվարություններ ու հարցեր են ունենում: Այդ իսկ պատճառով այս նյութը պատրաստել ենք հարց ու պատասխանի ձևով` բոլոր մատչելի աղբյուրներից քաղելով առավել արժեքավոր տեղեկությունները: Տնային բույսերը, որոնք աճում են ծաղկամանի սահմանափակ տարածքում, պարբերական վերատունկի կարիք են զգում. արմատներն աճում են, հին հողը կորցնում էի որակները (կոշտանում է, խցանվում վնասակար նյութերով): Բացի բարենպաստ ժամանակ բույսերի պլանային վերատունկից, երբեմն հարկ է լինում անհապաղ արտահերթ վերատունկ կատարել մի շարք պատճառներով. եթե փչացել է ծաղկամանը, եթե գնել եք արտասահմանյան բույս տորֆի մեջ, եթե բույսի արմատները փտում են և հողից նեխած հոտ է գալիս: Ժամանակին չվերատնկված բույսը կորցնում է իր գեղեցկությունը և վատ աճում, հաճախ նաև չորանում:
Շատ տնային բույսեր վերատնկում են գարնանը (սովորաբար փետրվարի վերջից-մարտի սկզբից մինչև մայիս), երբ դրանք գարնանային արևից ավելի շատ լույս ու ջերմություն ստանալով` սկսում են արթնանալ ձնեռային հանգստից:
Լավ աճող երիտասարդ բույսերը չեն վերատնկում, այլ ուղղակի տեղափոխում են (երբեմն տարին մի քանի անգամ)` չքանդելով հողակտորը և ձեռք չտալով արմատներին: Բույսը հողի հետ միասին հանում են նեղացած ամանից, տեղափոխում ավելի մեծ ծաղկաման (նոր ծաղկամանի տրամագիծը պետք է նախորդից ընդամենը 2-3 սմ-ով մեծ լինի), հատակին ու պատերին ավելացնում թարմ հող ու ջրում:
Բույսերը վերատնկելուց առաջ հարկ է ձեռքի տակ ունենալ անհրաժեշտ պարագաները. չափսերով ու ձևով հարմար ծաղկաման, բույսին անհարժեշտ հող` նախապես ախտահանած (տնկելու ժամանակ այն պետք է խոնավ լինի, բայց ոչ թաց), դրենաժ (խեցեփշուրներ, հղկված գետաքար, կերամզիտ, խոշոր ավազ, պենոպլաստի կտորներ, փայտածուխ և այլն):
Թույլ արմատներ ունեցող բույսերը սովորաբար վերատնկում են նախկին ծաղկամանում: Եթե պարզվում է, որ վերատնկման ժամանակ հիվանդ բույսի արմատային համակարգը վնասվել է, ապա այն տնկում են ավելի փոքր չափսերի ծաղկամանում (որպեսզի կանխվի ապագայում արմատներով չյուրացված մեծ քանակությամբ հողի հավանական թթվացումը): Հողի լրիվ փոփոխմամբ վերատնկման դեպքում հեռացնում են գրեթե ամբողջ հին հողը` մերկացնելով արմատները և զննելով դրանք: Փտած, հիվանդ և չորացած արմատները կտրում են և կտրված տեղերում փայտածուխի փոշի ցանում:
Ծաղկամանի դրենաժի անցքը ծածկում են խեցեփշուրով, ծաղկամանում դրենաժ ցանում (սովորաբար 2-3 սմ հաստությամբ): Խոնավություն սիրող բույսերի համար փոքր դրենաժ են բացում. ավելորդ խոնավություն չսիրող բույսերի դեպքում դրենաժի շերտը հաստացնում են (երբեմն ծաղկամանի բարձրության մեկ երրորդի չափով): Դրենաժի հաստ շերտ են ստեղծում ծաղկամանում առանց դրենաժային անցքերի և խոշոր խորը արկղերում: Դրենաժի վրա մի քիչ հող են ցանում` ՙբլրակ՚ և բույսի ստորին հատվածը իջեցնում ծաղկամանը` արմատները հավասարաչափ տարածելով ՙբլրակի՚ մեջ: Բույսը տեղավորում են ծաղկամանի ճիշտ կենտրոնում հետևյալ հաշվարկով. բույսի արմատները վերևից պետք է հողով ծածկված լինեն 1,5-2 սմ հաստության շերտով. ծառերի և թփերի արմատների վզիկները, ինչպես նաև խոտաբույսերի հարարմատային վարդակների աճման կետերը հողով չեն ծածկում. ծաղկամանը հողով մինչև պռունկը չեն լցնում, այլ ջրելու համար մի քիչ տեղ են թողնում (հողի մակերեսը ամանի պռունկից պետք է 1-1,5 սմ ցածր լինի):
Մի ձեռքով պահելով բույսը անհրաժեշտ մակարդակի վրա` ծաղկամանն աստիճանաբար լցնում են թարմ հողով` լցնելուն զուգահեռ թեթևակի թափահարելով այն և մատներով մի քիչ ամրացնելով. տնկելուց հետո բույսը ջրում են: Սակայն արմատների փտելու պատճառով խիստ վնասված բույսերը, որոնք վերատնկելիս հարկ է եղել մեծ քանակությամբ արմատ հեռացնել, տնկելուց անմիջապես հետո չեն ջրում, այլ զգուշավոր ջրումը վերականգնում են մի քանի օր հետո: Կակտուսները նույնպես վերատնկելուց 3 օր հետո են ջրում:
Հարց 1. Ինչո±ւ է անհրաժեշտ բույսը վերատնկել հատկապես գարնանը:
Գարնանը բույսերը սկսում են աճել, դրանք ուժեղացված սնուցման կարիք են զգում, իսկ արմատները` առավել ընդարձակ տարածք: Նոր արմատները այդ շրջանում ավելի հեշտ են ընտելանում նոր ծաղկամանին: Ուստի մարտ-ապրիլ ամիսներին (ծայրահեղ դեպքում` մայիսին) պետք է զբաղվել ծաղիկների վերատնկմամբ:
Հարց 2. Պարտադի±ր է բույսերի վերատունկը:
Ոչ, վերատնկել պետք է միայն այն դեպքում, երբ անհրաժեշտություն է առաջացել: Այլապես չարժե ձեռք տալ բույսին: Վերատնկման առաջին պատճառն այն է, որ տվյալ ծաղկամանն արդեն նեղ է բույսի համար: Վերատնկման ազդանշանը հողի չափից ավելի արագ չորանալն է ջրելուց հետո, դա նշանակում է, որ արմատները տարածվել են ամբողջ ծավալով, և ծաղկամանն արդեն նեղ է: Նախ բարձրացրեք ծաղկամանը և զննեք դրենաժային անցքը: Եթե այդ անցքից արմատներ են երևում, ապա եթե չվերատնկեք, մեծ է հավանականությունը, որ արմատների ծայրերը կչորանան:
Հարց 3. Ե±րբ է ավելի նպատակահարմար սկսել վերատունկը:
Սովորաբար բույսը վերատնկում են ջրելու հաջորդ օրը, քանի որ այդ պահին հողը ծաղկամանում չպետք է թաց լինի, այլ` խոնավ:
Հարց 4. Ինչպիսի± ծաղկաման ընտրել:
Թե ինչ տեսքով ծաղկամանում կվերատնկեք բույսը, ճաշակի հարց է: Հարմար են թե° հախճապակե, թե° պլաստիկ, թե փայտե° ամանները: Շատ ավելի կարևոր են չափսերը և ձևը: Փոքր ծաղկամանները` մինչև 10 սմ տրամագծով, պետք կգան արմատախիլ արված շիվերի համար: Հետագայում վերատնկելիս ծաղկամանը փոխեք ավելի մեծով միայն այն դեպքում, եթե բույսի արմատները ընդգրկել են ամբողջ հողակտորը և դրենաժային անցքից դուրս եկել: Նոր ծաղկամանի տրամագիծը պետք է նախորդից ընդամենը 1-2,5 սմ-ով մեծ լինի:
Հարց 5. Կարելի± է բույսը հին ծաղկամանում տնկել:
Եթե բույսի արմատներն այնքան էլ զարգացած չեն (դրա ծայրերը համարյա չեն երևում հողի մակերեսից, ապա կարելի է տնկել նաև հին ծաղկամանում: Պարզապես այն պետք է տաք ջրով լվանալ և մի քիչ չորացնել):
Հարց 6. Կարելի± է օգտագործել ծաղկամանն առանց տակդիրի:
Ծաղկամանների հետ վաճառվող տակդիրների հիմնական թերությունն այն է, որ չափից ավելի կիպ են կպչում ծաղկամանին և ջրելուց հետո ջրի հոսելու տեղ չեն թողնում: Եթե հախճապակե տակդիրներ եք գնում, ապա պետք է ընտրել ամուր, ներսից ու դրսից ջնարակով պատվածները: Մյուսները հաճախ ջուր են թողնում: Պլաստիկ տակդիրներն այդ թերությունը չունեն: Բացի այդ, դրանք թեթև են և չեն ջարդվում:
Հարց 7. Կարելի± է օգտագործել անցած տարվա հողը:
Եթե ձեզ մոտ հող է պահպանվել անցած տարվանից, ապա այն ամենայն հավանականությամբ չոր է, այդ վիճակում այն վերատնկման համար պիտանի չէ: Այն կարելի է լցնել թասի մեջ և վրան մի քիչ տաք ջուր լցնել և լավ խառնել, որպեսզի գուղձեր չմնան: Անհրաժեշտության դեպքում մի քիչ էլ ջուր ավելացրեք և նորից խառնեք: Պատրաստի սուբստրատը պետք է մի քիչ խոնավ լինի, փոշի չարձակի, բայց և սեղմելիս գունդ չդառնա: Հողից քարերը հեռացրեք և ձեռքերով գուղձերը տրորեք:
Հարց 8. Ի±նչ է դրենաժը:
Դա փխրուն շերտ է ծաղկամանի հատակին, որն անհրաժեշտ է ավելորդ խոնավությունը վերացնելու համար: Առանց դրենաժային շերտի թաց հողը, կպչելով ծաղկամանի հատակին, կթթվի: Բույսը կարող է չորանալ:
Հարց 9. Ինչպե±ս պատրաստել դրենաժը:
Դրենաժը պատրաստելու համար անհրաժեշտ են խեցեփշուրներ, ինչպես նաև խոշոր ավազ կամ կերամզիտ, շատ ավելի լավ է թե° մեկը, թե° մյուսը: Խեցեփշուրների համար զոհաբերեք որևէ հին կավե ծաղկաման: Փշուրների չափսերը կախված են դրենաժային անցքի մեծությունից, սովորաբար` 2-5 սմ տրամագծով: Դրանք չպետք է չափազանց ուռուցիկ լինեն, այլապես դրանց ծայրերը, լավ չհպվելով հատակին, շատ ջրի դեպքում հող կհոսեցնեն: Ամենայն հավանականությամբ, գետի ավազ կամ կերամզիտ ձեռք բերելիս խնդիրներ չեք ունենա: Ցանկալի է, որ ավազը խոշոր լինի, ինչ վերաբերում է կերամզիտին, ապա մեծ տակառային բույսերի դեպքում ավելի լավ է օգտագործել դրա խոշոր տեսակը:
Հարց 10. Բուսերը վերատնկելու ի±նչ միջոցներ կան:
Տարբերում են բույսերի վերատնկման երեք միջոց:
Միջոց 1. Բույսերի վերատնկում, երբ արմատների համակարգն առավելագույնս մաքրվում է հին սուբստրատից:
Միջոց 2. Տեղափոխում, որի դեպքում հողակույտը արմատներով պահպանվում է: Այն զգուշությամբ հանում են ծաղկամանից, ապա տեղավորում նոր ծաղկամանի մեջ:
Միջոց 3. հողի վերին շերտի փոփոխում: Այս միջոցը այն բույսերի համար է, որոնք չեք կարող վերատնկել (օրինակ` չափսերի պատճառով): Այդ դեպքում փխրեցնում եք (եթե հարկ կա) հողի վերին շերտը, հեռացնում այն և նոր հող լցնում:
Հարց 11. Ինչպե±ս ճիշտ վերատնկել առողջ բույսը:
Գործեք հետևյալ սխեմայով.
1. Վերցրեք նոր ծաղկաման և դրենաժային անցքը (մի կամ մի քանի) փակեք խեցեփշուրով (ուոռւցիկ կողմով դեպի վեր), մի կտոր պենոպլաստով կամ մի քանի շերտ մոսկիտային ցանցով:
2. Հատակին դրենաժ շաղ տվեք (մանր կերամզիտ, խոշոր ավազ կամ պենոպլաստ 1-2 սմ հաստությամբ):
3. Շաղ տվեք հողի շերտը (1,5-2,5 սմ): Հողն այնքան պետք է լինի, որ ծաղկամանում տեղավորված արմատային գունդը լիովին ծածկվի և մինչև ծաղկամանի պռունկը 1-2 սմ մնա (որպեսզի ջրելու հնարավորություն լինի): Բայց և լրիվ խրել բույսերը, մանավանդ, օրինակ` արմավենիները, վտանգավոր է: Հողի մակարդակը պետք է բնի սահմանի մոտ լինի, այսինքն` արմատի վզիկից ներքև (բնի և արմատի անցման տեղերը): Արմատի վզիկը չպետք է հողով ծածկված լինի:
4. Բույսը հին ծաղկամանից դուրս քաշեք և ձեռքով զգուշորեն հեռացրեք հողը` աշխատելով չվնասել արմատը: Հողը կարելի է մաքրել նաև պատառաքաղով: Եթե արմատները ուժեղ են պատել հողակույտը, չոր մանր արմատները պետք է կտրատել սուր դանակով: Եթե արմատները թույլ են զարգացած և հազիվ են երևում հողակույտի մակերեսից, ապա հողը կարելի է մաքրել ավելի մանրակրկիտ` աշխատելով չնվնասել արմատները: Հաստ և քիչ ճյողավորված արմատները չպետք է ձեռք տալ, այլ միայն փտած լինելու դեպքում կտրել մինչև առողջ մասը և կտրվածքների վրա մանրացված ածուխ շաղ տալ:
5. Բույսը տեղադրեք ծաղկամանի ճիշտ կենտրոնում: Արմատները հավասարաչափ տեղավորեք ծաղկամանում:
6. Բույսը մի ձեռքով պահելով` մյուսով ( բահիկով կամ գդալով) կամաց-կամաց հող լցրեք և պնդացրեք` բութ մատի թմբիկով սեղմելով:
Ուշադրություն: Խոշոր նմուշներն ամուր են տնկում` հողը պնդացնելով մատներով: Բեգոնիան, սենպոլիան, էպիֆիլյումները, զիգոկակտուսները և բարակ ու նուրբ արմատներով մյուս բույսերը լավ են աճում առավել փուխր հողում: Գեղեցիկ ծաղկող բույսերի ամուր տնկումը հանգեցնում է առավել վաղ ծաղկման, իսկ փխրուն հողում` լավ աճի:
7. Լցնելով անհրաժեշտ տարածությունը` արդեն մատներով սեղմեք հողը:
8. Բույսը դրեք տակդիրի վրա:
9. Առատ ջրեք, քանի դեռ ջուրը չի հասել տակդիրին:
Ուշադրություն: Կակտուսները, բացառությամբ էպիֆիլյումների և զիգոկակտուսների, վերատնկումից հետո 3 օր չեն ջրում: Մնացած սենյակային բույսերը ջրում են նույն օրը:
10. Վերջում դրենաժի շերտ շաղ տվեք միկրոկլիմայի ստեղծման համար:
11. Մոտավորապես կես ժամ անց ավելորդ ջուրը թափեք, իսկ բույսը վերադարձրեք իր տեղը:
Հարց 12. Ինչպե±ս խնամել նոր վերատնկած բույսը:
Առաջին 1-2 օրը ռավել շոգ եղանակին, արևոտ լուսամուտի մոտ դրված ծաղիկները պետք է թեթևակի ստվերել: Այդ ժամանակ շատ օգտակար է հաճախակի ջուր ցողելը: Իսկ հաջորդ անգամ պետք է ջրել միայն այն ժամանակ, երբ հողի մակերեսը ծաղկամանում չորանա: Աճող բույսերը կարելի է 3-4 շաբաթը մեկ սնել հանքային պարարտանյութերի լուծույթով (15 գ ամիակի սելիտրա, 15 գ սուրպերֆոսֆատ և 10 գ կալիումի աղ 10 լ ջրում):
Օգտակար խորհուրդներ
գ Սենյակային բույսերը սնում են միայն աճման շրջանում (մարտ-օգոստոս):
գ Միսը լվանալուց հետո մնացած ջուրը հիանալի պարարտանյութ է սենյակային բույսերի համար:
գ Ձվի կճեպը լավ մանրացնելով և շաքարի փոշու հետ խառնելով` հիանալի պարարտանյութ կստանաք սենյակային բույսերի համար:

Դիտվել է 7956 անգամ:
Print Friendly

Leave a Reply