Մեկնարկել է Մաթեմատիկայի միասնական քննությունը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 12, 2012 11:07

Մեկնարկել է Մաթեմատիկայի միասնական քննությունը: ՀՀ և ԼՂՀ 41 քննակենտրոններում այսօր մաթեմատիկայից քննություն է հանձնում 8957 դիմորդ: Այս առարկայի թեստերը ևս կազմված են  նախապես հրապարակված շտեմարանի հիման վրա: Շտեմարանում ընդգրկված է 6000 վարժություն:  Դիմորդները քննական 80 հարցերին պատասխանելու համար ունեն 3 ժամ:

ԵՊՀ քննակենտրոնում այսօր դիմորդների թիվը 359 է: Ի տարբերություն նախորդ քննությունների, այսօր դիմորդների թվում գերակշռում են տղաները: Շատերի համար սա արդեն երկրորդ քննությունն է:

Մարիա Խաչատրյանը Տնտեսագիտական համալսարանի դիմորդ է, արդեն իսկ քննություն հանձնել է հայոց լեզվից և գրականությունից` ստանալով 16: Մի քանի օրից էլ օտար լեզվից պիտի քննություն հանձնի: Մաթեմատիկան պարապել է կրկնուսույցի մոտ, լավ ուսումնասիրել են նաև շտեմարանը:  Մարիան նշում է, որ շտեմարանային թեստերը կանխատեսելի են, անակնկալներ չկան, բայց «մաթեմից մի քիչ դժվարանում եմ, չգիտեմ, թե ինչ կստանամ»:

Հովսեփյան Հարությունն էլ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի դիմորդ է, այսօր առաջին քննությունն է հանձնում: Մեկ տարի պարապել է կրկնուսույցի մոտ, շտեմարանն էլ ուսումնասիրել են: Հարությունի կարծիքով թեստերը պետք է  որ լինեն միջին բարդության, ինչպես և շտեմարանի առաջադրանքներն են:

Հովհաննիսյան Մարիամը Ճարտարագիտական համալսարանի դիմորդ է, չնայած առաջին քննությունն է հանձնում, չի հուզվում. «Վստահ եմ ուժերիս վրա»: Ասում է, որ որոշակի վստահություն ներշնչում է նաև այն, որ թեստերը շտեմարանի հիման վրա են լինելու, բայց «ավելի շատ ընդհանուր գիտելիքների վրա եմ հիմնվում, քան շտեմարանների»:

Թաթուլ Ղազարյանը ՌԴ ուսումնական հաստատություն է դիմել, ապագա հրետանավոր է, արդեն իսկ քննություն է հանձնել ռուսերենից և չի դժգոհում: Մաթեմատիկայի համար կրկնուսույցի մոտ չի պարապել, բայց վարժարանում շտեմարանն ուսումնասիրել են: «Թեստերը կստանանք, ամեն ինչ պարզ կլինի, պետք է, որ լավ լինի»,- ասում է Թաթուլը` հավելելով, որ կուզենար, որ ռուսերենն էլ շտեմարանով լիներ: Բայց նաև նշում է, որ շտեմարանային առաջադրանքները անգիր անելու փորձեր չի արել , հիմնվելու է հիշողության ու գիտելիքների վրա:

ԵՊՀ քննակենտրոն էր այցելել նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Աշակերտների հետ զրույցում հարցնում է, թե արդյոք շտեմարաններից դժգոհողներ կան, սակայն նման դիմորդներ չեն գտնվում:

Դիտվել է 1706 անգամ:
Print Friendly

Leave a Reply