Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը չոր հացադուլ է հայտարարել

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 11, 2012 14:24

Այսօրվանից ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը չոր հացադուլ է հայտարարել. նա հրաժարվել է, անգամ, ջրից:

Արդեն 16 տարի անազատության մեջ գտնվող 36-ամյա դատապարտյալն արդեն հույսը կտրել է արդարությունից ու արդարադատությունից: Սակայն ազատության մեջ գտնվող նրա բազմաթիվ աջակիցներն ու պաշտպանները կոչ են անում հրաժարվել հացաջրադուլից, քանի որ հույսը դեռ մեռած չէ:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին Մհեր Ենոքյանի քայլն անհանգստացրել է՝ նախ իր անձնական պատասխանատվությունից ելնելով. «Երբ երկրորդ փախուստից հետո հանդիպեցի Մհերի հետ, նա հոգեբանական շատ բարդ վիճակում էր,-հիշում է  նա,-ասում էր, որ միևնույնն է՝ ինքնասպանություն է գործելու, արցունք էր գալիս աչքերից: Ես այդ ժամանակ նրան խոստացա, որ երբ որ համոզվեմ, որ բոլոր դռները փակ են, և այլև հույս չկա նրան ազատելու, կասեմ, իսկ մինչ այդ, խնդրեցի հույսով սպասել»:

Նշենք, որ Մհեր Ենոքյանիչ քրեական գործում նոր հանգամանքներ են ի հայտ եկել, և այժմ մեկուկես ամիս է՝ գործը գտնվում է վճռաբեկ դատարում, սակայն դատարանը այն վարույթ դեռ չի ընդունել:

Իշխանյանը ցավով է խոսում Հայաստանում մարդկանց ճակատագրի նկատմամբ իշխանությունների անտարբերությունից, հատկապես այն դեպքում, երբ մեր երկրում դատական իշխանությունը խիստ անկատար է: «Երբ դու փաստեր ես ներկայացնում, այնպիսի սառն անտարբերություն են ցուցաբերում, կարծես բացարձակ մարդկանց ճակատագիրն իրենց չի հետարքրում, և դա այն դեպքում, երբ Հայաստանի դատական անկատարության մասին խոսում են ոչ միայն միջազգային կազմակերպությունները, այլև հենց իշխանությունները՝ Նախագահի մակարդակով»,-նշում է նա:

Գործը չվերանայելու վերաբերյալ Ավետիք Իշխանյանն իր համոզմունքն ունի.  իշխանությունները չեն ուզում ընդհանրապես ցմահ դատապարտյալների հարցով զբաղվել՝ համարելով, որ ամեն ինչ ճիշտ են արել, և գործերը փակված են. «Չեն ուզում իրենց սխալն ընդունել, կարծես երկու ոտքը մի մաշիկի մեջ դրած լինեն»,-նկատում է Իշխանյանը:

Նրա կարծիքով, քրեական օրենսգրքում տեղի ունեցած վերջին փոփոխությունները հիանալի հնարավորություն էին ցմահների գործերը վերանայելու և որոշների դատավվճիռները փոփոխության ենթարկելու համար: «Նոր օրենքն ունի և՛ խստացնան, և՛ մեղմացման միտում, սակայն բոլորի դեպքում խստացման որոշում կայացվեց, և գործերը փակվեցին»,-ընդգծեց իրավապաշտպանը:

Իշխանյանը համոզված է, որ Մհերի գործով արդար դատավարության դեպքում իրավիճակը կփոխվի՝ նշելով, որ պետք է հաշվի առնել այն, որ դատավարությունը տեղի է ունեցել 16 տարի առաջ, և որ դատավարության հետ կապված բազմաթիվ կասկածելի հանգամանքներ կան:

Մհերի մայրը դեռ հնարավորություն չի ունեցել որդու հետ խոսելու, իսկ նրա վերջին քայլ մասին տեղեկացել է նրա դիմումներից և հայտարարություններից. «Մհերը կամքով ուժեղ է և հավատ ունի, բայց, ըստ երևույթին, արդեն հույսը կտրել է,-որդու քայլն այսպես է մեկնաբանում նա,-16 տարի շարունակ բոլոր դռները թակել ենք, բայց կանգնել ենք բետոնե պատի առջև»:

Նա իր որդուն կոչ արեց դադարեցնել չոր հացադուլը, քանի որ հույսը դեռ մեռած չէ՝ միաժամանակ նշելով, որ մեր երկրում իրավական համակարգը մեռած է:

«16 տարի առաջ մեկ մարդու փոփոխվող ցուցմունքով Մհերին դատապարտեցին մահապատժի, և արդեն տարիուկես է՝ բազմաթիվ մտավորականներ, գիտնականներ, փաստաբաններ ստորագրել են ներման կամ գործի վերանայման խնդրանքով գրված դիմումների տակ,-ասաց ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամ Զարուհի Մուրադյանը-եթե մեր դատական համակարգն իրեն ուժեղ է համարում, պետք է մեկ անգամ հետ նայի և վերանայի գոնե ցմահ դատապարտյալների գործերը»:

Նա նաև նշեց, որ Հանրապետության նախագահին ուղղված իրենց նամակները տեղ չեն հասնում:

Զարուհի Մուրադյանը տեղեկացրեց, որ 3 ամիս առաջ նախաձեռնությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների փաթեթով՝ հանդիպելով ԱԺ ներկայացուցիչների հետ:

Այդ առաջարկներից մեկն էլ այն է, որ մինչև 21 տարեկանում կատարած հանցագործությունների դեպքում ցմահ ազատազրկում չկիրառվի: «Եվրոպական շատ երկրներում համարվում է, որ մինչև 21  տարեկան երիտասարդը դեռ հասուն չէ, և ցմահ չի կարելի դատապարտել,-նշեց նա,-մարդուն պետք չէ ողջ-ողջ թաղել, այլ պետք է մի փոքր հույս թողնել՝ հասարակություն վերադառնալու»:

Դիտվել է 1087 անգամ:
Print Friendly

Leave a Reply