ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյան. «Էլ մեր ինչի՞ն են պետք Աղդամն ու Հորադիսը…»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 22, 2009 14:24

Մկրտիչ ՄինասյանՀՀԿ խորհրդի անդամ Մկրտիչ Մինասյանը համոզված է, որ թուրքական կողմից արվող` նախապայմաններով լի հայտարարությունները ներքին լսարանին, մասնավորապես՝ կրտսեր եղբայր Ադրբեջանին հանգստացնելու համար են, ուստի Հայաստանը չպետք է կառչի դրանցից:

«Թուրքիան տարիներ շարունակ երկու նախապայման էր դնում Հայաստանի առջև` ասելով, որ դրանք չլուծվելու դեպքում Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի,-ասաց Մինասյանը,-բայց այսօր Թուրքիան առանց նախապայմանների հարաբերություններ է հաստատում Հայաստանի հետ.  բա պետք է մի բան ասի՞, թե չէ` իր լսարանին հանգստացնելու համար»:

Շրջանառվող այն վարկածը, թե Հայաստանը պատրաստ է ԼՂՀ ազատագրված 5 տարածքները վերադարձնել Ադրբեջանին, Մինասյանը պարզապես լուրեր համարեց: Ըստ նրա, սակայն, եթե Ղարաբաղի անկախության ճանաչման ու ինքնորոշման հարցը դրվի, ապա կարելի է զիջումների գնալ.

«Էլ մեր ինչի՞ն են պետք, օրինակ, Աղդամն ու Հորադիսը: Հո աշխարհի աչքը չե՞նք ծակելու»,- ասաց նա:

Մինասյանը կարծում է, որ Թուրքիան գիտակցում է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործում զիջումների գնալու անհրաժեշտությունը, ուստի, ըստ նրա, վաղ թե ուշ ընդունելու է նաև Ցեղասպանությունը:

«Միգուցե իմ սերունդը դա չտեսնի, բայց եկող սերունդներն անպայման ականատես են լինելու, թե ինչպես է Թուրքիայի նախագահը ծաղիկներ դնում Ցեղասպանության զոհերի հուշարձանին»,-հույս հայտնեց Մինասյանը:

Մինասյանը համոզված է նաև, որ Սփյուռքի բացարձակ մեծամասնությունը կողմնակից է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատմանը:

Դիտվել է 1431 անգամ:
Print Friendly

Leave a Reply