Ավագ դպրոցը խոչընդոտների առաջ. բողոքները շատ են, իսկ արդյունք դեռ չկա

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | October 16, 2009 19:29

Հայաստանում ավագ դպրոցների ստեղծումը վաղաժամ էր, քանի որ նախ պետք էր լուծել նյութատեխնիկական խնդիրները, ստեղծել անհրաժեշտ լաբորատորիաներ, գոնե, հինգ տարի փորձաշրջան անցած գրականություն, առնվազն վեց ամիս վերապատրաստված ուսուցիչներ եւ ապա ներդնել համակարգը: Այս կարծիքն է հայտնում Երեւանի թիվ 171 դպրոցի տնօրեն Արամ Սաֆարյանը:

«Եթե այդ ամենը թերի է, ավագ դպրոցը չի կարող դրական արդյունք տալ, ընդհակառակը, հասարակության մեջ այն բացասական ռեակցիա կառաջացնի,- կարծում է Սաֆարյանը,- ուստի` ես համոզված եմ, որ չի նվազի նա- կրկնուսույցների մոտ պարապողների թիվը»:
Սաֆարյանը կարծում է, որ ճիշտ կլիներ ավագ դպրոցի մոդելը ներդնել նախ մի քանի դպրոցներ եւ սխալների վրա սովորելով ու փորձ ձեռք բերելով` դարձնել մասսայական:

Հայաստանի Հանրապետությունում արդեն գործում է 48 ավագ դպրոց:

Արամ Սաֆարյանին եւս առաջարկվել է թիվ 171 դպրոցը դարձնել ավագ դպրոց, սակայն նա հրաժարվել է:

Ավագ դպրոցը նախամասնագիտական կրթություն ապահովող օղակ է, որը, ինչպես համոզված են ծրագրի պատասխանատուները, կնպաստի մասնավոր ուսուցման ինստիտուտի վերացմանը, աշակերտներին հավասար հնարավորություններ կընձեռի ստանալ անվճար որակյալ ուսուցում:
Տասներկուամյա հանրակրթական համակարգի իրականացումն սկսվել է 2006 թվականին, նախատեսվում է ավարտել` 2012-ին:

«Ավագ դպրոցների ստեղծումը պարզապես անհրաժեշտություն էր,- ասում է ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության միջնակարգ կրթության բաժնի գլխավոր մասնագետ, ավագ դպրոցների ստեղծման գործընթացի համակարգող Վանիկ Միսակյանը,- ամբողջ աշխարհը գնացել է դրան, մենք շատ ենք ուշացել»:

Սակայն, ինչպես շատ բարեփոխումներ, հնից նոր համակարգի անցում, ավագ դպրոցների ներդրման գործընթացը եւս հարթ ու ներդաշնակ չի ընթանում:

Ավագ դպրոցները պետք է ապահովված լինեն բարձրակարգ, վերապատրաստված մասնագետներով (ավագ դպրոցներում ուսուցիչների աշխատավարձը 20%-ով բարձր է), լավագույն նյութատեխնիկական բազայով, հիմնանորոգված դպրոցական շենքերով:
Ըստ Միսակյանի, դեռեւս վերջնականապես լուծված չեն այդ հարցերը:

«Լուրջ խնդիր է նաեւ աշակերտների տեղափոխման հարցը, քանի որ երեխաներն ու ծնողները չեն հարմարվում նոր միջավայր տեղափոխվելու մտքի հետ»,- նշեց նա:

Նման դեպք եղավ սեպտեմբերի մեկին, երբ Մասիսի թիվ երկու միջնակարգ դպրոցի մի խումբ աշակերտներ բողոքի ակցիա էին կազմակերպել` ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության շենքի մոտ, հրաժարվելով տեղափոխվել ավագ դպրոց:
Աշակերտները պնդում էին, որ Մասիս քաղաքի վեց միջնակարգ դպրոցներից որպես ավագ դպրոց ընտրված թիվ 6 միջնակարգ դպրոցը չի համապատասխանում ավագ դպրոցի պահանջներին, քանի որ այն քաղաքի ամենածայրամասային, ամենաանբարեկարգ եւ ամենացածր վարկանիշ ունեցող դպրոցն է:

Հարցը լուծվեց նրանով, որ աշակերտների մի մասին «համոզեցին» տեղափոխվել` հավաստիացնելով, որ քաղաքի տարբեր միջնակարգ դպրոցներից այդ դպրոց են հրավիրվելու բարձրակարգ ուսուցիչներ, իսկ շենքը հիմնովին վերանորոգվելու է: Մյուս մասին, ովքեր կտրականապես հրաժարվեցին տեղափոխվել ավագ դպրոց, հնարավորություն տրվեց այլ դպրոցներում ուսումը շարունակել (մինչ այդ, ծնողներից մեկի խոսքով, շրջանի մյուս դպրոցներում իրենց երեխաներից դիմումներ չէին ընդունում, որպեսզի նրանք ստիպված լինեին տեղափոխվել ավագ դպրոց):

Ըստ Վանիկ Միսակյանի, ավագ դպրոցների ստեղծման նախնական փուլում, հաշվի առնելով հեռավորության հետ կապված հնարավոր խնդիրները, նախատեսված է եղել աշակերտներին ապահովել անվճար տրանսպորտով, սակայն տնտեսական ճգնաժամի պատճառով ստիպված են եղել կրճատել այդ ծախսը:

Ավագ դպրոցների ընտրություն կատարելիս, հաշվի է առնվում դպրոցի աշխարհագրական դիրքը, թե ինչքան է մոտ տվյալ գոտու աշակերտներին, դպրոցական շենքի նախագծային հարմարությունները, կադրերի պատրաստվածությունը եւ այլն:

Վետերան մանկավարժ Գայանե Ազիզյանի կարծիքով, ավագ դպրոցների ներդրման գործընթացը շատ հապճեպ է կատարվում, որը մի շարք սխալների կարող է հանգեցնել.

«Մենք կրթական այդպիսի մի փորձաշրջանի արդյունքում արդեն մի ամբողջ սերունդ ենք կորցրել,- ասում է նա,- եւ սա եւս կարող է այդպիսի դառը փորձ լինել: Կարծում եմ, որ պետք է վերանայել նախ հիմնական դպրոցի դերը, քանի որ այնտեղից են գալիս բոլոր խնդիրները. ի՞նչ է պատրաստում դպրոցը` դիմորդ, թե՞ բազմակողմանի գիտելիքներով հարուստ անհատ: Եթե պարզապես դիմորդ, ապա այդ խնդիրները կշարունակվեն նախ ավագ դպրոցում, հետո` բուհում ու հետո էլ` կյանքում»:

Դիտվել է 2721 անգամ:
Print Friendly

Leave a Reply