Բակերի բարեկարգումը` ծրագրային առաջնահերթություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 11, 2012 15:26


“Մայրաքաղաքի բակերի բարեկարգումը անընդհատ աշխատանք է և պետք է խիստ հետևողականությամբ իրականացվի բոլոր վարչական շրջաններում”,- հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ շեշտել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետն այս համատեքստում հանձնարարել է ավարտել բակերի բարեկարգման աշխատանքներն ու օր առաջ բակերը հանձնել բնակիչներին. “ Մենք հայտարարել ենք, որ առաջիկա տարիների ընթացքում պետք է հասնենք նրան, որ մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգ և, ծառայեն փոքրերին որպես խաղահրապարակ, իսկ մեծերի համար էլ լինեն հաճելի հանգստի գոտի: Բակային տարածքների բարեկարգումը պետք է լինի վարչական շրջանների ղեկավարների ամենօրյա ուշադրության կենտրոնում”,- նշել է Տարոն Մարգարյանը:

Զեկուցվել է, որ 2011 թվականի ընթացքում մայրաքաղաքի փողոցներում իրականացված ճաքալցման և ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման աշխատանքներն անորակ և թերի կատարած կազմակերպությունները շարունակում են սեփական միջոցներով վերացնել ասֆալտբետոնե ծածկի թերությունները:
Քաղաքապետը հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքին` խստորեն հետևելով սահմանված ժամանակացույցի պահպանմանն ու աշխատանքների որակին:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են վարչական շրջաններ –համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում. “Խստորեն հետևեք կատարվող աշխատանքների ինչպես ծավալներին այնպես էլ որակին: Չստացվի այնպես, որ մի փոքրիկ անկյուն ներկելով համարեն, թե շքամուտք են վերանորոգել: Այս հարցում համագործակցեք նաև “Հայաստանի Էլեկտրական Ցանցեր” ընկերության հետ, որպեսզի նրանք էլ իրենց հերթին շքամուտքերում իրականացնեն մալուխային տնտեսության կարգավորման աշխատանքները: Կատարված աշխատանքի արդյունքը պետք է լիարժեք լինի”,-նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում կմեկնարկեն Հյուսիսային պողոտայի բարեկարգման, կանաչապատման և արտաքին լուսավորության ցանցի նորացման աշխատանքները, ինչի արդյունքում պողոտայում մոտ երեք անգամ կավելանան կանաչ տարածքները, կփոխարինվեն սալիկներն ու նոր լուծումներ կտրվի արտաքին լուսավորությանը: Հանձնարարվել է ծրագրին մասնակից դարձնել նաև պողոտայի տարածքում գտնվող օբյեկտների սեփականատերերին:

Այգիներում և պուրակներում գիշերային լուսավորություն ապահովելու նպատակով ևս հանձնարարվել է աշխատանքներին մասնակից դարձնել նաև տարածքները վարձակալած տնտեսվարողներին:

Զեկուցվել է, որ համապատասխան իրավական քայլեր են ձեռնարկվել պարտադիր բարեկարգման նորմերը չպահպանող մի շարք տնտեսավարող սուբյեկտների հետ վարձակալական պայմանագրերը դադարեցնելու ուղղությամբ:

Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքը մասնավոր այն ընկերությունների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել ներդրումային ծրագրերի շրջանակում աջակցել մայրաքաղաքում գույքագրված և վերագործարկման ենթակա շատրվանների վերանորոգման հարցում:
Վարչական շրջանների տարածքներում իրականացվող ոռոգման համակարգի գույքագրման արդյունքում վարչական շրջաններից առաջարկություններ են ներկայացվել ինչպես կապիտալ, այնպես էլ ընթացիկ վերականգնման աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ: Խնդրին համապարփակ լուծում տալու նպատակով քաղաքապետը հանձնարարել է շարունակել գույքագրման աշխատանքները: Զեկուցվել է, որ նոր պոմպակայանի տեղադրման և մետրոպոլիտենի կայարաններում կուտակվող ջրային պաշարների օգտագործման միջոցով լուծվել է Տիգրան Մեծ պողոտայի կանաչ գոտիների ոռոգման հարցը:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ ամենօրյա վերահսկողությունը: Արձանագրված խախտումների մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Նաև զեկուցվել է, որ մայրաքաղաքի երթուղիներում գործող ավտոբուսներում քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են WiFi կապով ապահովելու ուղղությամբ աշխատանքները:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է WiFi կապով ապահովել նաև մայրաքաղաքի մարդաշատ վայրերը, այգիներն ու պուրակները:

Զեկուցվել է, որ գեղարվեստական խորհրուրդը հավանություն է տվել Կարա Բալայի արձանը Աբովյան փողոցում վերատեղադրելու հարցին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 832 անգամ:
Print Friendly

Leave a Reply