Թուրքիան և Ռուսաստանը կունենան շահերի բախում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 11, 2012 14:38


“Ադրբեջանը պետք է վճարի իր սխալ պահվածքի գինն ու պատժվի իր կեցվածքի համար”,- այսօր լրագրողնրի հետ հանդիպմանը հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
“Քլինթոնի տարածաշրջանային այցը խանգարվեց ադրբեջանական հարձակումների պատճառով: Հատկանշական է այն, որն իր այս այցի ժամանակ նա այցելեց նաև Թուրքիա: Սա նոր մակարդակ է քուրք-ամերիկյան հարաբերություններում, որտեղ մենք տեսնում ենք առաջընթաց` պայմանավորված երկու գործոներով` առաջինը Սիրիայի գործոնն է, երկրորդը` Իրանի”,- նկատում է քաղաքագետը:
Ինչ վերաբերում է Սիրիային, ապա Թուրքիան ակտիվորեն աջակցում և ռազմամթերք է մատակարարում ապստամբներին, միաժամանակ Ռուսաստանը ռազմամթերք է մատակարարում Ասադի կառավարությանը, ուստի, բանախոսի կարծիքով, Թուրքիան և Ռուսաստանը կունենան շահերի բախում: Ռուս-թուրքական հարաբերությունները դեռևս լարված են և օրհասական, որն ուղղակիորեն ազդեցություն է ունենում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
Կիրակոսյանն ասաց նաև, որ Քլինթոնը իր Թուրքիա կատարած այցի ժամանակ` անցյալ հինգշաբթի և ուրբաթ օրերին, մասնակցել է Համաշխարհային հակաահաբեկչական ֆորումին, որը Թուրքիան օգտագործեց որպես միջոց մեծացնելու և բարելավելու իր դիրքը մերձավոր արևելյան տարածաշրջանում:
“Սակայն թուրքիայում այդ նույն երկու օրերին տեղի էր ունենում իրադարձություն, որը կազմակերպել էր թուրքական կառավարության կողմից: Դա մի փորձ էր` կազմակերպելու նոր թուրքական զորքը”,- հավելեց բանախոսը:
Ըստ Կիրակոսյանի` թուրքական կառավարությունը փորձում է միավորել 6.5 մլն թուրքական սփյուռքը, և այս առումով հետաքրքրական է այն հանգամանքը, որ այս փորձն ուղղված է հայկական սփյուռքի դեմ. “Սա նշանակում է, որ Հայաստանի սփյուռքի նախարարությունը պետք է ուշադրություն դարձնի այն գործողություններին, որոնք ուղղված են Հայկական սփյուռքի դեմ”:
Նա նաև նշեց, որ Թուրքիայում Քլինթոնի այցի հետ համընկած այդ միջոցառմանը մասնակցում էին թուրքական սփյուռքից ժամանած շուրջ 500 խմբեր, և այստեղ կարևոր էր այն հանգամանքը, որ հինգ նախարարներ և երկու փոխնախարարներ ևս ընդգրկված էին այդ միջոցառման մեջ: Ուստի, Կիրակոսյանը կարծում է, որ մեր Սփյուռքի նախարարությունը պետք է քայլեր ձեռնարկի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայկական սփյուռքի դեմ ուղղված գործողություններին: Ուշադիր պետք է լինի նաև Ազգային անվտանգության խորհուրդը:
Վահե Մակարյան

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply