50 միլիոն դրամով տուգանվեց դեղերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող խոշորագույն `«Նատալի ֆարմ» ընկերությունը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 11, 2012 14:26
 Այսօր` հունիսի 11-ին, ՏՄՊՊՀ-ի նիստում ամփոփեցին դեղերի գծով պետական գնումների ոլորտում իրականացված վարչական վարույթի արդյունքները. Դեղերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող խոշորագույն ընկերությունը`«Նատալի ֆարմը» տուգանվեց 50 միլիոն դրամի չափով
 Հիշեցնենք, որ Հանձնաժողովը ստացել էր դիմում բողոք` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավորներ Ա. Բախշյանից և Ս. Սաֆարյանից այն  մասին, որ դեղերի գծով պետական գնումների ոլորտում հակամրցակցային գործողություններ են իրականացվում, որոնց արդյունքում դեղերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Սզնի» ընկերության համար շուկայում ստեղծվում են մուտքի խոչընդոտներ:
Բողոքի հիման վրա ՏՄՊՊՀ-ը վարչական վարույթ էր հարուցել և վարույթի ընթացքում կատարված լայնածավալ ուսումնասիրության ընթացքում պարզել, որ դեղերի իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ և բուժհաստատություններ, խախտելով պետական գնումների ընթացակարգերը, իսկապես իրականացրել են հակամրցակցային գործողություններ: Մասնավորապես Հանձնաժողովի կողմից բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, երբ բուժհաստատությունները ընդհանրապես մրցույթներ չեն հայտարարել այն դեպքում, երբ դա օրենքի պարտադիր պահանջն է: Մի շարք դեպքերում էլ կազմակերպված մրցույթները կրել են ձևական բնույթ: ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրություններով հայտնաբերվել են նաև դեպքեր, երբ դեղերի առքուվաճառքով զբաղվող ընկերությունը մրցույթից հետո բուժհաստատություներին կատարել է նվիրատավություն, ինչի արդյունքում խաթարվել է մրցութային գործընթացը և մրցույթը հայտարարող բուժհաստատությունը, գնման պահանջի վերացման պատճառաբանությամբ պայմանագիր չի կնքել մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության հետ:
 Ամփոփոլով վարչական վարույթի արդյունքները, Հանձնաժողովը հետևյալ 7 տնտեսվարողների և շուրջ երեք տասնյակ բուժհաստատություների գործողություները ճանաչեց որպես հակամրցակցային:
Այդ տնտեսվարողներն են. Նատալի ֆարմ ՍՊԸ, Եվրոֆարմ ՍՊԸ, Ռուսֆարմ ՍՊԸ, Ամիկուս ՍՊԸ, Էգդանի ՍՊԸ, Մեգի Էլ ՍՊԸ , Կամելիա ՍՊԸ, Անիկոֆարմ ՍՊԸ, Ա/Ձ Հրանտ Գևորգյան
Բուժհաստատություններ
 Երևանի թիվ 20 պոլիկլինիկա, Երևանի թիվ 19 պոլիկլինիկա, Սևանի հիվանդանոց, Տաշիրի բժշկական կենտրոն, Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա, Գուգարքի կենտրոնական պոլիկլինիկա, Սպիտակի բժշկական կենտրոն, Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա, Ստեփանավանի բժշկական կենտրոն, Երևանի թիվ 22 պոլիկլինիկա, Չարենցավանի բժշկական կենտրոն, Վեդու ծննդատուն, Հրազդանի բժշկական կենտրոն, Երևանի թիվ 4 պոլիկլինիկա, Վեդու բժշկական կենտրոն, Աբովյանի ծննդատուն, Դիլիջանի բժշկական կենտրոն, Իջևանի առողջության կենտրոն, Մեծամորի բժշկական կենտրոն, Վաղարշապատի հիվանդանոց, Երևանի թիվ 5 պոլիկլինիկա, Նոյեմբերյանի հիվանդանոց, Մարտունու ծննդատուն, Աբովյանի բժշկական կենտրոն, Արարատի հիվանդանոց, Մարտունու բժշկական կենտրոն, Քաջարանի բժշկական կենտրոն, Արմավիրի բժշկական կենտրոն:
 Քանի որ Հանձնաժողովը այս ոլորտում առաջին անգամ էր նման ուսումնասիրություն իրականացնում և, հաշվի առնելով, որ բացի «Նատալի ֆարմից» մնացած բոլոր ընկերությունները ունեն անհամեմատ փոքր ծավալներ և շատերը տեղեկացված չեն ոլորտի օրենսդրական պահանջներից, ՏՄՊՊՀ նիստում որոշվեց խիստ նախազգուշացում հայտարարել նրանց նկատմամբ, քանի որ վերջինները իրենց վարքագծով սահմանափակել են մրցակցությունը և բարենպաստ պայմաներ են ստեղծել տնտեսվարողների հակամրցակցային գործողությունների համար: Հանձնաժողովը պարտադրեց վերջիններիս  այսուհետ ձեռնպահ մնալ նման վարքագծի դրսևորումից, կատարել օրենքի պահանջը` դեղորայքի և բուժական պարագաների ձեռքբերումն իրականացնելով բացառապես մրցույթով:
 «Նատալի ֆարմը» դեղերի ներկրման և իրացման ոլորտի ամենախոշոր ընկերությունն է, այս շուկայում զբաղեցնում է գերիշխող դիրք: ՏՄՊՊՀ նիստում որոշվեց գերիշխող դիրքի չարաշահման համար «Նատալի ֆարմ» ընկերության հանդեպ կիրառել տուգանք`  50 միլիոն դրամի չափով և պարտադրել, որպեսզի ընկերությանը վերացնի և հետագայում բացառի նման վարքագիծը:
Ի դեպ, այս ոլորտում գործող որոշ տնտեսվարողներ իրենց գոհունակությունն են  հայտնել Հանձնաժողովին`տեղեկացնելով, որ առկա խնդիրները մեծ չափով կարգավորվել են. Բուժհաստատություններն արդեն իսկ օրենքով սահմանված կարգով մրցույթներ են անցկացնում, իսկ տնտեսվարողներն էլ պատշաճ ձևով մասնակցում են մրցույթներին:
 ՏՄՊՊՀ-ը ուսումնասիրությունների ողջ փաթեթը կուղարկի նաև պետական այլ գերատեսչությունների 
Նշված բուժհաստատությունները հանդիսանում են պետական բժշկական հիմնարկներ են և նրանց վարքագիծը բացի մրցակցության սահմանափակումից հանգեցրել է նաև պետական բյուջեի միջոցների անարդյունավետ օգտագործման: Հաշվի առնելով վերոնշյալը,  Հանձնաժողովի որոշմամբ նրանց գործերը կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ Վերահսկիչ պալատ և ՀՀ ֆինանսների նախարարություն:
Նիստի ավարտին  ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը կոչ արեց բոլոր տնտեսվարողներին հետևել «Սզնի» ընկերության օրինակին և մրցակցային խնդիրների առնչվելիս` տեղեկացնել Հանձնաժողովին:  Ա.Շաբոյանը նաև նշեց, որ հրապարակային անցկացվող նիստերի նպատակը նաև այն է, որ թե տնտեսվարողները և թե շարքային քաղաքացիները տեղեկացված լինեն ինչպես իրենց իրավունքների, այնպես էլ Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ և չհապաղեն դիմել ՏՄՊՊՀ-ին` վստահ լինելով, որ իրենց դիմումն անմիջապես ընթացք կստանա;
 Տեղեկացնենք նաև, որ Պետական գնումների մասին օրենքում առկա սողանցքները փակելու և այս ոլորտի օրենսդրությունը բարելավելու նպատակով,  Հանձնաժողովը մի շարք օրենսդրական առաջարկներ է մշակել, որոնք կուղարկվեն ՀՀ ֆինանսների նախարարություն:
 Պետական գնումների ոլորտում կատարված ուսումնասիրություններն այսքանով չեն սահմանափակվում, դրանք շարունակվում են և առաջիկայում կլինեն նոր բացահայտումներ:
Դիտվել է 868 անգամ:
Print Friendly

Leave a Reply